Վերջին տարիներին Երևանում բնակարանների վաճառքի և հատկապես վարձակալության գները գնալով աճում են։ Ուկրաինայում ռուսական պատերազմից հետո՝ ներգաղթյալների հոսքին զուգահեռ, մայրաքաղաքում հասանելի վարձավճարով բնակարան գտնելը գրեթե անհնար է։
Շուկան զսպելու մեխանիզմներ չկան։ Հոկտեմբերի 12-ին՝ պատասխանելով լրագրողների հարցին, Էկոնոմիկայի նախարարը կարծիք էր հայտնել, թե հարցը հնարավոր է լուծել նոր առաջարկ ստեղծելով։
Վահան Քերոբյանի խոսքով, Երևանում կա մոտ 266 հազար բնակարան, որից, ըստ Էլեկտրացանցերի տրամադրած տվյալների, 2022-ի տարեսկզբին ազատ էր շուրջ 30 հազարը։ Տարվա ընթացքում այդ թիվը կրճատվել է ավելի քան 7 հազարով։ Շուրջ 23 հազար բնակարան մնում է դատարկ։
Քերոբյանի խոսքով, դրանք շրջանառության մեջ մտցնելու համար կառավարությունը սեփականատերերին առաջարկում է օգտվել սուբսիդավորվող վարկերից, որոնցով նրանք կարող են վերանորոգել իրենց բնակարանը և տալ վարձակալության։
Ի՞նչն են սուբսիդավորում
Ի՞նչ սուբսիդավորվող վարկերի մասին է խոսքը, ո՞ւմ, ի՞նչ չափով և ի՞նչ պայմաններով են դրանք հասանելի։
«Կառավարության կողմից հաստատվել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետաջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը։ Ծրագրի շրջանակում պետական աջակցություն նախատեսվում է ցուցաբերել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով», – Epress.am-ի հարցմանն ի պատասխան գրել են նախարարությունից։
Ըստ էության, խոսքը դեռևս 2022 թվականին ապրիլին ընդունված որոշման մասին է։ Կարգը հաստատվել էր մայիսին, ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։
Այն ուղղված է բնակարանների էներգաարդյունավետության բարձրացմանը, բնակարանների վարձակալության գները զսպելու նպատակ որպես այդպիսին չունի։
Ծրագրով պետությունը առաջարկում է (համա)սեփականատերերին (միայն Հայաստանի քաղաքացիներին) վարկ վերցնել մասնավոր բանկերից կամ վարկային կազմակերպություններից՝ բնակարանը ըստ էլեկտրաարդյունավետության նախօրոք սահմանված չափանիշների վերանորոգելու համար։ Վարկի հաստատումից հետո պետությունը՝ բանկի հետ կնքված պայմանագրի համաձայն, պարտավորվում է մասնակիորեն, իսկ սահմանամերձ բնակավայրերի դեպքում՝ ամբողջությամբ փոխհատուցել տոկոսադրույքները։
17-ից 25 հազար դոլար
Վարկի սահմանաչափը բնակարանի վերանորոգման դեպքում կազմում է մինչև 7 մլն դրամ (~17 հազար դոլար), բնակելի տների համար՝ մինչև 10 մլն դրամ (~25 հազար դոլար)։ Վարկային կազմակերպությունը կամ բանկը այն տրամադրում է՝ ըստ սեփական չափանիշների, նախօրոք ներկայացված պլանի համաձայն։
Տոկոսադրույքը՝ 0-ից 5 տոկոս
Վարկը տրամադրվում է առավելագույնը 14% տոկոսադրույքով՝ մինչև 84 ամիս ժամկետով:
— Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր համար տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ (շահառուներին վարկը տրամադրվում է 0% տոկոսադրույքով),
— Ոչ սահմանամերձ գյուղերում՝ այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2% տոկոսադրույքով,
— քաղաքային բնակավայրերում՝ այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 3% տոկոսադրույքով,
— իսկ Երևանում՝ այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 5% տոկոսադրույքով:
Ի՞նչ է նշանակում էներգաարդյունավետ
Վարկը տրամադրվում է միայն «էներգաարդյունավետ վերանորոգման» համար։ Սա նշանակում է, որ վերանորոգման ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին պետք է ուղղվի
— բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,
— բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը։
Ըստ հաստատված կարգի, էներգաարդյունավետության չափանիշներին համապատասխանող են համարվում հետևյալ միջոցառումները․
— պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում.
— էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում.
— արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.
— ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.
— հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորակիչի ձեռքբերում և տեղադրում.
— արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում.
— լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում։
Վարկի իրացման ընթացքին հետևում է բանկը։
Ի՞նչ կապ ունի սա վարձով բնակարանների գների հետ
Թե ինչ կապ ունի սա վարձով բնակարանների հետ կամ որքանով է այս ծրագիրը ի վիճակի զսպել անշարժ շուկայում գնաճը՝ պարզ չէ։ Նախարարությունը հետազոտություններ չի հրապարակել։
Քերոբյանը կարծիք էր հայտնել, թե այս ծրագիրը կարող է նպաստել վարձով բնակարանների նոր առաջարկի ձևավորմանը։ Քանի բնակարան է վերանորոգվել այս ծրագրի շրջանակներում և այդ բնակարաններից քանիսն են վարձով տրվում՝ չի նշվում։
Էկոնոմիկայի նախարարն իր խոսքում հիշատակել էր նաև ինչ-որ նոր ծրագիր, որով «խրախուսելու են ընկերություններին ստեղծել մատչելի սենյակներով նոր հյուրանոցներ և հանրակացարաններ», ինչը, իր հերթին, կնպաստի մարզերից Երևան եկող ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը և աշխատաշուկայում գոյացած խնդիրների հաղթահարմանը։ Թե ի՞նչ նոր ծրագրի մասին է խոսքը՝ նախարարությունը չի ասում։
Պահանջարկային շոկով պայմանավորված՝ Երևանում վարձով բնակարանների գների կտրուկ աճ է գրանցվել մարտ-հունիս ամիսներին, որը հետագայում մի փոքր նվազել է՝ մնալով, միևնույնն է, միջին հայաստանյան աշխատավարձի հետ ոչ համադրելի սահմաններում։ Վերջին երկու տարիներին Երևանում բնակարանների վարձավճարները աճել են նվազագույնը 40 տոկոսով։ Շուկան զսպելու գործիքներ այս ընթացքում չեն մշակվել։ Ուսանողներին, խոցելի խմբերին աջակցող հատուկ ծրագրեր չկան։