Home / Բանտ / Գևորգ Սաֆարյանը վախենում է բանտում ֆիզիկական հաշվեհարդարից

Գևորգ Սաֆարյանը վախենում է բանտում ֆիզիկական հաշվեհարդարից

Գևորգ Սաֆարյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժախցից հուլիսի 11-ին 10-օրյա «պատժից» հետո ցանկացել են տեղափոխել Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնաշենք, որտեղ դեռևս ամիսներ առաջ Սաֆարյանը լուրջ խնդիրներ էր ունեցել քրեական հեղինակությունների հետ։ Այն ժամանակ խնդիրների պատճառով Սաֆարյանին տեղափոխել էին բանտի այլ մասնաշենք։ Երբ այս անգամ նա ընդդիմացել է կրկին հետ գնալ կենտրոնական մասնաշենք, նրան նորից տեղափոխել են պատժախուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։

Իր պաշտպանի հետ զրույցում Սաֆարյանը պատմել է, որ երբ լրացել է իր նկատմամբ կիրառված տասնօրյա ապօրինի տույժի ժամկետը, նրան որոշել են տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենքում գտնվող թիվ 31 խուց։ Այնտեղ դեռևս 2016 թվականի հունվարին Սաֆարյանի քաղաքական գործունեությամբ պայմանավորված խնդիրներ էին առաջացել վերջինիս և «հանցավոր աշխարհի» որոշ ներկայացուցիչների միջև։ Այդ ժամանակ Սաֆարյանի նկատմամբ անգամ ֆիզիկական ուժ էր կիրառվել։

«Հիշյալ հանգամանքը և իրադարձությունները՝ Սաֆարյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը հաշվի առնելով՝ նույն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում էր ընդունել Սաֆարյանին տեղափոխել առանձնացված մասնաշենք, ուր հիշյալ անձանց հետ շփումները ավելի սահմանափակ են․․․

… Քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, Սաֆարյանի փոխանցմամբ, բազմիցս սպառնացել են, որ եթե երբևէ նրան տեղափոխեն հիմնական մասնաշենքի որևէ խուց, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Որպես հաշվեհարդարի պատճառ ի թիվս այլոց նշել են այն, որ Սաֆարյանի հրապարակային ելույթներում նա պահանջել է, որ հանրության ուշադրության կետրոնում եղած տարբեր քրեական գործերով (այդ թվում «Հարսնաքարի» հայտնի գործով) իրականացվի արդյունավետ քննություն, պարզվեն բոլոր հանցագործները և նրանք դատապարտվեն խիստ պատիժների», – ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:

Այս անգամ հիմնական մասնաշենք չտեղափոխվելու, ՔԿՀ աշխատակիցների «օրինական պահանջներին չենթարկվելու համար» Սաֆարյանին նորից 10 օրով տեղափոխել են պատժախուց։

«Սաֆարյանն առարկել է ասելով, որ օրինական չէ այն պահանջը, որը վտանգում է իր կյանքն ու առողջությունը, ինչպես նաև հակասում է ՔԿՀ ղեկավարության նախորդ որոշմանը, որի համաձայն իրեն պետք է պահեն առանձնացված մասնաշենքում հիշատակված պատճառներով», – գրում է փաստաբանը։ Նա հավելում է, որ այժմ Սաֆարյանը լուրջ մտավախություն ունի, որ, հաշվի առնելով նախորդ փորձառությունը և գործելաոճը, պատժախուց կտեղափոխեն տարբեր քրեական տարրերի, իբր նրանց նկատմամբ կիրառած տույժի շրջանակներում, ինչի իրական նպատակն է լինելու իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելը:

«Սաֆարյանը համոզված է, որ այս տասնօրյա տույժին հետևելու են նոր տասնօրյա տույժեր և իրեն շարունակաբար պահելու են պատժախցում, կամ ուժով տեղափոխելու են հիմնական մասնաշենքի որևէ խուց, որտեղ անխուսափելիորեն տեղի կունենա հանցավոր տարրերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար», – եզրափակում է պաշտպանը:

Նշված իրադարձությունների կապակցությամբ Սաֆարյանը պահանջել է տեսակցություն իր պաշտպանի հետ, որը, սակայն, ըստ Եգորյանի, մերժվել է։ Հուլիսի 12-ին Սաֆարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները և արձանագրել են այս ամենը։

Նշենք, որ ըստ պաշտպանների՝ Սաֆարյանին պատժախուց էին տեղափոխել, քանի որ Սեֆիլյանի և մյուսների գործով հունիսի 30-ի դատական նիստի ժամանակ նա հարց էր բարձրացրել «Սասնա ծռեր» խմբի անդամների ծեծի մասին: Դատարանի դահլիճում ներկա ոստիկաններն այդ մասին տեղեկացրել էին իրենց վերադասին՝ Արմեն Ղազարյանին: Վերջինս զեկուցագիր էր գրել, թե Սաֆարյանը հայհոյել է իշխանություններին: Ավելի վաղ՝ մեզ հետ զրույցում Եգորյանը նշել էր, որ այդ մոտիվը աբսուրդ է, և «սա ուղղակի պարզ, հասարակ վրեժխնդրություն է»։