Անգամ կայծակը, անձրևն ու ամպրոպը չխանգարեցին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընթացքին: Երեկ Երևանի ժամանակով 20:04-ին Ուկրաինա-Ֆրանսիա հանդիպման մրցավար հոլանդացի Բյորն Կույպերսը կանգնեցրեց խաղը, քանի որ Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնի խոտածածկը կամաց-կամաց վերածվում էր լողավազանի: Ուժեղ անձրևը և կայծակը թույլ չտվեցին հանդիպումը վերսկսել մինչև 21:00: Նման դեպք խոշոր ֆուտբոլային մրցաշարարի պատմության ընթացքում եղել էր միայն մեկ անգամ, երբ 1974 թվականի Աշխարհի գավաթի երկրորդ խմբային մրցաշարում Գերմանիա և Լեհաստան պայքարում էին եզրափակիչ հանդիպման ուղեգրի համար: Այն ժամանակ հանդիպումը նույնպես կասեցվել էր անձրևի խաղադաշտից և վերսկսել խաղը: Վատ եղանակային պայմանները, շատերի վկայությամբ, օգնել են հենց Գերմանիայի ընտրանուն, որը հաղթել է 1:0 հաշվով, քանի որ արագ և տեխնիկապես լավ պատրաստված լեհերը չեն կարողացել իրենց ֆուտբոլը խաղալ ծանր դաշտի վրա:
Այս անգամ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև հանդիպման պատվիրակ, ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը, նույնպես որոշեցին շարունակել խաղը, երբ անձրևը դադարեց:
Հանդիպումը վերսկսելուց հետո շատ քիչ հարցեր էր ծագում, թե ով է ուժեղ: Եթե 1-ին խաղակեսում ուկրաինացիները Ֆրանսիայի վտանգավոր գրոհներին պատասխանում էին հակագրոհներով, ապա երկրորդ կեսին հյուրերը ուժեղացրեցին ճնշումը և 3 րոպեի ընթացքում վճռեցին հանդիպման ելքը:
53-ին Ժերեմի Մենեզը, իսկ 56-ին` Յոան Կաբայը մեկական գնդակ խփելով` էլ ավելի մեծ վստահություն ներշնչեցին իրենց թիմի երկրպագուներին: Մնացած ժամանակում Ֆրանսիան ավելի մոտ էր հաշիվը խոշոր դարձնելու, քան ուկրաինացիները կրճատելու այն:
Ի տարբերություն Անգլիայի ընտրանու հետ խաղի, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Լորան Բլանն ավելի հարձակվողական կազմ էր ընտրել, մասնավորապես, խաղադաշտ դուրս բերելով Մենեզին, ինչն էլ արդյունք տվեց:
Օրվա երկրորդ խաղը` Անգլիա-Շվեդիա, անցավ դրամատիկ պայքարում: Երկու թիմերն էլ մոռացել էին պաշտպանության մասին` հատկապես երկրորդ կեսում: Անգլիացիները բացեցին հաշիվը Էնդի Քերոլի գլխի հարվածի շնորհիվ, սակայն երկրորդ կեսին Շվեդիայի վետերան պաշտպան Օլաֆ Մելբերգը երկու գոլ կազմակերպեց: Առաջին դեպքում նրա հարվածից հետո գնդակը դիպավ Գլեն Ջոնսոնին և հայտնվեց դարպասում, իսկ երկրորդ դրվագում նա գլխի անկասելի հարված կատարեց:
Անգլիացիներն իրենց մեջ ուժ գտան և երկու գոլով պատասխանեցին: Հիանալի իրեն դրսևորեց փոխարինման դուրս եկած Տեո Ուոլքոթը: Նախ` նա մոտ 20 մետրից հարված կատարեց, և գնդակը անդրադարձով հայտնվեց ցանցում, ապա տպավորիչ անցում կատարեց և փոխանցեց գնդակ տուգանային հրապարակ, որտեղ էլ Դենի Ուելբեքը ցատկեց և կրնկով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Շվեդիան, այսպիսով, Իռլանդիայից հետո երկրորդ թիմը դարձավ, որ դուրս մնաց պայքարից, սակայն, ի տարբերություն իռլանդացիների, շվեդները պատվախնդիր ֆուտբոլ ցուցադրեցին:
Այս խմբում երկու ուղեգրերի համար պայքարում են Ֆրանսիան, Անգլիան և Ուկրաինան: Վերջին երկու թիմերը կհանդիպեն 3-րդ տուրում:
Լուսանկարները` Reuters