Իրանի կառավարությունը հրամայել է Ֆրանսիայում բնակվող երիտասարդ իրանցի դերասանուհի Գոլշիֆտ ֆարահանիին չվերադառնալ հայրենիք այն բանից հետո, երբ նա մերկ նկարահանվել է Le Figaro ամսագրի համար` ի նշան Իրանում կանանց իրավունքների սահմանափակման դեմ բողոքի, գրում է The Daily Telegraph-ը:
Մերկ ֆարահանիի լուսանկարները ակտիվ քննարկումների առարկա են դարձել Իրանում և Մերձավոր Արևելքում:
Երիտասարդ դերասանուհին լքել է Իրանը նախորդ տարի իսլամիստական սահմանափակող օրենքների պատճառով, որոնց ստիպված է հետևել իրանական կինոարտադրությունը նախագահ Ահմադինեժադի պահպանողական մշակութային քաղաքականության համաձայն:
«Ինձ պաշտոնապես տեղեկացրել են մշակույթի նախարարությունից, որ Իրանը դերասանների և դերասանուհիների կարիք չունի, և որ ես կարող եմ իմ դերասանական ծառայությունները մեկ այլ վայրում առաջարկել»,-պատմել է Ֆարահանին:
Գոլշիֆտե Ֆարահանին սկսել է խաղալ թատրոնում 6 տարեկան հասակից, իսկ 14-ում նկարահանվել է առաջին ֆիլմում և անմիջապես լավագույն դերասանուհի է ճանաչվել թեհրանական «Ֆաջր» կինոփառատոնում: Դրանից հետո նա նկարահանվել է ևս 15 ֆիլմերում, որոնցից գրեթե բոլորը մրցանակների են արժանացել տարբեր կինոփառատոններում: Վերջին ֆիլմերից մեկը` «Սանտուրին» , որտեղ նա հանդես է եկել թմրամոլությամբ տառապող երաժիշտի կնոջ դերում, նրան մեծ հռչակ է բերել, միաժամանակ ֆիլմն այդպես էլ մեծ էկրաններ դուրս չի եկել:
Ֆարահանին նկարահանվել է հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի հետ հոլիվուդյան «Ստի ամբողջություն» ֆիլմում, որտեղ բուժքրոջ դերն է ստանձնել:
Մերկ նկարների հրապարակումը համընկել է իրանական «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմին «Ոսկե գլոբուս» մրցանակի շնորհման հետ, որից հետո իրանական իշխանությունները կարգադրել են փակել Թեհրանի Կինոյի տունը:
Լուսանկարների տարածումից մի քանի ժամ անց Ֆարահանին Facebook սոցիալական ցանցում հազարավոր մեկնաբանություններ է ստացել երկրպագուներից, որոնցից ոմանք մեղադրում են նրան «անպատշաճ վարքի» համար, իսկ մյուսներն էլ հիանում են «մահմեդական երկրներում կանանց իրավունքների համար պայքարելու հարցում դրսևորած խիզախությամբ»: