2020-ի պատերազմից հետո Նաիրա Մարգարյանը ամուսնու և 6 անչափահաս երեխաների հետ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից տեղահանվել է Գանձասար։ Ընտանիքի հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Գանձասարում ապրել են վարձով։
Շրջափակման ամիսներին իմացել են՝ որպես հանձնված բնակավայրերի նախկին բնակիչ իրենց բնակարանի գնման վկայական է հասնում։ Սերտիֆիկատը չեն վերցրել։ Մինչև վերջ էլ Ղարաբաղում են ապրել, տեղահանվել են բոլորի հետ միասին՝ 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո։ Գորիսի համակարգման կենտրոնից նրանց ուղարկել են Վայք, Վայքից՝ Արենի։
Հայրը աշխատանքի է անցել տեղի համայնքապետարանում (աշխատավարձը՝ ամսական 120 հազար դրամ)։ Մայրը գործազուրկ է։ Ավագ որդին սեզոնային աշխատանքով է զբաղվում։ Ստանում են 60 հազարի «փարոս»։ 180 հազարից 80-ը տալիս են տան վարձ։ Սննդի հարցը մեղմելու համար սկսել են մշակել տնամերձ հողը։
Մայիսին իմացել են, որ բնակարանի վարձակալության համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցաջակցությունից իրենց մեկընդմիշտ կտրել են։ Բնակապահովության նոր ծրագրով էլ չեն անցնի։ Պարզել են, որ պետությունը իրենց 2023 թվականի տեղահանված չի համարում։ Հետո իմացել են, որ 2023-ի մեկօրյա պատերազմից հետո Ղարաբաղից փախած մարդկանց մի մասին նախարարությունը ձևակերպել է որպես «Արցախի առանձին շրջաններից տեղահանված» և դասել ոչ թե վերջին փախստականների, այլ 2020-ի պատերազմից հետո տեղահանվածների շարքերին։
տե՛ս Եռակի փախստականներին թողնելու են փողոցում
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված ղարաբաղցի ընտանիքներին (անկախ ընտանիքի անդամների քանակից) 10 միլիոն դրամի սերտիֆիկատներ են տալիս՝ տուն գնալու համար։ 2023 թվականի սեպտեմբերին տեղահանվածները այլ ծրագրով են անցնում․ կախված բնակավայրից՝ նրանք ստանալու են մեկ շնչի հաշվով 3-ից 5 միլիոն դրամ և հիփոթեքային վարկ ձևավորելու հնարավորություն։ Բազմազավակ ընտանիքների համար այս ծրագիրն ավելի ձեռնտու է։
10 միլիոն դրամի սերտիֆիկատով մեծ ընտանիքները, որոնք խնայողություններ չունեն, տուն առնել չեն կարող։ Հեռավոր գյուղերում աշխատանք չկա, մնացած տեղերում էլ գներն են բարձր։ «
Տան գները թանկացել են։ Թող մեկը ցույց տա ինձ տուն 10 միլիոնով, ես առանց ձեն հանելու կառնեմ», – ասում է 6 երեխաների և ամուսնու հետ ապրող Նաիրան։
Նա չի հասկանում, ինչու են իրենց անջատել մյուս փախստականներից, ինչ սկզբունքով են կտրել բնակվարձի փոխհատուցման գումարից, ինչու են զրկել վերջին ծրագրին մասնակցելու հնարավորությունից։