Home / Տեսանյութեր / Հանձնաժողովի անդամը ԿԸՀ֊ից գումար դեռ չի ստացել․ նա պնդում է՝ տեղամասում կեղծել են հանրաքվեի արդյունքները

Հանձնաժողովի անդամը ԿԸՀ֊ից գումար դեռ չի ստացել․ նա պնդում է՝ տեղամասում կեղծել են հանրաքվեի արդյունքները

Արաբկիր վարչական շրջանում գտնվող թիվ 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ալիտա Սարդարյանը պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, նշված ընտրատարածքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել։ Ընտրատեղամասում տեղի ունեցածի առնչությամբ բողոքն այժմ քննում է Հատուկ քննչական կոմիտեն, իսկ կինը նշում է, որ մինչ օրս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չի ստացել իրեն հասանելիք աշխատավարձը։

Ալիտա Սարդարյանը դեկտեմբերի 6-ին 4/20 տեղամասում հանձնաժողովի անդամ է եղել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից։ Epress.am-ի հետ զրույցում նա ասել է, որ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ֊ական Նիկոլայ Մոսինյանը չի կարողացել վերահսկել իրավիճակը, օրենքի խախտումներ է թույլ տվել, մասնավորապես, լքելով տեղամասը ձայների հաշվարկի ժամանակ։

«Մոսինյանն առաջին անգամ էր ընտրություններին մասնակցում ու ամեն ինչից անտեղյակ էր։ Նա ոչ կարգը գիտեր, ոչ իր իրավունքները, ոչ էլ պարտավորությունները։ Օրվա ընթացքում բավական լարված էր, ընտրատեղամասում անընդհատ մարդիկ էին հայտնվում, որոնք իրավունք չունեին գտնվել այնտեղ, մարդկանց էին բերում ու տանում։ Ամենամեծ կեղծարարներից մեկն էլ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հորեղբոր որդի Դավիթ Մարուքյանն էր, ով հանդես էր գալիս ՀՀԿ֊ից։ Նա ասում էր, թե իր մեջքին Մարուքյանն է կանգնած», ֊ ասել է Սարդարյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ օրվա ընթացքում լարված աշխատանքի արդյունքում իրենք հիմնականում կարողացել են բացառել կեղծիքները, սակայն հաշվարկի ժամանակ խնդիրներ են ի հայտ եկել։ Հանրաքվեի ավարտից հետո, երբ սկսել են թերթիկները հանել, Դավիթ Մարուքյանը պնդել է, որ «Ոչ»֊ ի թերթիկներն ինքը պետք է հաշվի։

«Նա նստեց ու ոտքերի մոտ բացած պայուսակ դրեց։ Վստահված անձանցից մեկը՝ Անին, գնաց ու սկսեց Դավիթի հետևից տեսանկարահանել։ Մոսինյանը սկսեց նյարդայնանալ՝ ասելով, թե Անին ամբողջ օրվա ընթացքում նկարահանումներ է արել տեղամասում և այժմ դրանով խանգարում է իրենց՝ «թող գնա, դիմացից նկարի»։ Անին պատասխանել է, որ դիմացից կնկարի էն ժամանակ, երբ Մարուքյանը պայուսակը սեղանի տակից հանի։ Հետո սկսեցին հանել թերթիկները։ 30 հատ «ոչ» էր դուրս գալի, մի հատ «Այո»։ Սրանից նախագահը պանիկայի մեջ ընկավ, շատ դանդաղ էր հաշվարկը գնում։ Տեղամասում մի քանի անգամ ՀՀԿ֊ի վստահված անձինք փորձեցին կռիվ հրահրել, բայց ես պահանջեցի դուրս գալ սենյակից։ Արդյունքում ստացվեց 435 «ոչ», 167 «այո» և 43 անվավեր թերթիկ», ֊ պատմել է հանձնաժողովի անդամը։

Նա նշել է, որ հաշվարկը կատարելուց հետո թերթիկները դրել են պարկի մեջ, ստորագրել են, արձանագրության թերթիկը կնքել, դրել արկղի մեջ ու փակել այն։

Սարդարյանի խոսքով՝ այդ պահին ինքը հանգիստ շունչ է քաշել, սկսել է լրացնել մյուս արձանագրությունը, երբ հանկարծ տեսել է, թե Մոսինյանը լքել է տեղամասը։ Նա զանգահարել է Մոսինյանին, սակայն վերջինիս զանգերին չի պատասխանել։ Նախագահը հայտնվել է միայն 40 րոպե հետո, երբ Սարդարյանը տեղամասում բարձրաձայն հայտարարել է, թե լրագրողների է հրավիրել։ Կինը ենթադրում է, որ իր խոսքերից հետո Մոսինյանին տեղեկացրել են և նա արագ վերադարձել է։

«Ներս մտավ լրիվ այլալված, սփրթնած տեսքով։ Ես ասացի իրեն, որ օրենքի խախտում է թույլ տվել, իրավունք չուներ լքել տեղամասը։ Նստեց աթոռին, սկսեց երկու ձեռքով խփել գլխին։ ՀՀԿ֊ի վստահված անձանցից մի աղջիկ ինձ ասեց, թե Մոսինյանը վատացել է։ Ես էլ պատասխանեցի՝ ինչ ուզում է լինի, թող ստորագրի մյուս երեք արձանագրությունները։ Հետո վերցրեց արձանագրության մյուս թղթերն ու սկսեց վրան այլ թվեր գրել՝ 997 «այո» և 122 «ոչ»։ Հետո կանչում ա ինձ, որ ստորագրեմ։ Ասում եմ, հո դու հիմար չես, էս ի՞նչ թվեր ես գրել, ասում ա՝ ես ոնց մտածում եմ, տենց էլ գրում եմ, բա կարողա՞ քո պատճառով գնամ նստեմ կամ ընտանիքիս վնաս տան։ Ես էլ ասացի, որ ինձ հետաքրքիր չի, թե ինչով են իրան սպառնացել ու ձեռքից խլեցի էդ թղթերը։ Մինչև հետևիցս հասավ, ես հասցրեցի պահել դրանք։ Արդեն խուճապի մեջ ընկավ, վազելով բարձրացավ վերև, ու արկղը վերցրեց, որ տանի։ Ես սկսեցի գոռալ, թե արկղը տանում են, ոստիկաններին ասում եմ՝ դուռը մի բացեք, իրանք էլ, թե մենք իրավունք չունենք՝ ոնց նախագահն ասի, տենց ենք անում։ Առանց արձանագրությունները ստորագրելու արկղով դուրս եկավ տեղամասից, նրա հետ 2 քարտուղարները ու Դավիթ Մարուքյանը․ արկղը դրեցին մեքենան, որ գնան։ Ես մեքենայի ճանապարհը փակել էի ու չէի թողում, որ այն շարժվի, բայց ինձ մեքենայի դիմացից մի կողմ տարան ու գնացին։ Մենք մեքենա նստեցինք ու սկսեցինք հետապնդել իրենց, բայց ճանապարհին մի մեքենայով մեր դիմացը փակեցին ու էլ չկարողացանք հետևել։ Մոտ 1 ժամ հետո նոր արկղը վերադարձրեցին։ ԿԸՀ֊ում էլ Մոսինյանի հորինած կեղծ թվերը ներկայացրեցին, և ես հրաժարվեցի ստորագրել արձանագրությունը։

Հանձնաժողովի նախագահի կողմից լրացված արձանագրությունը

ardzanagrutyun

Հաջորդ օրը մենք բողոք ենք գրել ու պահանջել, որ արկղը բացեն։ Իրենք ամեն ինչ արեցին, որ մեր արկղը հերթում ամենավերջինը դնեն ու սահմանված 3 օր ժամկետում չհասցրեցին այն բացել»։

Սարդարյանի խոսքով՝ ինքը արդեն իսկ ցուցմունք է տվել Հատուկ քննչական կոմիտեում։ Epress.am֊ին նա ներկայացրեց նաև այն արձանագրությունների բնօրինակները, որոնք խլել էր Մոսինյանի ձեռքից և որոնցում, կնոջ պնդմամբ, կեղծ թվեր են լրացված եղել։

Այժմ Սարդարյանը փորձում է ստանալ իրեն հասանելիք աշխատավարձը։ Նա նշել է, որ արդեն գնացել է Տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ իրեն ասել են, թե չի ստանա գումարը մինչև չստորագրի արձանագրության տակ։ Սարդարյանը դա ծիծաղելի է համարում, նշում է, որ իր ստորագրությունը սկզբնական արձանագրության մեջ կա, ինչպես նաև ինքը ստորագրել է գրանցամատյանում, իսկ կեղծված արձանագրությունները միևնույն է չի ստորագրելու։

Նա դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից իրեն խնդրել են ապացույցներ ներկայացնել, թե ինքն այդ օրն աշխատել է։ Այժմ նա պատրաստվում է ԿԸՀ֊ին ներկայացնել իր մոտ առկա արձանագրությունների բնօրինակները՝ պահանջելով վճարել իրեն հասանելիք գումարը։