Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին կառավարության մոտ էին։ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումից դժգոհ ծնողներն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էին հանդիպում պահանջում։ 14։00-ի սահմաններում նրանց հրավիրեցին կառավարության շենք։ Քննարկումը՝ նախորդ անգամների պես, դռնփակ էր։
Շուրջ կես տարի իրենց որդիներին փնտրող ծնողներից շատերը կարծում են, որ տղաները կարող են գերեվարված լինել։ Կառավարության ղեկավարից նրանք պահանջում են հստակ տեղեկություն հաղորդել՝ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում, ի՞նչ է տեղի ունեցել ապրիլի 8-ին, ինչո՞ւ է գերիների նախատեսվող վերադարձը վերջին պահին հետաձգվել, ինչո՞ւ պատերազմի ավարտից կես տարի անց որևէ պետական գերատեսչություն հստակ ասելիք չունի․․․
«Իմ երեխան գերիների մե՞ջ է, անհետների մե՞ջ է, որտե՞ղ է։ Ոչ մեկը չի կարողանում այդ հարցին պատասխանել», – ասում էր ծնողներից մեկը։
Մյուս հարազատները ևս վրդովված էին․ «Ի վերջո՝ ով է այս հարցի պատասխանատուն, երբ է լուծում լինելու, ով է լուծում տալու», «Մեր ծնողների խնդիրը դա է՝ օր առաջ բանակցությունները գնան, մեր երեխաները վերադառնան։ Մենք դա ենք խնդրում»։
Հարազատներն ընդգծում էին՝ շատ բան հրապարակավ ասել չեն կարող։ Վերջին զարգացումների մասին իրենց թեև «զեկուցել են», հստակ բան այդպես էլ չի ասվել։
Անցած հինգշաբթի և ուրբաթ անհետ կորածների հարազատները արգելափակել էին պաշտպանության նախարարության մուտքներն ու ելքերը՝ պահանջելով հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ։
Մոտ 30 ժամ տևած շրջափակումն այն ժամանակ ավարտվեց ԳՇ պետի հետ հանդիպմամբ․ հինգ ժամ տևած քննարկման արդյունքներով զինծառայողների հարազատները բավարարված չէին, ասում էին՝ նոր բան չի ասվել, «մենակ վիճաբանում էինք»։
Հանդիպումից հետո նրանք, այնուամենայնիվ, բացեցին նախարարության մուտքերը․ շրջափակման մեջ հայտնված ՊՆ աշխատակիցներն ուշ գիշերը գնացին տուն։
Ապրիլի 9-ին բողոքի ցույցի էին դուրս եկել նաև Խծաբերդի ուղղությամբ գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները։ Վաղ առավոտից նրանք փակել էին Գյումրի-Երևան բոլոր մայրուղիներն ու երկաթգիծը։
Պահանջները նույնն էին՝ հստակ ներկայացնել Պուտին-Փաշինյան բանակցությունների արդյունքերը և գերիների ակնկալվող վերադարձի ձախողման պատճառները։
Նրանցից շատերը նախորդ օրը՝ ապրիլի 8-ին, Էրեբունի օդանավակայանում էին։ Սպասում էին Բաքվից ժամանող ռուսական օդանավին, որով, ըստ շրջանառվող տեղեկությունների, Հայաստան պետք է ժամանեին Ադրբեջանում պահվող հայ (ռազմա)գերիները։
Որոշ ժամանակ անց, սակայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաջորդ օրը պարզաբանեց՝ Փաշինյանի Մոսկվա այցից հետո գերիների հարցով եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է:
«Դուք չնկատեցի՞ք, որ գերիների վերադարձի հարցն անմիջապես տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումից հետո: ․․․Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնի այդ խնդրի լուծմանը, դրանով է պայմանավորված, որ պարոն գեներալ-լեյտենանտ Մուրադովը՝ Ռուսաստանի հերոս, գնացել էր, որ գերիներին ուղեկցեր Հայաստան», – ասել էր Քոչարյանը։
Ռուս գեներալն այս մեկնաբանության հետ համաձայն չէր։
Նույն օրը Մուրադովը հայտարարեց, թե գերիների վերադարձ նախատեսված չի եղել, ինքը Բաքու է գնացել ոչ թե գերիներին հետ բերելու համար, այլ՝ «սովորական աշխատանքային այցի» շրջանակներում։ Վերադարձի մասին տեղեկությունները նա որակեց «կեղծ պրովոկացիա և բնակչությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ»:
Հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց։
Մինչ այս Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանը, հիշեցնենք, պարբերաբար հայտարարում է, որ բոլոր գերիներն արդեն վերադարձվել են։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Միևնույն ժամանակ՝ Խծաբերդում գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձվել են Հայաստան։
լուսանկարները՝ պաշտպանության նախարարության մոտ ապրիլի 8-9-ի բողոքի ակցիաներից