Home / Ապատեղեկատվություն / Հետխորհրդային տարածքի պատանդները

Հետխորհրդային տարածքի պատանդները

Ես մի քանի անգամ նշել եմ և միայն ավելի եմ համոզվում, որ Ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի հայերի իրավունքների հարցի ընկալումն ինչ-որ առումով պատանդ են առնվել «հետխորհրդային տարածքի» շրջանակներում կայացած մտածողության կողմից, որում երիտասարդ ազգերի ինքնությունը, մի կողմից, ձևավորվել է Ռուսաստանի հետ դիմակայության մեջ, մյուս կողմից՝ Ռուսաստանը գործիքավորել և օգտագործել է հակամարտությունները հեգեմոնի իր դերն ամրապնդելու համար՝ հետագայում, ինչպես Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի պարագայում, անցնելով ակտիվ զավթողական պատերազմի, քանի որ շանտաժի գործիքակազմը և փորձերը՝ ուժով զսպել նորանկախ պետությունների բնականոն կերպով կառուցվող նոր հարաբերությունները աշխարհի հետ, բավարար չէին։ Արդյունքում, հակամարտության միջազգային ընկալումը և՛ս հանգում էր ոչ թե դրա առանձնահատկությունները (որոնք էապես տարբերվում էին), այլ հենց «հետխորհրդային համատեքստը» հաշվի առնելուն։

Քանի որ կայսրության հետ դիմակայության ակտուալ փորձը հետխորհրդային ազգերի մեծ մասի դեպքում կապված է հենց Ռուսաստանի հետ, ցանկացած հակամարտություն այստեղ դիտարկվում է այդ հարթությունում՝ մերոնք/նրանք սկզբունքով։ Այն, որ նախկին ԽՍՀՄ կազմում եղել են նաև ազգեր, որոնք ունեին այլ կայսրությունների հետ դիմակայության փորձ, և այն, որ նման բան առհասարակ հնարավոր է, գրեթե չի դիտարկվում՝ բացառությամբ առանձին դեպքերի, օրինակ՝ Բալթյան երկրները (որոնք դժվար է նույնիսկ «կցել» հետխորհրդային տարածքին) կամ Ուկրաինան (ուկրաինական ազգային շարժումը 20-րդ դարի սկզբում, որը շատ մոտ էր հայկականին, այդ թվում նաև պայքարի մեթոդներով (դրանք ներառում էին նաև լեհական և ռումինական պաշտոնյաների նկատմամբ ահաբեկչական հարձակումներ) և որը ևս նման ուղղվածություն ուներ՝ միաժամանակ երեք տարբեր «կայսրությունների» դեմ, բայց քանի որ լեհական և ռումինական քեյսերը փակվել են, ի տարբերություն թուրքական քեյսի՝ հայկական կողմի համար (հայերի մոտ մոտավորապես նույն կերպ փակվել էր պարսկական/իրանական քեյսը), այդ չափումը պարզապես մոռացվել է)։

Այս առումով կայսրության ագրեսիայից կամ հավակնություններից տուժած հետխորհրդային ազգերը, օրինակ՝ վրացիները կամ ուկրաինացիները, ստանում նաև էքսկլյուզիվ իրավունքներ՝ մեկնաբանելու այլ հակամարտությունները իրենց համար առավել ընկալելի տրամաբանությամբ, որը հասկանալի է նաև երիտասարդ ղազախների, ղրղզների, բելառուսների և այլնի համար, այսինքն՝ անկախության սերնդի համար, այն մարդկանց համար, որոնք մարմնավորում են նոր քաղաքական ազգերը․ բոլոր այս դեպքերում զարմանալի մի համերաշխություն կա հետխորհրդային հակամարտությունները՝ որպես Ռուսաստանի կողմից նախաձեռնված ընկալելու և միայն այդկերպ բացատրելու հարցում։ Այս նույն ընկալումը բնորոշ է նաև երիտասարդ ռուսաստանցիներին, որոնք ընդդիմադիր տրամադրվածություն ունեն։

Ավելին, Հայաստանի օգնությունը Լեռնային Ղարաբաղի հայերին ընկալվել է Ռուսաստանի՝ Վրաստանի կամ Մոլդովայի տարածքում ընթացող պատերազմներին միջամտության անալոգիայով, հարցը՝ ի՞նչ կլիներ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ առանց այդ օգնության (և ինչ է լինում հիմա, երբ նրանց առաջարկում են կամ անվերապահորեն ընդունել «հպատակությունը», կամ հեռանալ «հայերնիք») այդպես էլ մնաց փակ, ինչպես և հարցը, թե ինչու հայկական ուժերի կողմից յոթ շրջանները վերահսկողության տակ առնելուց առաջ 1993 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին ադրբեջանական բանակի կողմից գրավված Շահումյանի շրջանում հայեր չմնացին (իրականում, 1992-ի հունիսի 12-15-ից հետո, երբ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ առավ շրջանը, մի քանի հարյուր հայեր մնացին այնտեղ, բայց նրանց մի մասը հետագայում վերադարձվեցին աճյունների տեսքով, մյուս մասի ճակատագիրն էլ առ այսօր հայտնի չէ)։ Ըստ էության, ինչպես և հիմա, լավագույն տարբերակը, որ առաջարկվում և առաջարկվել է նրանց, ինքնակամ ենթակայությունն է ցանկացած ռեժիմի, նույնիսկ եթե այդ ռեժիմն ավելի ռեպրեսիվ է և ավտորիտար, կամ՝ «ազատել տարածքը» և գնալ «հայրենիք»՝ Հայաստան։

Հետխորհրդային ազգերի մեծ մասի պատկերացումներում հայրենիքը չունի այն հատկանիշներն ու արմատավորման ատրիբուտները, ինչ հայերի կամ վրացիների դեպքում, քանի որ այն գրեթե միշտ ադմինիստրատիվ կերպով սահմանված է, իսկ տարածքի և ինքնության նկատմամբ այսպիսի վերաբերմունքը, երբ մեկ-երկու հարյուր տարի առաջ թաթարներից, նոգայներից կամ չերքեզներից գրավված Ռոստովը, Խերսոնը կամ Կրասնոդարը այժմ ուկրաինական են կամ ռուսական, կամ քաղաքական սահմանները, որոնք մի քանի տասնամյակ առաջ են ձևավորվել, ավելի կարևոր են, քան ինքնությունը, որը ձևավորվել է շատ ավելի վաղ, նոնսենս են և հնամենիություն։

Թե ինչու ղազախների, ռուսների ու ուկրաինացիների դեպքում՝ մի կողմից, և հայերի ու վրացիների՝ մյուս կողմից, պետք է ինքնության և պատմական հիշողության միևնույն տիպարը լինի, երբ դրանք բոլորովին տարբեր համայնքներ են, բնականաբար քչերին է հետաքրքրում։

Մեծամասնության փորձը ավտոմատ կերպով դառնում է բոլորի փորձը, նույնիսկ եթե այն չի վերաբերում որոշներին։ Ի վերջո, ցանկացած հղում պատմությանը կարելի է «լղոզել» կոնստրուկտիվիստական փաստարկներով, որոնք չգիտես ինչու նույնպես պատմական արգումենտներ են օգտագործում՝ առարկային տիրապետելու «էնտեղ ինչ-որ տեղ» մակարդակի վրա (այս առումով հետաքրքրական է նաև լրիվ լոկալ և կոնկրետ պատմական գործընթացների փոխարինումը «տարածաշրջանային» գործընթացներով՝ տարածաշրջանի կայսերական կամ հակակայսերական Անդրկովկաս/Հարավային Կովկաս անվանումներով)։

Միակ հակամարտությունը, որը դուրս է մնում այս ուրվագծից, չեչենականն է․ քանի որ այն ուղղված էր ընդդեմ Մոսկվայի, արժանանում է հետխորհրդային ազգերի գրեթե համերաշխ աջակցությանը, չնայած ֆորմալ տեսանկյունից չեչենական անջատողականությանն աջակցելը հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությանն ապավինելուն։

Միջազգային հանրության համար, որն այս պարագայում մարմնավորում են ԱՄՆ-ը, Բրիտանիան և ԵՄ առաջատար երկրները, ԽՍՀՄ փլուզումից հետո առկա սահմանների պահպանությունն ինչ-որ առումով իդեա-ֆիքս է, քանի որ բոլոր հակամարտությունները առանձին-առանձին ի մի բերելու փորձերը չափազանց ծախսատար են, պահանջում են անուղղակի ներգրավվածություն և պարունակում ռիսկեր, գումարած՝ հղի են ավելի մասշտաբային վերանայումների որոշակի վտանգով։

Պատկերացումը, թե ինչու պոտենցիալ կոնֆլիկտային հարցերի բազմությունից նման արգելքի պայմաններում արյունալի կերպարանք են ստանում միայն որոշները, ինչու Թաթարստանը չդարձավ Չեչնիա, իսկ Ջավախեթին՝ Լեռնային Ղարաբաղ, առավել ևս՝ ինչու է Կոսովոյի քեյսը առանձնահատուկ, տրամաբանական բացատրություն չունեն և չեն ունենա։  Այս նույն ընկալումը՝ համակցված Հելսինկյան եզրափակիչ ակտի մեյնստրիմային մեկնաբանությամբ, Ռուսաստանի աջակցությանն էր արժանանում 90-ականներին՝ չեչենական ճգնաժամի տարիներին, բայց 2008-ից սկսած, առավել ևս՝ Ղրիմից հետո, հետխորհրդային սահմանների պահպանության հարցում միջազգային հանրության շահագրգռվածության և վերահսկողությունը ուժային ճանապարհով վերադարձնելու Ռուսաստանի ցանկության միջև հակասությունը դարձավ ակնառու, ընդ որում երկրորդը էապես ուժեղացրեց առաջինը։

Արևմուտքի չկամությունը առավել ակտիվ ներգրավվել հետխորհրդային հակամարտություններում և մշակել առավել ճկուն, յուրաքանչյուր առանձին դեպքի կարգավորման համար կիրառելի սկզբունքներ հանգեցրեց ա) Ռուսաստանի անբաժան հեգեմոնիային՝ առնվազն մինչև 2022-ի կեսերը, երբ նրա պարտությունն Ուկրաինայում գրեթե ակնհայտ էր, բ) և նրան, որ «հետխորհրդային տարածքը» վերածվեց իրավական գորշ գոտու, որում ուժի սկզբունքը կրկին դարձավ հիմնարար ցանկացած հարցի լուծման համար և ստացավ նոր լեգիտիմացում։

Արցախի պարագայում այս սկզբունքը դարձավ վճռորոշ 2020 թվականի պատերազմում, չնայած նույն Հելսինկյան եզրափակիչ ակտը արգելում է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը ոչ միայն միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այլև զինադադարի գծի երկայնքով, իսկ ղարաբաղյան նոր պատերազմի արդյունքների ընդունումն ու ճանաչումը՝ գոնե Շուշիի և Հադրութի մասով, Լեռնային Ղարաբաղի «չգոյության» մասին Բաքվի հռետորաբանությանը կամաց-կամաց ընտելանալը և բավականին անաշխույժ արձագանքը 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին միայն ամրապնդեցին այդ թեզը։

«Հետխորհրդային տարածքը» գրեթե միաձայն աջակցեց դրան (հնչեղ ձայներից կարելի է հիշել, գուցե, մի քանի ռուսաստանցի լիբերալների, որպես կանոն՝ հրեական ծագման, որոնք պահպանել էին հիշողությունը 1988-1991 թվականների մասին, մինչև ԽՍՀՄ փլուզումը, երբ Մոսկվան ուղղակիորեն գնաց ռազմական էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում և, ընդհանուր առմամբ, ավելի ադրբեջանամետ էր Հայաստանում կոմունիստական էլիտաների կորստի պատճառով)։

Այս տարածքի մյուս առանձնահատկությունը իրավունքների գրեթե ֆեոդալական ընկալումն է, հատկապես ազգային սահմանների ներսում, որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը մեկնաբանվում է որպես պետության գրեթե անսահմանափակ իրավունք՝ սեփական հայեցողությամբ տնօրինել մարդկանց, որոնք հակառակ իրենց կամքի հայտնվել են ներսում և հանդես են գալիս գրեթե ճորտի կարգավիճակով։ Իրավունքի այս պոզիտիվիստական, հնացած ընկալումը՝ ժառանգված էտատիստական 19-րդ դարից, դարձել է միջազգային իրավունքի «դեմո վերսիան» հետխորհրդային տարածքում, որտեղ պետությունը, որը բռնություն է գործադրում, ավելի արդար ակտոր է, իսկ մարդկանց և համայնքների, առավել ևս՝ էթնիկ համայնքների (չէ որ դա արխայիկա է) բնական, անքակտելի իրավունքները նոնսենս են։

Իրավունքի՝ որպես գերիշխելու արտոնության ընկալումը արմատացած է homo postsoveticus-ի աղայական գլխում, որը, այս ամենից զատ, նաև պաթոլոգիական կարիք ունի իշխել ինչ-որ մեկին նույնիսկ իր ամենալիբերալ դրսևորումներում։ Ուստի՝ էթնիկ փոքրամասնությունների քանակը՝ որպես ֆորմալ հատկանիշ, որն ուղեկցվում է ինքնուրույն զարգանալու նրանց ձգտումը ճնշելով, ձուլմամբ և այլն, կարող է ներկայացվել որպես «մուլթիէթնիկություն» և նույնիսկ մուլթիմշակութայնություն, իսկ դաշնություն եզրույթը կոչված է նկարագրել զուտ տարածքի կայսերական ճարտարապետության նոր ֆորմաները։

Հավանաբար, միակ բացառությունն այս շարքում Գագաուզիայի քեյսն է Մոլդովայում, երբ երկրի կառավարությունը՝ առերեսվելով Մերձդնեստրի հակամարտությանը, մանեկները ձգելու և առկա ինքնավարությունները լիկվիդացնելու փոխարեն (ինչպես դա արվեց Լեռնային Ղարաբաղի դեպքում 1991 թվականին՝ Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո) ստեղծեց նորը, այդկերպ թուլացնելով լարվածությունն ու ազատվելով պոտենցիալ նոր կոնֆլիկտից։ Էապես տարբերվում է նաև հետհակամարտային իրավիճակը Մերձդնեստրում, որտեղ բնակչության զգալի մասն ընդունել է Մոլդովայի քաղաքացիությունը, պահպանվել է տեղաշարժի ազատությունը և այլն․ առանց ռուսական զորախմբի այս ռեգիոնը ակնհայտորեն կկարողանան խաղաղ ինտերգրվել երկրի կյանքին։

Սամվել Մելիքսեթյան