Home / Դատարան / «Սասնա ծռեր»-ի անդամների փաստաբանը սպառնալիքներով նամակներ է ստանում

«Սասնա ծռեր»-ի անդամների փաստաբանը սպառնալիքներով նամակներ է ստանում

«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնում են՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Պապիկյանն էլեկտրոնային նամակներ է ստանում ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու պահանջներով, այլ նաև սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ:

Կազմակերպությունը նշում է, որ իրենց կողմից արդեն տևական ժամանակ բարձրաձայնվում է, որ հետապնդումներ են իրականացվում կազմակերպության փաստաբանների նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով: Դրանք հիմնականում իրականացվում էին դատարանների կամ իրավապահ մարմինների կողմից։

«Այդ արատավոր և դատապարտելի երևույթի շուրջ ձևավորված անպատժելիության մթնոլորտը հանգեցրեց նրան, որ փաստաբանի նկատմամբ սկսվել է նաև անձնական բնույթի սպառնալիքներն ու հետապնդումը», – նշված է հայտարարության մեջ։

Հանցագործության մասին հաղորդումն արդեն ներկայացվել է Հատուկ քննչական ծառայությանը։