44-օրյա մսաղացի դադարից անցավ շուրջ 3 ամիս։ Երիտասարդ սերնդի գերեզմանների առջև ենք, գերիների ու անհետ կորածների մասին անորոշության մեջ:
Կորստի գիտակցումը, թվում էր, պիտի մեզ հնարավորություն տար լինելու ավելի անկեղծ ու խնդիրների լուծմանը տրամադրված։ Սակայն հանրությունը մերժման մեջ է և իրավիճակը դիտարկում է դավաճան-փրկիչ դիխոտոմիայով: Դավաճանների փնտրտուքը նախաձեռնեցին իշխանությունները՝ ժողովրդին պատերազմի հարվածից չպաշտպանելու իրենց պատասխանատվությունը բարդելով ուրիշների վրա և սկիզբ դնելով ինքնարդարացումների ու մեղադրանքների մի բազմակողմ պինգ-պոնգի։ Տասնյակ պաշտոնյաներ, զինվորականներ ու վերլուծաբաններ այլոց դավաճանությունների մասին փաստեր են ներկայացնում։ Քրեական կամ քաղաքական պատասխանատվության, այնուամենայնիվ, այս ամենի արդյունքում ոչ ոք չի ենթարկվում, իսկ հանրությունն ավելի է խճճվում ստի ու մանիպուլյացիաների ոստայնի մեջ։
Անուժ և անպաշտպան դարձած ժողովուրդն իրեն ծանոթ ու բազմիցս տապալված սխեմայով շարունակում է փրկիչներ փնտրել: Այս ամիսների ընթացքում հնարավոր դարձավ այնպիսի «փրկիչների» ի հայտ գալը, ինչպիսիք այլ պայմաններում անհնար է, որ «փրկչի» հայտ ներկայացնեին՝ տասնամյակներով երկիրը թալանած, բազմատեսակ բռնությունների համակարգեր ներդրած ու գործադրած, Հայաստանի սուվերենությունը ներսից քանդած կիսամեռ քաղաքական միավորներից մինչև արտասահմանում ապրող հայազգի քաղաքացիներ, որոնց միավորող միակ բանը, թերևս, ոչ թե քաղաքական գաղափարն է, այլ աշխարհի տարբեր վայրերում բիզնեսներ ունենալը:
Պատերազմի ժամանակ փրկիչները փնտրվում էին նաև «միջազգային հանրությունում»՝ կայսերական գերտերություններում, ավտորիտար միջազգային կառույցներում, ինչպիսին ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն են։ Սակայն պարզ դարձավ, որ նույնիսկ «ամենափրկիչ մեծ եղբայր» ներկայացվող Ռուսաստանը, որն ի սկզբանե հրահրել էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, շարունակում է մնալ զավթիչ ուժ, որին շահավետ էր այս պատերազմը, որպեսզի ավելացնի իր ռազմական գերիշխանությունն այս տարածաշրջանում։
Եվ ուրեմն փրկիչների-դավաճանների թեման գործիք է պատերազմը նորմալացնող համակարգը հավերժացնելու համար։
***
Այս տեքստով մենք ուզում ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են փոխել կրկնվող պատերազմի քաղաքականությունը, դրան նպաստող ներքին ու արտաքին համակարգերը, որպեսզի այլևս չապրենք երիտասարդների գերեզմանների վրա լացելով, որպեսզի խաղաղությունը դառնա ամենալեգիտիմ թեման, և թոթափենք կամովին մսացու դառնալու պրոպագանդան ու կատարենք ԱՊՐԵԼՈՒ ռադիկալ ընտրությունը։
Առաջին հայացքից մենք պատերազմի զոհի դիրքում ենք, քանի որ հարձակումը նախաձեռնել են Ադրբեջանն ու Թուրքիան: Սակայն մենք առաջարկում ենք նայել սեպտեմբերի 27-ից առաջ, որովետև պատերազմը չի սկսվում անսպասելիորեն, այլ դրա նախապայմանները ստեղծվում են տարիների քաղաքականության արդյունքում (լայն առումով՝ ներառյալ կրթական, մշակութային, տնտեսական և այլն): Այս հետ գնացող հայացք չունենալը մեզ թույլ չի տալիս խնդիրներն ավելի խորապես տեսնել ու հաղթահարել, այլ շարունակաբար պարտադրում է հրատապ, հրդեհաշեջ լուծումներ փնտրել: Մինչդեռ ինչպես պատերազմը, այնպես էլ խաղաղությունը երկարաժամկետ քաղաքական գործընթացների արդյունք են և պահանջում են ջանքեր փոխհարաբերվելու, խոսելու իրար հետ, այլ ոչ՝ իրար մասին միջնորդ(մ)ի միջով:
Այս ուղղությամբ քննարկում բացելու համար անհրաժեշտ ենք համարում դիտարկել ներկա իրավիճակն ու դրա հիմքերը չորս արժեքային համակարգերի քննադատությամբ՝ արձանագրելով, որ գաղութային ենթարկվածության, պաթոսի, մաչիզմի և ավտորիտարիզմի ճանապարհն անկախ Հայաստանի պատմության ընթացքում հետևողականորեն ամրապնդվել է։ Եվ ուստի, չզարմանաք, որ այս քննադատության մեջ տեսնեք բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև ՀԿ-ներին, որոնք չնայած ներհասարակական խնդիրների դեպքում պաշտպանել ու առաջ են մղել մարդու իրավունքները, սակայն նորմալացրել են մարդու բոլոր հիմնարար իրավունքների դեմ մեծագույն բռնություններից մեկը՝ պատերազմը:
***
Գաղութային ենթարկվածությունը
Ռուսաստանի ձևակերպմամբ՝ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի նպատակն իր հարավային սահմանների անվտանգության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի երկու հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանի վերահսկումը։ Օգտվելով անվտանգության մասին հայերի տրավմատիկ պատկերացումներից, Թուրքիայի ներկայիս բռնապետական ու ֆաշիստական քաղաքական ռեժիմից և Հայաստանի անվտանգության ճգնաժամից՝ Ռուսաստանը տարիների ընթացքում խորացրել է բանակով և իր հետ «բարեկամությանն» ապավինելու միջոցով հայաստանցիների պաշտպանված լինելու պատրանքը։ Անվտանգության այլ մոդելներ, ինչպես օրինակ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, էկոլոգիական անվտանգությունն ու համագործակցությունը (օրինակ, ջրերի կամ արոտավայրերի հարցում), ազգային պետությունների տրամաբանությունից դուրս ուղիղ ժողովրդավարության զարգացումը և անվտանգության երաշխիք հանդիսացող այլ մոդելներ երբևէ չեն դիտարկվել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը զրկել է Հայաստանին սեփական անվտանգության և տնտեսաքաղաքական համակարգերն ընտրելու ազատությունից և պարտադրել է ներառվել իր ստեղծած ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մեջ։ Մի կողմից Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է վաճառում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին, իսկ մյուս կողմից հանդես է գալիս որպես խաղաղության միջնորդ։ Բազմիցս պատերազմ հրահրելուց հետո նա ի վերջո խաղաղապահի պատրվակով կարողացավ պարտադրել իր ավելի լայն ռազմական ներկայությունը տարածաշրջանում։
Մյուս կողմից, Ռուսաստանի տնտեսական էքսպանսիան իրականացվում է Հայաստանի կենսական գոյության միջոցները՝ գազը, էներգետիկան, հեռահաղորդակցությունը, երկաթգիծը, ինչպես նաև ընդերքն իր վերահսկողության և տիրապետության տակ պահելու միջոցով՝ երկրից անդադար դուրս բերելով հարստությունը: Այդպիսով, Հայաստանի տնտեսությունը մնում է թշվառ վիճակում և աղքատությունից փրկվելու համար ամենակարճ ճանապարհը մարդկանց տանում է նույն Ռուսաստան՝ էժան աշխատուժ, նվաստացած միգրանտ դառնալու։ Իր քաղաքական, տնտեսական և գործակալական լծակների միջոցով Ռուսաստանը հիմնականում հաջողում է Հայաստանում ունենալ իրեն ձեռնտու քաղաքական ղեկավարություն և նույնիսկ՝ քաղաքական ընդդիմություն։ Հայաստանի ավտորիտար օրենքները, ընտրությունների կեղծման մեթոդները, լրատվական հաղորդումներն ու մշակութային ծրագրերը, քրեական ենթամշակույթը կրկնօրինակում են ռուսաստանյանը։
Ի տարբերություն մյուս հարևան գերտերությունների՝ Թուրքիայի և Իրանի, Ռուսաստանը, գուցե կրոնական ընդհանրության շնորհիվ, ներկայացվել և ընկալվել է որպես «ընդունելի» գաղութատեր։ Ռուսաստանի կայսերական քաղաքականությունը Հայաստանում հիմնականում առանց դիմադրության է ընդունվում ազգայնական գաղափարախոսության շնորհիվ։ Հայաստանյան ժամանակակից ազգայնականությունը, կարելի է ասել, ձևակերպվել է խորհրդային շրջանում ձևակերպված ազգայնականության հիմքի վրա՝ ռուսական գաղութային շահերը սպասարկելու համար։ Հայերին թույլատրված էր խոսել ազգի ու ազգային մշակույթի բացառիկության, փառապանծ անցյալի, լոկալ մակարդակի ազգային գերազանցության մասին, որի շրջանակներում ազգային հողի վրա մրցակցությունները (տոլմա, քյամանչա, ռաբիզ և այլն) սպառնալիք չէին քաղաքատնտեսական կարգին։ Ազգայնականության այսպիսի նարատիվի ձևակերպման գործում մեծ դեր են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանի կայսերապաշտ մտավորականները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի ստեղծումը և երկարաձգումը Ռուսաստանի ձեռքում ամենահարմար գործիքն է Հայաստանին կախվածության մեջ պահելու համար։ Ղարաբաղի հարցը որպես ազգային-ազատագրական պայքար ձևակերպելը ձեռնտու է և՛ Ռուսաստանին և՛ Թուրքիային այն առումով, որ տարածաշրջանի ժողովուրդները կամավոր ձևով իրենց վրա են վերցնում կայսրությունների շահերի պաշտպանությունը՝ դա ձևակերպելով որպես «կռիվ հանուն հայրենիքի»: Այս ձևակերպման տակ նրանք (մենք) իրականում թե՛ ֆինանսապես են ծառայում կայսրություններին՝ տարեցտարի գնելով նրանց արտադրած զենքերը, և թե՛ իրենց մարմիններով առաջին հարվածն են վերցնում՝ «զոհվելով» հանուն Ռուսաստանի հարավային, իսկ Թուրքիայի՝ արևելյան սահմանների պաշտպանության։ Այս նպատակով էր տասնամյակներ շարունակ պրոպագանդվում պատերազմը, կռիվը ներկայացվում որպես խնդրի լուծման միակ հնարավոր ձև, ինչը մեզ քաշեց սպառազինությունների անվերջ մրցավազքի հորձանուտ։
1990-ականների պատերազմում հայկական կողմի այսպես ասած՝ «հաղթանակը» ներկայացվեց որպես պետական ու ազգային ձեռքբերում, ինչը մինչև վերջ պաշտպանեցին բոլոր քաղաքական իշխանությունները, և քաջություն կամ իմաստնություն չունեցան այն գաղութատիրական նպատակահարմարության տեսանկյունից վերլուծելու համար։ Եկեղեցու օրհնանքով պատերազմն ու հաղթանակը սրբացվեցին, իսկ առկա բոլոր ինստիտուտների միջոցով՝ ռոմանտիզացվեցին, և պատերազմի քննադատությունը, առավել ևս՝ «հաղթական» պատերազմի քննադատությունը տաբուացվեց։ Պատերազմի մասին խոսելու մենաշնորհը մնաց տղամարդկանց, ովքեր հերոսացրին իրենք իրենց, իսկ կանայք, ովքեր կրել էին տնտեսական ու սոցիալական ողջ բեռը, մնացին անտեսանելի ու լռեցված։ 90-ականների փլուզված տնտեսության պայմաններում տղամարդիկ հերոսացած կամ հուսահատված նստած էին տանը կամ բեսեդկաներում, իսկ այդ ընթացքում կանայք «թշնամի» ձևակերպված Թուրքիայում առևտուր անելով պահում էին տունն ու տնտեսությունը։ Ինչպես 1990-ականներին, այնպես էլ հիմա, կանանց ուսերին է մնում նաև պատերազմից վերադարձած հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնամելու հարցը, ինչպես նաև նրանց չռեաբիլիտացված հոգեբանական տրավմաներին առօրյայում առերեսվելն ու դիմակայելը: Պատերազմի մասնակիցների կողմից իրենց մտերիմների, մանավանդ կանանց և երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, ավաղ, համակարգային օրինաչափություն են, այլ ոչ բացառություն, և գումարվում են փողոցում, աշխատավայրում, տրանսպորտում և ընտանիքի ներսում առանց այն էլ համատարած բռնության մշակույթին:
30 տարի շարունակ ջնջվեց պատերազմի հերոսի տիտղոսը ստացածներին, ռազմական էլիտային քննադատելու հնարավորությունը, ովքեր պատերազմից հետո վերցրին իշխանությունն ու հարստացան ոչ միայն պատերազմական ավարով, այլև իշխանության չարաշահմամբ։
Հետխորհրդային Հայաստանի ռազմաքաղաքական էլիտաները երբեք չեն ասել, թե ինչ գին ունի խաղաղությունը և ինչ գին է ունենալու պատերազմը: Բանակցություններն օրինաչափ կերպով դարձել են հնարավորինս փակ և ոչ հաշվետու։ Հանրությանն օտարել են բանակցությունների գործընթացից՝ պահանջելով բացառապես պատրաստ լինել մեռնելու հրամանին։ Բայց չէ՞ որ, եթե մարդիկ պիտի մասնակցեն մեռնելուն, ապա պետք է մասնակցեն նաև ապրելուն (բանակցելուն)։ Ժողովրդին հրամցվում է ազգայնական, միլիտարիստական, այլատյաց պրոպագանդան, այնինչ էլիտաների մակարդակում եղբայրություն և համերաշխություն է տիրում։ Տարիներ շարունակ Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ռազմաքաղաքական, տնտեսական ու գողական կլանները բաժին են ստացել կայսրության թալանից և իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը բռնություններով, ավտորիտարիզմով պահելու թույլտվություն են վաստակել, իսկ պետք եղած ժամանակ վտանգի իմիտացա են ստեղծել սահմանային կրակոցների, մարդկանց գերեվարումների միջոցով և զսպել են ժողովրդավարության ներքին պահանջները։
Կարծում ենք, որ պատերազմական մրցավազքի մեջ, անկախ դրա ելքից, մենք՝ տարածաշրջանի ժողովուրդներս, պարտվող ենք լինելու, և մինչև խաղաղությունը մեր հասարակության մեջ պահանջված չդառնա, մինչև մենք չսկսենք պայքարել ինքնին խաղաղության համար, մենք շարունակելու ենք ծառայել ուրիշների (կայսրությունների) օրակարգերին։ Մենք պնդում ենք, որ հզոր բանակի միջոցով անվտանգության մոդելը միֆ է և չի բխում Հայաստանի բնակիչների շահերից։ Հայաստանը երբեք չի կարող ինքն իրեն զինել՝ հաշվի առնելով տարածաշրջանի հսկա միլիտարիզացված տերություններին։ Ավելի նպատակահարմար է՝ փորձել ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ մեր մարմնով պատերազմ խաղալն այլևս հետաքրքիր, հնարավոր կամ շահեկան չլինի: Իսկ դա նշանակում է ստեղծել կայսրությունների պատերազմներին չհնազանդվելու լայն քաղաքական մշակույթ։
***
Պաթոսը
Պաթոսը համախմբեց մարդկանց Թատերական հրապարակում 1988-ին և 30 տարի շարունակ անհնար դարձրեց Ղարաբաղի հարցի քննարկումն ու պատերազմի քննադատությունը: Այն նախևառաջ «հայրենասիրության» շուրջ էր և ներառում էր բռնի ուժի գովերգումը, Հայաստանի հնարավորինս մեծ տարածքային հավակնությունները, թուրքի նկատմամբ ատելությունը՝ որպես ցեղասպանությունից մնացած չամոքված տրավմա, ռուսի նկատմամբ ստրկամիտ երախտագիտությունը: Պաթոսը թույլ չի տվել պատկերացնել պարզ աշխարհագրական իրողություն, որ մենք անխուսափելի հարևանության մեջ ենք, որը պետք է այս կամ այն կերպ կառուցել, ոչ թե մնալ զոհի պաթետիկ կաղապարում։ Պաթոսը վերարտադրվում է պատմության, գրականության, արվեստի և գիտության մեջ և միջոցով՝ տաբուացնելով քննադատական մտածողությունը և ձուլելով քաղաքական միտքը քարացնող կաղապարներ՝ «մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ», «աշխարհը ցուրդ է ու խաբուսիգ», որտեղ մարդիկ «car u naxandz» են:
Գրքերից ու երգերից դուրս իրականության մեջ՝ համատարած աղքատության և անարդարությունների իրավիճակում, պաթոսին ապավինած պետությունը փոխհատուցում է հերոսի կոչում տալով. տղամարդկանց հերոսանալու ճանապարհը «հանուն հայրենիքի» կռվելով մեռնելն է, իսկ կանանց դեպքում՝ «մատաղ» արվելիք սերունդ ծնելն ու «հերոսի մայր» դառնալը։ Այդուհանդերձ, այն պահից, երբ բանակում սպանված, պատերազմում անհետ կորած ու գերեվարված զինվորների ծնողները սկսում են ինքնակազմակերպվել ու իրենց լեգիտիմ պահանջները ներկայացնել կառավարությանը, ոչինչ չի խանգարում վերջինիս նրանց արժեզրկել ու բռնի ոստիկանական ուժ կիրառել նրանց նկատմամբ։ Այն խավերին, որոնք համեմատաբար ավելի հարուստ են և արտոնյալ, թույլատրված է իրենց մարմինները զոհաբերելու փոխարեն հայրենասիրական պաթոսը պահել նվիրատվություններ անելով, զենքեր նախագծելով, ցուցադրական բարեգործություն անելով։ Սակայն ի վերջո, հայրենասիրական պաթոսը բոլոր կենդանի մնացածներին դատապարտում է ապրելու մեղքի ու պարտքի բեռի տակ, որի հաղթահարման համար մատուցվում է վրեժի դեստրուկտիվ ճանապարհը: Պատերազմի ինդուստրիային են ծառայեցվում նաև շոու բիզնեսի աստղերը, որոնք երգերով, բանաստեղծություններով ու տեսահոլովակներով ոգևորում կամ մեղքի զգացում են առաջացնում մարդկանց մեջ, ովքեր զրկված են իրենց մարմինը տնօրինելու ազատ ընտրությունից՝ պայմանավորված պարտադիր զինծառայությամբ ու «պարտադիր ծնելիությամբ»։
Հիմա, երբ հազարավոր երիտասարդներ են զոհվել, հազարավորներն ապրում են մեր կողքին հոգեկան ծանր տրավմաներով ու ֆիզիկական հաշմանդամությամբ, հազարավորները կորցրել են իրենց ամբողջ ունեցվածքը, դրան էլ գումարվել է համավարակն ու է՛լ ավելի խորը տնտեսական ճգնաժամը, թերևս, միայն ունենք այն զգացումը, որ այսքան մարդկային զոհերն անիմաստ էին: «Հաղթելու ենք»-ի, «նոր պատերազմ՝ նոր տարածքների», «Կիլդիմ» մուլտերի, «Սարդարապատի», «WarGonzo»-ի և այլնի շուրջ պաթոսը հանգեցրել էր նրան, որ մարդիկ կտրվել էին իրականությունից ու ներքաշվել դաժանության մրցավազքում։ Մարդիկ նույնիսկ չէին անդրադառնում, որ դարձել են ռուսաստանյան պատերազմական բլոգերների մեդիա ալիքներով տարածվող՝ սեփական զավակների անդամահատված դիակների ու խոշտանգումների մասին տեսանյութերի սովորական սպառող ու տարածող: Ի հեճուկս պաթոսի՝ #Հաղթելուենք-ի փոխարեն ստացանք #Гахтелуенк, «հա՛մ հողեր, հա՛մ զոհեր» ու «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»․․․ Եռաբլուրում․․․
Երբ վերջին պատերազմը ձևակերպվում էր իբրև «հայրենական», ակնհայտ հղում էր արվում խորհրդային գաղութատիրական պատմական անցյալի փորձին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին: Այս բառապաշարի օգտագործումը սնուցում էր հաղթանակի անհիմն վստահությունը՝ վերակենդանացնելով Ռուսաստանի հետ միասնական լինելու նոստալգիան և նրա կողմից պաշտպանված լինելու նկատմամբ հավատը: Հայաստանյան ու ղարաբաղյան հասարակությունները և մանավանդ իշխանական էլիտաները շարունակում են ինքնագաղութացված մնալ Ռուսաստանի ենթակայությանը, ինչի մի վառ օրինակ էր թեկուզ Արայիկ Հարությունյանի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ օգնության ակնկալիքը հիմնավորելու համար Հարությունյանը հղում էր անում Խորհրդային Միության ժամանակ Ռուսաստանին փառք բերած, ծագումով ղարաբաղցի մարշալներին: Բացառված չէ, որ «հայրենական պատերազմի» բառապաշարն ու գաղափարը ապագայում շահագործվեն Ռուսաստանի կողմից, օրինակ, Ռուսաստան-Թուրքիա կամ Ռուսաստան-ցանկացած պետություն պատերազմի դեպքում հայերին զինվորագրելու և կայսերական պատերազմներում «մահ իմացեալ՝ անմահության» ուղարկելու համար, ինչպես բազմիցս եղել է հեռու և մոտիկ անցյալներում (Երկրորդ համաշխարհայինից մինչև աֆղանական պատերազմը):
Զոհի վիճակից դուրս գալու հրամցվող լուծումն ագրեսոր լինելն է, այստեղից էլ գալիս է Իսրայելի նման գերռազմականացված, ագրեսիվ պետություն դառնալու բաղձանքը, որի պրոպագանդան հեշտությամբ մխրճվում է հասարակության մեջ: Ի շարք բազմաթիվ պատճառների, թե ինչու Իսրայելը մեր «հագով» չէ ու նշաձող չի կարող համարվել մեզ համար, նշենք ամենաակնհայտները․ նախ՝ չենք կարող ապարտեիդի ռեժիմին հավասար պայմաններ կիրառել մեզնից «ուրիշ» պայմանական պաղեստինցիների նկատմամբ, որոնց վրա կփորձարկենք զանազան զենքեր և վերահսկման (այսպես կոչված՝ անվտանգության) համակարգեր: Երկրորդ, Հայաստանը չի կարող դառնալ նույնը Ռուսաստանի համար, ինչպիսին Իսրայելն է ԱՄՆ համար․ այդ հարաբերությունները պատճենելու նախադրյալներ Հայաստանը չունի՝ չունի պատերազմն ու միլիտարիզմն իբրև ապրանք արտահանելու կարողությունը, ռազմական գիտական ներուժն ու աշխատուժը, ինչպես նաև համարժեք քաղաքական-տնտեսական ազդեցություն Ռուսաստանի էլիտաների վրա։ Լայնորեն տարածված, բայց չդատապարված հակասեմիթականության (հրեաների իբրև ազգի նկատմամբ ատելության) ֆոնին Իսրայելին նմանվելու «ծրագիրը» նույն պաթոսի տրամաբանության մեջ է։
Եվ պաթոսը շարունակում է վերարտադրվել «նոր» ընդդիմությունների կողմից՝ լինեն դրանք «Հայրենիքի փրկության շարժում», նոր «Ղարաբաղ կոմիտե», թե այլ հավակնոտ անվանումներով: Նրանք չեն առաջարկում ո՛չ ծրագիր, ո՛չ լուծում, ո՛չ ռեֆլեքսիա: Նիկոլ Փաշինյանից էլ պահանջում են հրաժարական տալ ոչ թե պատերազմի տանելու և հազարավոր զոհեր տալու, այլ հողեր հանձնելու ու հաղթանակ չբերելու պատճառով: Սրանով, ըստ էության նրանք նախապատրաստում և լեգիտիմացնում են ռևանշիստական պատերազմի նույն քաղաքականությունը, որը կրկին անխուսափելիորեն կտանի դեպի Եռաբլուր։
***
Մաչիզմը
Պաթոսով համեմված ռազմահայրենասիրությունից անբաժան է եղել մաչիզմը՝ չափազանցված առնականությունը, որի նորմատիվ չափանիշը սահմանել են երկրի ռազմաքաղաքական էլիտայի դեմքերը և որին ձգտում են հասնել կամ գերազանցել քաղաքական ասպարեզում հայտ ներկայացրած բոլորը՝ սկսած ցեղակրոն գաղափարախոսներից մինչև ռազմատենչ սոցիալ-դեմոկրատները։
Լևոն Տեր-Պետրոսյանի մաչիզմը միակ խելացի տղամարդու կերպարի մեջ էր/է, ով իրեն շրջապատել է լսող ու իրենով հիացող մարդկանցով և ում համար օրինաչափ էր միանձնյա որոշել իր հրապարակային ելույթները։ Մինչ օրս Տեր-Պետրոսյանը ներկայանում է անսխալական իմաստունի իմիջով, ով այդպես էլ երբեք չընդունեց իր սխալները․․․ բացի մեկից՝ Քոչարյանին իշխանության բերելուց: Թեև Տեր-Պետրոսյանը ներկայացվում է իբրև խաղաղության օրակարգով գործիչ, նա 3 տարի շարունակ ղարաբաղյան պատերազմը մղողն ու հողերի գրավման համար պատասխանատու նախագահն էր։ Խաղաղության մասին նրա կոչերն էլ ավելի շուտ նպատակահարմար քաղաքական հաշվարկի և տվյալ պահին առավելագույնը քաղելու մասին էին, քան խաղաղության մշակույթ հիմնելու կամ տարածաշրջանում խաղաղության դիսկուրս սկսելու: «Տղա եք՝ պահեք տարածքները, ինձ որ մնա ես չեմ ուզի տամ, բայց ստիպված ենք»,- նրա խոսքերն են։ Խաղաղության նկատմամբ ոչ թե արժեքային մոտեցման, այլ այսպիսի հաշվարկված նպատակահարմարության արդյունքում խաղաղության գաղափարն ավելի վարկաբեկվեց և հավասարեցվեց իրավունքներից հրաժարվելու, կեղծ մարդասիրության, արևմտյան մոդայիկության կամ ժողովուրդների բարեկամության բոլշևիզմի։ Հենց Տեր-Պետրոսյանի ժամանակ սկսեց կառուցվել բանակի շուրջ պաթոսը, ու նաև կնքվեց Հայաստան-Ռուսաստան անվտանգության մասին երկկողմ պայմանագիրը, որի հիման վրա Գյումրիում գործում է ռուսական ռազմաբազան։ Սկսած Տեր-Պետրոսյանից՝ Հայաստանի քաղաքական էլիտաները Ռուսաստանի ռազմական ներկայությունը շարունակաբար ձևակերպում են որպես Հայաստանի անվտանգության երաշխավորում Թուրքիայի հարձակումից։ Նույն այս ժամանակաշրջանից նաև սկսվեցին ու քաղաքական մշակույթի մաս կազմեցին քաղաքական սպանությունները, ինչպես նաև ժողովրդի կամքին հակառակ բռնի կերպով իշխանություն պահելու ավանդույթը։ Այդ տարիներին էր նաև, որ Հայաստանն ընկավ վայրի նեոլիբերալ կապիտալիզմի ճիրանները, որը սկիզբ դրեց նոր ձևի գաղութային ենթարկվածության՝ ռուսական գաղութային էքսպանսիային ավելացնելով Համաշխարհային բանկի և մյուս նեոլիբերալ ֆինանսական ինստիտուտների ճնշումները։ Այս քաղաքականությունը շարունակեցին ու խորացրեցին նրան հաջորդած բոլոր կառավարությունները։
Ռոբերտ Քոչարյանը հիմք դրեց սահմանադրությունը/օրենքները անթաքույց արհամարհելու պրակտիկային, երբ ՀՀ քաղաքացիություն չունենալով դարձավ ՀՀ նախագահի թեկնածու։ 2018-ին նույնն արեց Արմեն Սարգսյանը, որի բրիտանական անձնագրի վերադարձի մասին փաստաթղթերն այդպես էլ չտեսանք։ Քոչարյանն այն դուխով «տղամարդն» էր, որն իր իշխանությունը հաստատեց Հոկտեմբերի 27-ի արյունով և փոխանցեց իր ընտրած թեկնածու-հետևորդին Մարտի 1-ի արյունով։ Սպորտային իմիջով այս տղամարդն իր առնականությունը հաստատում էր բնության տիրակալի դիրքից կենդանիներ սպանելով ու ընդերքը շահագործելով։ Նա հիմնականում ռուսաստանյան ընկերություններին վաճառեց կամ նրանց շղարշի տակ իրենով արեց Հայաստանի տնտեսության ոլորտների մի ահռելի մասը և դրա հաշվին երկնիշ տնտեսական աճ նկարեց։ Քոչարյանի ժամանակ ծաղկեց հանրային կարծիքի վրա ահռելի ազդեցություն ունեցող բլոգոսֆերան, որը վերբալ ու ֆիզիկական հալածանքների էր ենթարկում խաղաղության, հակագաղութատիրության, բռնությունների դեմ խոսող խմբերին։ Այս «հայազունների» անտեսանելի բանակի շնորհիվ Քոչարյանը պահեց մաքսիմալիստական, պատերազմական պաթոսի դոզան։
Սերժ Սարգսյանը նախկին պաշտպանության նախարարն էր, ով հպարտանում էր լավ շախմատ խաղալով, նա «ինչքան ուզեր՝ էնքան կխփեր» ընտրություններում։ Նրա ժամանակ գրվեցին բանակի մասին հիթերը, շարունակեցին տիրաժավորվել «Իմ զենքը իմ երգն է» պաստառները, նկարվեց «Բանակում» սերիալը (ի թիվս այլ գարշելի սերիալների ու ֆիլմերի)։ Նա ամեն ինչ վերահսկողության տակ պահող հայրիշխանի կերպարն էր վերցրել․ նա և նրա ընտանեկան մաֆիան ամենուր էին՝ համալսարանների խորհուրդներում, հիմնադրամներում ու ֆեդերացիաներում, բիզնեսների 50%-ում և մեդիա-մոնոպոլիայի ղեկին։ Ոստիկանապետությանը զուգահեռ՝ տնտեսական դաշտում խորացան մենաշնորհները, և կապիտալն ապահովագրվեց օֆշորներում։
Նիկոլ Փաշինյանը, ի տարբերության նախորդների, զինվորական անցյալ չուներ, ու չնայած ասում էր, որ չունի «-իզմեր», բայց ուներ մաչիզմ, որը նա հաստատեց կամուֆլյաժով, հազով, մորուքով և դուխով՝ ոչ թե պոլիգոնում, այլ հրապարակում։ Խոսքի մակարդակում նա փորձում էր դեմոկրատ երևալ, Ղարաբաղի հարցով ասում էր, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, խոստանալով ոչ մի որոշում չկայացնել առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, բայց վերջնական արդյունքում այս խոստումը նրա հերթական -իզմն էր՝ պոպուլիզմը։ Փաշինյանը, թեև վաղուց էր ձևակերպել «ո՛չ ռոբոտացմանը, սերժանտացմանը և դոդացմանը» բանաձևը՝ դիպուկ ցույց տալով քաղաքական օլիգարխների ավտորիտար ու կեղեքիչ կերպարի համընկնումը բանակային հիերարխիկ էության հետ, բայց հերթական անգամ ամուր կպած մնաց իր -իզմերից հաջորդին՝ միլիտարիզմին։ Նա հանդես եկավ ռազմարդյունաբերության, այն է՝ ռոբոտացման, ազգ-բանակ հայեցակարգը աշխարհազորի վերածելու ու նույնիսկ կանանց սերժանտացնելու նախաձեռնություններով և #Հաղթելուենք-ով մարդկանց դոդացնելու ստերով։ Մինչդեռ նա իր լեգիտիմությունը կարող էր օգտագործել հեղափոխական խաղաղության օրակարգ ձևակերպելու ուղղությամբ՝ մարդկանց ներշնչելու, որ իրենք հարևանների հետ պատերազմից դուրս գալու հարցում ինքնուրույն գործոն կարող են լինել։ Բայց բացարձակ լեգիտիմություն ունեցող նրա քաղաքական ուժն իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի՝ ընդհանրապես լեգիտիմություն չունեցող ուժը բոլոր հարցերում՝ լիներ դա Ամուլսարը, թե՝ Ղարաբաղը։ Ըստ էության, նա լեգիտիմացրեց հազարավոր զոհերով պատերազմը․ մի բան, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը չէր կարող անել։ Նրա մաչիզմն ավելի ուժեղ գտնվեց ու նա ընտրեց հանդես գալ նախորդներից ավելի ուժեղ, «ասֆալտին փռող» տղամարդու և «հուլիսյան փառահեղ հաղթանակի» գերագույն հրամանատարի կերպարով։ Նախկինների սոցիալ-տնտեսական քաղաքականությունները քննադատելով հանդերձ՝ նա հիմնվեց հենց նախկինների կադրերի վրա ու շարունակեց գրեթե բոլոր ոլորտներում առաջ տանել հաջորդ -իզմը՝ նեոլիբերալիզմը․ հարուստները սկսեցին ավելի քիչ հարկեր վճարել, կենսաթոշակային հիմնադրամը շարունակեց մնալ երկրից դուրս գտնվող մասնավոր ֆինանսական հաստատությունների ձեռքում, շարունակվեց օտարերկրյա խոշոր բիզնեսին «էստի համեցեք» անելու և երկրի ռեսուրսներն ու էժան աշխատուժը նրանց առջև սփռելու քաղաքականությունը, խոշոր հարստություն կուտակած մարդիկ պատասխանատվության չենթարկվեցին ու ժողովրդին չվերադարձրին ապօրինի ձեռք բերված ունեցվածքը։ Փաշինյանը ոչ միայն առաջ չտարավ քաղաքացիական ակտիվ խմբերի ձևակերպած լեգիտիմ օրակարգերը, այլև փորձեց դելեգիտիմացնել դրանք՝ իր քաղաքականությանն ուղղված ցանկացած քննադատություն ներկայացնելով որպես հակահեղափոխական սաբոտաժ։
Երբ ակտիվ քաղաքացիական խմբերը դիմադրում էին անարդարություններին՝ հանրային տարածքների զավթման, հանքերի, բռնաճնշումների, ոստիկանապետության, օլիգարխիայի, կոռուպցիայի, գենդերային հիմքով բռնության, բանակում սպանությունների և այլ հարցերում, Քոչարյանի և Սարգսյանի ժամանակ նրանց լռեցնում էին պատերազմի ու արտաքին թշնամու ջրաղացին ջուր լցնելու վախով, իսկ Փաշինյանի համար զսպող գործիքը դարձավ հների վերադարձով վախեցնելը։
***
Ավտորիտարիզմը
Անկախ Հայաստանի քաղաքական մշակույթում դոմինանտ են եղել և մնում քաղաքական ղեկավարների անսխալականությունն ու միանձյա որոշումներ կայացնելու ավանդույթը, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի է ամրապնդել ավտորիտարիզմը: Պատահական չէ, որ նույնիսկ ընտրությունների ժամանակ միշտ ավելի բարձր մասնակցություն և ավելի մեծ հետընտրական բողոքի ալիքներ են բարձրացել՝ կապված նախագահական, այլ ոչ թե՝ խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրությունների հետ։ Ժողովուրդը շատ լավ էր հասկանում, թե ո՛վ է իրականում կայացնում որոշումները։ Խորհրդարանն ընդամենը դարձել է իշխող ավտորիտարին սպասարկող մարմին, որտեղ ձգտում էին հայտնվել տնտեսական էլիտաները՝ իրենց հարստությունն օրենքներով պաշտպանելու համար։ Օլիգարխները ֆինանսավորում էին (կեղծված և կաշառված) ընտրությունների միջոցով պետության ղեկավարների սահուն վերարտադրությունը, որի փոխարեն ստանում էին պատգամավորական մանդատ՝ ամենաարտոնյալ և անձեռնմխելի դիրքը։
Հայաստանում խորհրդարանն այդպես էլ չեղավ բանավեճի, քաղաքական խոսք արտադրող ու ժողովրդի քաղաքական կամքը փոխանցող ինստիտուտ: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ 2018 թ․-ից հետո, և իբր օլիգարխներից զուրկ խորհրդարանը մնաց գործադիր իշխանության դիրեկտիվների կամակատար, կոճակ սեղմող, տեխնիկական մասն ապահովող: Չփոխվեց նույնիսկ պատգամավորների անձեռնմխելիության անարդար նորմը, և միևնույն ժամանակ, նոր անձեռնմխելիներն իրենց հակադրեցին «անգրագետ Պողոսներին»՝ իրենց ընտրած ժողովրդին, որին հերթական անգամ զրկեցին որոշում կայացնելու ուժից: «Կոմկուսի» միակուսակցական սիստեմն իրականում այդպես էլ չդադարեց գոյություն ունենալ ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ էլ «Իմ Քայլ»-ի ժամանակ։ Ինչպես մյուս բոլոր հարցերում, վերջին պատերազմի հարցում նույնպես խորհրդարանն անվերապահորեն հաստատեց գործադիրի ընդունած որոշումը: Պատերազմի շուրջ կոնսենսուսի մաս կազմեցին թե՛ կառավարող ուժը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը՝ բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի: Իսկ բուն պատերազմի օրերին քաղաքական ուժերի ղեկավարներից ոչ մեկը՝ առանց բացառության, հանդես չեկավ պատերազմն ամեն գնով դադարեցնելու ու թեկուզ մեկով պակաս զոհ տալու առաջարկով, թեև մեռնելու գնացող ժողովրդից շատ ավելի լավ էին տիրապետում իրավիճակին՝ «ռազմական գաղտնիքներին» ու դիվանագիտական ճնշումներին։ Այս ճակատագրական սխալը այդպես էլ ոչ ոք չընդունեց:
Ավտորիտարիզմը բոլոր 4 քաղաքական ղեկավարների մաչիզմի անբաժան մասն էր․ քանի որ ի սկզբանե քաղաքական էլիտաները ձևավորվել էին ռազմական էլիտաների հիմքի վրա՝ հրաման տվող, կռված տղերքից, ուստի նրանք բոլորն էլ այս կամ այն ձևով վերցրել են «օջախի գլխավորի»՝ հայրիշխանի դիրքը, որից էլ բխել է միանձնյա որոշումներ կայացնելը, սեփական սխալները չընդունելը, ժողովրդից ճշմարտությունը թաքցնելը։ Քաղաքական, տնտեսական, ռազմական իրական վիճակի մասին անկեղծ խոսելը, առավել ևս՝ խաղաղության ու հաշտության մասին խոսելն ընկալվել է որպես օջախի ղեկավարի «թուլության» նշան։ Հայրիշխանությանը ներհատուկ՝ կռվով հարցեր լուծելու ձևը բոլոր ասպարեզներում մնաց դոմինանտ։ Մասնակցային որոշումների կայացումը, ուրիշի կարծիքը հարցնելն ու հաշվի առնելը այս քաղաքական մշակույթում տեղ չգտավ։
Մաչոներից ամեն մեկը միայն մեկ անգամ է հանրային կերպով ընդունել սեփական սխալը․ Տեր-Պետրոսյանի ընդունած միակ սխալը սահմանափակվեց Քոչարյանին իշխանության բերելու գործողությամբ, Սերժ Սարգսյանն ընդունեց, որ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ, Փաշինյանն ընդունեց, որ իր սխալը պատերազմին բավարար չպատրաստվելն էր, իսկ Քոչարյանն այդպես էլ ոչ մի սխալ չընդունեց, որովհետև ինքը «միակ տղամարդն» է։
***
Պատերազմը նորմավորած քաղաքացիական հասարակությունը՝ պետության ածանցյալ
Ավտորիտարիզմի և մաչիզմի այս մշակույթին գուցե կարող էր հակադրվել ինքնակազմակերպված հասարակությունը։ Սակայն խնդիրն այն է, որ բացառությամբ մի քանի ավտոնոմ խմբերի՝ այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը» Հայաստանում ամբողջովին ՀԿ-ացված է։ ՀԿ-ացված քաղաքացիական հասարակությունը սեփական օրակարգերը սահմանում է ոչ թե հասարակության ձևակերպած արմատաբուխ (grassroots) առաջնահերթությունների, այլ դոնորներից իջեցվող քաղաքական գերակայությունների հիման վրա, որոնք պարտադրվում են թե՛ ՀԿ-ներին, թե՛ պետությանը։ Չնայած ՀԿ-ներն այս տարիներին իրականացրել են բազում խաղաղաշինական ծրագրեր, սակայն հաշտեցման քաղաքականություն որպես այդպիսին չեն վարել։ Տարիներ շարունակ խաղաղաշինական ծրագրերը հիմնականում մնացել են ձևական, ներգրավել են միևնույն մարդկանց շրջանակները, որոնք ավելի շատ օգտվել են ընձեռած հնարավորություններից (պրոֆեսիոնալ աճ, կապեր, ճամփորդություններ, միջազգային ցանց), քան ձևավորել ռեալ կապեր և շահերի ու վստահության խմբեր։ Վերջին պատերազմի օրինակով ակնհայտ է դառնում, որ այդ ենթադրյալ հանրույթները ձախողել են պատերազմի հեռանկարը վերացնելու գործը: Լայն իմաստով ՀԿ-ները նորմավորել են պատերազմն ու հասարակության նախապատրաստումը հավերժ «գոյամարտի»՝ անտեսելով իրավապաշտպանության սկզբունքները. այս հարցում նրանք դառել են միլիտարիստական պետության ածանցյալ։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԿ-ները բարձրաձայնել են մարդու իրավունքների խախտման ինչ-ինչ դեպքերի մասին, բայց չեն քննադատել պատերազմը՝ որպես մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարում՝ մնալով ազգայնական միլիտարիզմի և անվտանգության չաշխատող մոդելի թակարդում։ Վերջին ամիսների ընթացքում ՀԿ-ները լավագույն դեպքում լծվել են հումանիտար օգնության կազմակերպման գործին, իսկ վատագույն դեպքում ազգ-բանակի և միլիտարիզացման կոչեր ներառող հայտարարություններով են հանդես եկել։ Չմոռանանք նաև, որ հումանիտար օգնության մի ահռելի մասը գալիս է ինքնին պատերազմի ինդուստրիայի մաս կազմող երկրներից, որոնք մի ձեռքով զենք են վաճառում պատերազմող կողմերին, մյուս ձեռքով՝ «օգնություն» ուղարկում տեղահանվածներին։ Գաղութացման այս գործընթացում ներքաշված են ոչ միայն պետական մարմինները, այլև ՀԿ-ները։
***
Աղետի (պատերազմի) կապիտալիզմը
Աղետի կապիտալիզմը մշտապես օգտվում է բնական կամ մարդածին աղետների ժամանակ համընդհանուր ծանր ճգնաժամային իրավիճակից և իր ֆինանսական ինստիտուտների միջոցով պարտադրում ծանր տնտեսական քաղաքականություններ՝ նոր վարկերի ու աճող արտաքին պարտքի դիմաց նոր մասնավորեցումներ, արտասահմանյան խոշոր կապիտալի համար ավելի ձեռնտու պայմաններ, աշխատանքային շահագործման ավելացում և այլն։ Ցավալիորեն, պատերազմի ավարտից հետո աղետի կապիտալիզմն արդեն նշմարվում է․ հետևողականորեն հնչում են, օրինակ, պատերազմի հետևանքներն իբր-թե մեղմելու նպատակով Ամուլսարը հանք դարձնելու կոչերը՝ փորձելով ծածկել կառավարության տնտեսական ձախողումները լայն իմաստով և բացարձակ ձախողումը Ամուլսարի հարցում մասնավորապես։
Համաճարակի, պատերազմի և իր 2.5 տարի վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունների արդյունքում խորացած ճգնաժամերը մեղմելու համար Հայաստանի կառավարությունը կարող էր միանալ արտաքին պարտքի ներման միջազգային շարժմանը, ինչպես անում են տասնյակ կառավարություններ (օրինակ՝ Արգենտինան, Չադը, Եթովպիան և ուրիշներ) և միջազգային կազմակերպություններ: Նույն Ամուլսարի հարցում արբիտրաժային դատարանների անարդար համակարգի դեմ պայքարելու համար կարելի էր համագործակցել նմանատիպ իրավիճակում գտնվող ու ակտիվ պայքարներ տանող կառավարությունների ու կազմակերպությունների հետ: Սակայն Փաշինյանի կառավարությունն ապիկար գտնվեց կառավարման և առավել ևս ճգնաժամային կառավարման հարցում: Արտաքին պարտքով մեզ նման երկրներին ճզմող միջազգային մագնատների վարկերը բյուջեի սուղ միջոցներից ժամանակին վճարելը հպարտությամբ հայտարարվեց որպես օրինակելի գործ: Դեռ ավելին, նոր վարկեր ներգրավվեցին: Մինչդեռ հայտնի է, որ արտաքին պարտքի ամբողջ քաղաքականությունը ծուղակ է այսպես կոչված Երրորդ աշխարհի երկրներին կախվածության մեջ պահելու և ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը հավերժացնելու համար: Արտաքին պարտքերը մարել հնարավոր չէ, և փոխարենը հպարտանալու ժամանակին պարտք վճարելով` անհրաժեշտ է հարցադրել պարտքերի հիերարխիայի վերարտադրության անարդար հիմքերը, միանալ հակագաղութային շարժմանը և չհնազանդվել պարտքերի ստրկության համակարգին:
Ինչ վերաբերում է ներպետական քաղաքականությանը, ապա տարբեր ոլորտների քաղաքականությունները մշակելիս նախարարությունները, ոստիկանությունը, դատարանները և այլ պետական մարմինները կրկին առաջնորդվում են միջպետական և ֆինանսավարկային կառույցների առաջնահերթություններով։ Օրենքների մեծ մասը և անգամ սահմանադրությունները գրվել ու ամրագրվել են Համաշխարհային բանկի խմբի և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների ուղիղ թելադրանքով և նրանց մասնագետների մասնակցությամբ և հետևողականորեն զրկել են հասարակությանը վայրի կապիտալիզմին դիմակայելու մեխանիզմներից։ Դրանք ամրագրել են իշխանության կոնսոլիդացումը, մասնավորեցումը, խոշոր կապիտալի անձեռնմխելիությունը, աշխատավոր խավի ինստիտուցիոնալացված իրավազրկումն ու ճնշումը, վարկային կախվածությունը։ Եվ այս բոլոր տարիների ընթացքում քաղաքական ինստիտուտները չեն քննադատել և չեն ընդդիմացել Համաշխարհային բանկին, Զարգացման և Վերակառուցման եվրոպական բանկին, Եվրասիական զարգացման բանկին (հիմնադրված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից), Ասիական զարգացման բանկին և մյուսներին։ Նրանց ուղղված դիմադրությունը տարել են հիմնականում շարժումներն ու ավտոնոմ խմբերը: Հայաստանի ֆինանսական կառավարման ոլորտում շարունակաբար նույն կադրերն են եղել․ ոչ մի հեղափոխություն կամ իշխանափոխություն այնտեղ փոփոխություններ չի առաջացրել, և դրանք ստաբիլ տարել են նույն քաղաքականությունը՝ որպես ավտորիտար կառույց, որտեղ որոշումները կայացնում են նույն գաղութարար կառավարությունները։ Ներդրումներ ներգրավելու մասին մանթրան երգել են բոլոր կառավարություններն ու ընդդիմությունները։ Ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագրերը սկսել են կնքվել դեռևս 90-ականներին, և ավելի մեծ թափ են ստացել հաջորդ երկու տասնամյակներում, ու չեն դադարել նույնիսկ այն բանից հետո, երբ 2007 թ․-ից սկսած արտաքին մի շարք ներդրողներ արբիտրաժային հայցեր ներկայացրին Հայաստանի դեմ, ու պարզ դարձավ, թե ոնց են այդ պայմանագրերը պետություններին գցում արբիտրաժային դատարանների թակարդը։
***
Վերջաբանի փոխարեն՝ ապրելու օրակարգ
Մեր վերլուծությունը ցանկանում ենք ամփոփել տեքստի սկզբում արդեն նշված կարևոր գաղափարի՝ ԱՊՐԵԼՈՒ օրակարգի առաջարկներով։
Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի դադարից հետո, մենք հայտնվեցինք ստոպ կադրի վիճակում, երբ ստի ու միֆերի հորձանուտը կանգ առավ, երբ դեմ հանդիման կանգնեցինք մերկ ու դառը իրականությանը ու ստիպված եղանք առերեսվել ամենահիմնարար հարցերին՝ ինչո՞ւ զոհել 18 տարեկաններին, ո՞ւմ է ձեռնտու այս կռիվը, ո՞րն էր պատերազմի այլընտրանքը։ Հենց այդ պահին մեծ իմաստություն էր կուտակվել ներկայի մեջ, որը դեռ չէր «զարդարվել» կամ ուղղորդվել մեդիայի ու քաղաքական գործիչների օրակարգերով։ Այդ իմաստության մեջ խտացած էր մարդկանց ցավը, կորուստի ու խաբված լինելու գիտակցությունը, կյանքի արժևորումը։ Առաջարկում ենք ո՛չ թե խուսափել իրականությունից, ո՛չ թե ռոմանտիզացնել ու լրատվամիջոցների փայլուն փաթեթավորմամբ պատել ցավը, այլ շարունակել մնալ դրա մեջ ու հայել դրան, սովորել դրանից, հասկանալ բաց վերքն ամոքելու՝ մեզ անհրաժեշտ ձևերը։
Հանուն ապրելու օրակարգի հաջորդ կարևոր քայլը հենց այդ օրակարգը սահմանելն է:
— Այստեղ առաջնային է հակագաղութային պայքարը: Համաշխարհային հեգեմոն համակարգերի (ֆինանսատնտեսական, ռազմա-գեոպոլիտիկ) գիտակցումը հնարավորություն կստեղծի, որպեսզի կարողանանք ձևակերպել կայսրությունների պատերազմներին մսացու չլինելու, միջազգային բանկերի ու արտաքին պարտքի օղակից, հանքահումքային շահագործումից դուրս գալու օրակարգերը:
— Վերջապես պահն է, որ հանրությունն այլևս չակնկալի, որ կուսակցությունների դատարկ խոստումները երբևէ կդառնան իր շահերից բխող քաղաքական ծրագրեր: Բոլորս էլ գիտենք, որ կուսակցությունները ոչ թե գաղափարական միավորումներ են, այլ հիմնականում պաշտոնի հասնելու, դրա միջոցով ինքնահաստատվելու և իշխելու ամբիցիաներ ունեցող մարդկանց խմբեր, որոնք հեշտությամբ կուսակցությունից կուսակցություն են վազում՝ ելնելով անձնական կամ քաղաքական նպատակահարմարությունից: Ներկայացուցչական ժողովրդավարության կեղծիքներից է նաև այն, թե մասնակցելով (առաջադրվելով կամ քվեարկելով) հնարավոր է համակարգը ներսից փոխել: Այս «հավատով» դրդված՝ շատ կանայք անդամագրվում են կուսակցական ցուցակներում, փորձում են ընտրվել կամ նշանակվել տարբեր պաշտոններում: Բայց նրանց աճող թիվը չի բերում էական փոփոխության, որովհետև համակարգն ինքնին կնատյաց է, և որոշումների կայացումն իրականում տեղի է ունենում բոլորովին այլ սկզբունքներով: Իշխանության մեջ հայտնված կանայք սկսում են ընդունել իշխանության դեմքը, յուրացնել իշխանության լեզուն և ներկայացուցչական պատրանք ստեղծել՝ իրականում դառնալով սիստեմի գործիքն իրենց իսկ ներկայացրած խմբին ճնշելու համար: Բազմազան քվոտաները, մասնակցային հանձնաժողովները և այլ «ներառական ձևաչափերն» ընդամենը հաստատում են «այլ սկզբունքներով» կայացված որոշումները և ապահովում են դրանց լեգիտիմացումը։ Զորօրինակ, արտահերթ ընտրություններ չանցկացնելու՝ «Իմ քայլի» հրապարակած դիրքորոշումը Փաշինյանի հետ հանդիպելուց հետո:
Մեր լուծումը հետևյալն է՝ չմասնակցելով դելեգիտիմացնել մեզ վերաբերող, բայց առանց մեզ կայացվող որոշումները: Ինչպես ասում էր Էմմա Գոլդմանը, «Եթե ընտրություններով հնարավոր լիներ ինչ-որ բան փոխել, ապա դրանք հաստատ անօրինական հայտարարված կլինեին»: Առաջարկում ենք ոչ թե սպասել արտահերթ ընտրությունների գալստյանը կամ հուսալքվել արտահերթ ընտրություն չնշանակվելու հեռանկարից, այլ ուղղակի չխաբվել ընտրական խաղով ու գործել դրանից դուրս: Ինքնակազմակերպվել, ձևավորել ավտոնոմ նախաձեռնություններ և առաջ մղել սեփական օրակարգերը։
— Փոխակերպել հայրենասիրական պաթոսը իրատեսական, բովանդակային, սոցիալական օրակարգերի՝ խաղաղության և ԱՊՐԵԼՈՒ ծրագրերի․ օրինակ, որ առողջապահությունը լինի անվճար ու հասանելի բոլորին, որ մեր ապրած կենսավայրում ջուրը, հողն ու սնունդն աղտոտված չլինեն ծանր մետաղներով, որ մենք կարողանանք առանց բռնության վախի որոշումներ կայացնել, որ մեր մանուկներին չընտելացնենք զինվորական կամուֆլյաժներին ու համարժեք ողբերգական ապագայի հեռանկարին, այլ թևեր տանք երջանիկ ապրելու։ Հիմա, երբ խոսում են պարտության պատճառներից և հանգում են կրթական համակարգի բացթողումներին, լուծումները տեսնում են ճշգրիտ գիտությունները ռազմարդյունաբերությանը ծառայեցնելու մեջ, օրինակ, ռոբոտաշինության միջոցով: Մինչդեռ այս իրավիճակը հաղթահարելու համար կրթության խնդիրը քննադատական միտք ունեցող և համաշխարհային մարտահրավերներից տեղյակ կրթված ու ինքնակրթված հանրություն ձևավորելն է, որը կդառնա ավտոնոմ ուժ, քաղաքականություններ ստեղծող, այլ ոչ՝ սպառող։
— Եվ վերջապես մյուս կարևոր քայլը հաշտություն, համակեցություն և խաղաղություն կառուցելու հետևողական տեսլական մշակելն է, այլապես ռևանշիզմի կործանարար պրոպագանդան այլընտրանք չի ունենալու, իսկ ֆաշիզմով ուղղորդված խմբերը միայն շատանալու են, որպեսզի սպասարկեն քաղաքական գործիչներին՝ հերթական սերնդին անշեղորեն ուղարկելու մահվան: Ստոպ կադրը, որի մեջ առաջարկում ենք մնալ, մեզ պիտի առերեսի կոլեկտիվ տրավմային և տանի դեպի ապաքինում: Սա շատերին ձեռնտու չէ, որովհետև չապաքինված տրավման թույլ է տալիս հավերժ շահագործել մեր հանրույթին։ Որովհետև այդ դիրքում մեզ առաջարկված է զոհի կամ բռնությունը հայելադարձնողի դերը: Տրավման այս երկու ձևերից ոչ մեկով չի հաղթահարվում, այլ խորանում է ու ցավալիորեն չարաշահվում: Ուստի մեզ պետք է տրավմայի փոխակերպման ու քաղաքական իմաստով վերականգնողական արդարության օրակարգ: Անհրաժեշտ է, որ կարողանանք վերցնել ապաքինվելու պատասխանատվությունը և չսպասենք՝ նայելով սահմանից այն կողմ, թե ով առաջինը դա կսկսի: Որովհետև ապաքինումը նախևառաջ նշանակում է խաղաղություն ներսում և պահանջում է ինքնաշխատության ջանք: Երկու կողմերում հազարավոր գերեզմանները, փախստականների թշվառ կյանքերը մեզ պիտի թույլ տան մոտենալ իրար՝ հաղթահարելու համար ցավը, ատելությունը և անվստահությունը՝ ճանապարհ բացելով կարեկցանքի, ապրումակցման և սիրո/ընկերության համար։
Արևիկ Մարտիրոսյան, Արփինե Գալֆայան, Աննա Շահնազարյան