Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է կիրակի կայացած նախագահական ընտրություններում՝ շարունակելով սոցիալիստական կուսակցության 25 տարվա իշխանությունը երկրում։ Ընդդիմությունը, սակայն, վստահ էր, որ այս անգամ կհաջողվի հաղթել Ուգո Չավեսի հետևորդներին։ Մադուրոյի հակառակորդ Էդմունդո Գոնսալեսը վայելում էր Վաշինգտոնի աջակցությունը, որը շահագրգռված է նավթի ամենամեծ պաշարներով երկրում ունենալ ամերիկամետ իշխանություն։
Ընդդիմության թեկնածու Գոնսալեսը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Նա առաջադրվել էր, երբ իշխանությունները արգելել էին ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի գրանցումը։
Հրապարակված արդյունքներից հետո՝ Մաչադոն կոչով դիմել էր բանակին․ «Վենեսուելայի ժողովուրդը խոսել է. նա չի ուզում Մադուրոյին։ Ժամանակն է կանգնել պատմության ճիշտ կողմում: Դուք հենց հիմա դա անելու հնարավորությունը ունեք»։
Բանակը, սակայն, Մադուրոյին միշտ է աջակցել և նախագահի դեմ ռազմական հեղաշրջում չէր պլանավորում։
Ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է, որ ընտրատեղամասերի 80 տոկոսից ստացած տվյալների համաձայն գործող նախագահը ստացել է ձայների 51 տոկոսը, իսկ Գոնսալեսը՝ 44-ը։ Որոշ իրավապաշտպաններ, այնուամենայնիվ, հայտնում են ընտրակեղծիքների, տեղամասերում Մադուրոյի աջակիցների և ընդդիմադիրների միջև բախումների մասին։
Արդյունքների հրապարակումից հետո Մադուրոն հայտարարել է, որ իր հաղթանակը «խաղաղության և կայունության հաղթանակն է»։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է՝ Վաշինգտոնը «լուրջ մտաhոգություն ունի, որ հայտարարված արդյունքը չի արտացոլում Վենեսուելայի ժողովրդի կամքը։ Մինչդեռ Կրեմլը հաղորդել է, որ Ռուսաստանը շարունակում է ամրապնդել հարաբերությունները Վենեսուելայի հետ։
Նիկոլաս Մադուրոն նախագահ է ընտրվել երրորդ անգամն անընդմեջ։ Մինչ այդ նա սոցիալիստ հեղափոխական Ուգո Չավեսի օրոք վարչապետ էր։ 2012թ․ դեկտեմբերի 8-ին Չավեսը հայտարարել էր, որ իր առողջական վիճակի վատթարացման դեպքում նախագահի պաշտոնակատարը կլինի Մադուրոն։ Նա շուտով գուժեց Չավեսի մահը՝ դրանում մեղադրելով «արտաքին թշնամիներին»։
2013-ի ապրիլին կայացած նախագահական ընտրություններում Մադուրոն հաղթեց իր հակառակորդ Էնրիկե Կապրիլեսին, որը չընդունեց ընտրությունների արդյունքները։
Չավեսից Մադուրոն ժառանգել էր մի շարք խնդիրներ․ հսկայական պետական պարտք, որը կազմում էր երկրի համախառն ներքին արդյունքի 70%-ը և 13% բյուջետային դեֆիցիտ։
Մադուրոյի օրոք «վենեսուելական ճգնաժամը» խորացավ. գործազրկության աճը և ՀՆԱ-ի անկումը համեմատելի են միայն պատերազմող երկրների ցուցանիշների հետ։
Հիպերինֆլյացիայի նման ցուցանիշ եղել է միայն Բոսնիա և Հերցեգովինայում 1992-1995 պատերազմից հետո, Ռուսաստանում՝ Խորհրդային միության անկման ժամանակ՝ 1991-ին։
2017 թվականից սկսած իրավիճակն էլ ավելի վատացավ։ Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրամիությունը, Պանաման պատժամիջոցներ սահմանեցին Վենեսուելայի և նրա վերնախավի դեմ: Հատկապես ցավոտ էին նավթաարդյունաբերական տեխնոլոգիաների ներկրումը սահմանափակող պատժամիջոցները։ Երկրում անհնար դարձավ նավթի արդյունահանումը, որը կազմում էր արտահանման 95 տոկոսը։
Ծանր տնտեսական պայմաններում Վենեսուելայից արտագաղթեցին բարձր որակավորում ունեցող մասնագետները։ 13 000 բժիշկների արտագաղթը, դեղամիջոցների 85%-ի հասնող դեֆիցիտը կոլապսի ենթարկեց առողջապահական համակարգը։
2018-ին Մադուրոն վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Այդ ընտրություններում ընդդիմադիր Խուան Գուայդոն նույնպես չընդունեց ընտրությունների արդյունքները։ Ընդդիմադիրների և գործող նախագահի աջակիցների միջև բախումներ և զոհեր եղան։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գուայդոյին ճանաչեց պետության ղեկավարի պաշտոնակատար և հայտարարեց որ Մադուրոն լեգիտիմ չէ։
Դրան ի պատասխան Մադուրոն խզեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները և երկրում կատարվող իրադարձությունները որակեց որպես անօրինական հեղաշրջման փորձ:
2020-ին ԱՄՆ-ը Մադուրոյին և վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրեց թմրամիջոցների մաքսանենգության, կոլումբիական ՖԱՐԿ (Կոլումբիայի զինված հեղափոխական ուժեր) խմբավորման հետ համագործակցելու և «ԱՄՆ-ն կոկաինով հեղեղելու» մեջ։ Վենեսուելայի նախագահի ձերբակալությանը օժանդակելու համար ԱՄՆ իշխանությունները 15 մլն․ դոլար են խոստանում։