2011 թվականի հուլիսին Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ սեպտեմբերին հարուցված քրեական գործով մինչ օրս դեռևս ձերբակալվածներ չկան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննեսի հայրը՝ Վարդան Վարդանյանը:
Հովհաննեսի հայրը մխիթարվում է միայն նրանով, որ տղան համեմատաբար իրեն լավ է զգում ու դուրս է եկել ծայրահեղ ծանր հոգեկան վիճակից:
«Ավանի հոգեբուժարանում Հովհաննեսին բուժող բժիշկ Հենրիկ Բակունցն օրեր առաջ ասաց, որ այսուհետ բուժումը շարունակելու ենք տանը, միայն ամիսը մեկ անգամ կարող ենք այցելել իրեն: Բժիշկը երկու տեսակ դեղ է նշանակել, որոնք Հովհաննեսը պետք է ընդունի ամբողջ կյանքի ընթացքում, հակառակ դեպքում հիվանդությունը կրկին գլուխ կբարձրացնի», – ասել է Վարդանյանը:
Հայրն ընդգծել է, որ ինքը պարտական է Հովհաննեսին բուժող բժշկին, քանի որ նրա ջանքերի ու հետևողական աշխատանքի արդյունքում է տղան կազգուրվել:
«Շատ գոհ եմ բուժող բժշկից ու տղայիս վիճակը գնահատում եմ եթե ոչ 100 տոկոսաանոց լավ, ապա 65-70 տոկոսանոց: Արդյունքն ակնհայտ է», – ասել է Վարդանյանն ու որպես ապացույց նշել, որ երեկ Հովհաննեսի հետ գնացել է խանութ, դրսում սպասել է՝ մինչ տղան առևտուրը կվերջացնի ու տուն կգնան:
«Արած առևտուրն էլ մեկ տուփ սիգարետն է, որ խանութից գնում է, թե չէ գումարի հետ ինքը գործ չի ունենում», – պատմել է հայրը, ով նաև ուրախությամբ հայտնել է, որ երկու օր է, ինչ ինքը աշխատանքի է տեղավորվել քարի արտադրամասում:
«Կես ժամը մեկ զանգում եմ տուն, խոսում Հովհաննեսի հետ, կնոջս հիշեցնում, որ չմոռանա դեղերը ժամանակին տալ՝ առավոտյան, կեսօրին ու երեկոյան: Իսկ ընդհանուր առմամբ Հովհաննեսը հանգիստ է՝ հեռուստացույց է նայում, այցելում է հարևաններին: Կարևորն այն է, որ ինքն հանգիստ է ու դա ինձ հնարավորություն է տվել աշխատելու, այլապես անհնար էր առանց աշխատանքի»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է որդու գործով նշանակված հետաքննությանը, Վարդանյանը նշել է, որ ինքը վերջերս երկու անգամ կապվել է քննիչների հետ, նրանք էլ ասել են, որ հետաքննությունն ընթացքի մեջ է ու որևէ նորություն չկա: