Home / Բնապահպանություն / Սևանի պոտենցիալ թունավորողը դատարանից ժամանակ է խնդրել

Սևանի պոտենցիալ թունավորողը դատարանից ժամանակ է խնդրել

Ամուլսարի հանքը շահագործելու «Լիդիան֊Արմենիա» օֆշորային կազմակերպությանը տված Կառավարության թույլտվութունները վիճարկող Գնդեվազ գյուղի բնակիչկները այսօր դատարանին միջնորդել են նոր փորձաքննություններ նշանակել։

Հայցվորները նախկինում դիմել  էին դատարան, բողոքարկելով Բնապահպանության նախարարության տված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը, սակայն դատարանը վճռել էր, որ այդ եզրակացությունները վարչական ակտեր չեն, այլ թույլտվության տրման ապացույցներ միայն, ուստի չեն կարող վիճարկվել Վարչական դատարանում։

Գնդևազցիների փաստաբան Հայկ Ալումյանը այսօր նոր փորձաքննության միջնորդությունը ներկայացնելուց հետո Epress.am֊ին ասել է, որ իրենք այդ վճռից հետո են որոշել այս քայլին դիմել։ «Եթե դրանք Բնապահպանության նախարարության ապացույցներ են, ապա մենք ցանկանում ենք ունենալ նաև մեր ապացույցները, որ դատարանը գա եզրակացության՝ որ ապացույցն է ճիշտ:  Կարծում եմ, մեր միջնորդությունը անսպասելի էր պատասխանող կողմի համար»։

Միջնորդությունը  պահանջում է նոր փորձաքննություն անցկացնել, որը պետք է պատասխանի 5 հարցերի և դրանց ենթահարցերի, այդ թվում՝ արդյոք Ամուլսարի շահագործման ներկայացված ծրագիրը կարող է բացասական լինել Սևանա լճի և ավազանը սնող ջրաղբյուրների համար։ Եթե այո, ապա ինչ միջոցներ է  հանքաարդյունաբերողը ձեռնարկելու այդ ազդեցությունները բացառելու համար։ Արդյոք ծրագրով նախատեսված է ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութերի օգտագործում։ Եթե այո, որոնք են այդ նյութերը, արդյոք նախատեսվող գործողության տարածքում  առկա են Կարմիր գրքում գրանցված բույսերի աճելավայրերը և այլն։

«Դրանք բոլորը մեր հայցի հիմքում ընկած հանգամանքները հաստատելու կամ հերքելու համար են նախատեսված», ֊ դատարանում ասել է Ալումյանը։

Դատավոր Կարեն Զարիկյանը հարցրել է՝ արդյոք կողմը գիտակցում է, որ այս  ծավալի փորձաքննություն անցկացնելը շատ թանկ կարող է լինել, և գործի բացասական ելքի դեպքում, հայցվորը պետք է հոգա այդ ծախսերը։

Ալումյանը պատասխանել է, որ իրենք հաջորդ նիստին կներկայացնեն  փորձագետների անունները, որոնք կոմպետենտ են հետազոտել նախագիծը և դա պատրաստ են անել անվճար, կամ  էժան գներով։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյանը և որպես երրորդ կողմ ներգրավված «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչ Սայաթ Բադալյանը ժամանակ են խնդրել դատարանից՝ միջնորդության մասին կարծիք հայտնելու համար։ Դատը հետաձգվել է։

Հայկ Ալումյանի խոսքով՝ կողմի իրավունքն է ժամանակ պահանջել․ «Գուցե իրենք իրենց հարցերն են ավելացնում։ Գուցե ասում են, որ այո, մենք օգտագործելու ենք ծանր մետաղներ, փորձաքննության կարիք այդ մասով չկա»։

Ըստ փաստաբանի՝ դատն առայժմ ընթանում է «ցիվիլ» կերպով։