«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո: 4 տարվա աշխատանքից հետո Գվարդիոլան որոշել է չերկարաձգել ակումբի հետ կնքած պայամանգիրը:
«Այս որոշումն ինձ հեշտ չի տրվել, սակայն արդեն ժամանակն է, որ հնարավորություն տրվի ուրիշ մարզիչների: 4 տարիների ընթացքում ես իրականացրի իմ բոլոր ցանկությունները, արեցի ամեն ինչ, որպեսզի թիմը հաջողությունների հասնի: Այս որոշումը կայացրել եմ դեկտեմբերին, սակայն բնական է, որ մենք չէինք կարող այն ժամանակից շուտ հրապարակել:
Ցանկանում եմ, որ թիմը շարունակի ջանասիրաբար աշխատել: Ակումբը հիանալի նախագահ ունի: Այժմ թիմին նոր շունչ ու նոր արյուն է հարկավոր», – Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Armfootball.com-ը:
Ռոսելը նշել է, որ գոհ է մնացել Գվարդիոլայի աշխատանքից այս 4 տարիների ընթացքում և մի քանի անգամ շնորհակյալութուն է հայտնել նրան:
Գվարդիոլայի հեռանալուց հետո ակումբը կգլխավորի նրա օգնականը` Տիտո Վիլյանովան: «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ Վիլյանովան որպես թիմի նոր գլխավոր մարզիչ կներկայացվի մրցաշրջանի ավարտից հետո: Սուբիսարետան հայտարարել է, որ թիմը նոր խաղացողներ ձեռք կբերի, սակայն կպահպանի իր խաղաոճը:
Սանդրո Ռոսելի կարծիքով` մյուս մրցաշրջանում թիմն ավելի լավ կներկայանա և ճիշտ աշխատանքի շնորհիվ նոր նվաճումների կհասնի:
Ինքը` Գվարդիոլան, ոգևորել է Վիլյանովային` նշելով, որ «Բարսլեոնան» մեծ ակումբ է, և այսպիսի հնարավորությունը անպայման պետք է օգտագործել: