հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Արցունքներ, երգեր, երազանքներ․ մեծ հանրահավաք Մինսկում

Արցունքներ, երգեր, երազանքներ․ մեծ հանրահավաք Մինսկում

Երեկ Մինսկում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի զանգվածային ագիտացիոն հանրահավաքը։ Իրավապաշտպանների վերջին տվյալներով, Բանգալոր հրապարակի Ժողովուրդների բարեկամության այգում շուրջ 63 հազար մարդ էր հավաքվել (Սվետլանայի  նույն վայրում կայացած նախորդ հանրահավաքին միացել էր 10 հազար մարդ)։ Սա ամենամեծ թիվն է անկախ Բելառուսի պատմության մեջ։ Հանրահավաքի ընթացքում ելույթներով հանդես են եկել միացյալ շտաբի ներկայացուցիչներ, քաղբանտարկյալների հարազատներ՝ Էդուարդ Բաբարիկոյի ընկերուհի Սաշա Զվերևան, Դմիտրի Ֆուրմանովի հայրը, Նիկոլայ Ստատկևիչի և Պավել Սևերինեցի կանայք, ռեժիսոր Անդրեյ Կուրեյչիկը, մի շարք երաժիշտներ… Պիկետների վայրում բջջային կապի լուրջ խնդիրներ են առաջացել, հանրահավաքի վայրից ուղիղ հեռարձակում անել չի հաջողվել ո՛չ դրա կազմակերպիչներին, ո՛չ «Радыё Свабода»-ի (Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայություն) լրագրողներին։ TUT.BY-ը, սակայն, տեքստային ուղիղ հեռարձակում է իրականացրել՝ սղագրեով գրեթե բոլոր ելույթներն ու բացականչությունները։

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ելույթը սկսել է բելառուսերեն, որից հետո անցել է ռուսերենի։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ուզում է ընտրվել նախագահական ընտրություններում հանուն իր ամուսնու, հանուն բելառուսների և հանուն կարևոր նպատակի՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, իրականացնել նոր արդար ընտրություններ և 1994 թվականի Սահմանադրությանը վերադառնալու հանրաքվե։

— Ինձ իշխանություն պետք չէ, բայց ամուսինս ճաղերի հետևում է։ Ստիպված եմ եղել թաքցնել երեխաներիս։ Ես հոգնել եմ դիմանալուց, հոգնել եմ լռելուց ու վախենալուց։ ․․․Ինչ-որ հեղափոխության մասին են խոսում։ Ի՞նչ հեղափոխություն, աստված իմ, մենք ուղղակի արդար ընտրւթյուններ ենք ուզում։ Ի՞նչ հեղափոխություն։ Ինչո՞ւ եք սադրում սեփական ժողովրդին։ Մեզ կռիվներ պետք չեն, մենք խաղաղ մարդիկ ենք,- հայտարարել է Տիխանվսկայան։

Բելգազպրոմբանկի նախկին կառավարիչ, նախագահի չգրանցված թեկնածու, այժմ ֆինանսական խարդախությունների պատրվակով անազատության մեջ գտնվող Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան խոսել է բելառուսների աննխադեպ նախընտրական ակտիվության մասին․

— Մեր մասին ամբողջ աշխարհն է խոսում, ֆիլմեր ու հաղորդումներ են նկարահանվում, մեզ ցույց են տալիս լուրերի թողարկումներում։ Սա ժողովուրդ է, որի համար միևնույն չէ՝ ինչպես ապրել։ Շատ երկար ենք մտածել, որ անզոր ենք, մեզ դա երկար են ներշնչել։ Պարզվեց՝ իրական ուժը մեր մեջ է։ Շատ երկրներում ժողովուրդն է նախագահին ընտրում, իսկ մենք պետք է պայքարենք ընտրելու իրավունքի համար։ Դա նորմա՞լ է։ Դեռ վերջերս մտածում էինք, որ ոչինչ չի փոխվելու։ Չէինք մասնակցում ընտրություններին, քանի որ գիտեինք, որ դա ոչնչի վրա չի ազդելու։ Մի՞թե հիմա էլ ենք այդպես մտածում։

Մեկ այլ չգրանցված թեկնածու, Բելառուսի բարձր տեխնոլոգիական պարկի ղեկավար, ձերբակալությունից խուսափելու նպատակով վերջերս Ռուսաստան փախած Վալերի Ցեպկալոյի կինը՝ Վերոնիկա Ցեպկալոն, իր էմոցիոնալ ելույթում խոսել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ժողովրդի և իր հակառակորդների նկատմամբ անհարգալից պահվածքի մասին։

Գռեհկություն, գռեհկություն, գռեհկություն։ Հոգնել ենք արդեն։

Նախագահի՝ ժողովրդին ուղղված ելույթին ընդառաջ, Ցեպկալոն հարցեր է ձևակերպել, որոնց պատասխանները, իր համոզմամբ, մարդիկ պետք է իմանան․

– Ինչո՞ւ է Բալառուսը, որը 25 տարի առաջ ԱՊՀ տարածքում ամենամեծ ներուժն ունեցող երկրներից էր, դարձել երկրորդ ամենաաղքատ շրջանը։

– Ինչո՞ւ են թոշակներն ու աշխատավարձերը Բելառուսում անհամեմատ ցածր։

– Ինչո՞ւ են տարեկան մեծ թվով մարդիկ հեռանում Բելառուսից։

– Ինչո՞ւ է նվազում ծնելիությունը։ 2019 թվականում Բելառուսում ծնելիության հերթական հակառեկորդն էր․ ծնվել էր նույնքան երեխա, որքան 1945-ին, երբ երկիրն ավերակների էր վերածվել։

– Ինչո՞ւ են երկրի ամենաբերրի շրջանները անվճար տրամադրվում օտարերկրացիներին։

– Ինչո՞ւ են ոտնահարվում մարդկանց հիմնարար իրավունքները, ասենք՝ հանրահավաքների կամ ժողովրդավարական ընտրությունների իրավունքները։

– Ինչո՞ւ է երկիրն աստիճանաբար տնտեսական անդունդում հայտնվում, ինչո՞ւ են մարդիկ գնալով աղքատանում։

Հանրահավաքի վերջում հազարավոր մարդիկ երգեցին «Պատեր» («Стены») երգը։

Հավաքն ավարտվեց կազմակերպիչների հայտարարած ժամին՝ երեկոյան տասին։