Մոսկվայում՝ «1905-й год» մետրոյի կայարանի մոտ, Ռուսաստանի հայ համայնքը ակցիա է անցկացրել՝ ի նշան բողոքի ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման դեմ:
Ակցիայի մասնակիցները Ադրբեջանի և Հունգարիայի դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել: Հրապարակում բարձրացվել են Ռուսաստանի, Իսրայելի և Հայաստանի դրոշները: Ակցիայի ընթացքում նաև կարգախոսներ են հնչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Հայ համայնքը քննադատել է Պուտինին Ռամիլ Սաֆարովի գործի մասին լռություն պահպանելու համար:
Ակցիային միացել է նաև Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես նաև նրա կուսակից Իվան Սուխարևը: Վերջինս հայտարարել է, որ իր կուսակցությունը միշտ հայ ազգի կողքին է և շարունակելու է առաջնորդվել նույն քաղաքականությամբ: Նա ևս քննադատություն է հնչեցրել Պուտինի հասցեին՝ կատարվածի վերաբերյալ իր վերաբերմունքը չհայտնելու համար:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: 2006 թվականին Սաֆարովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել հունգարական արդարադատության կողմից: Օգոստոսի 31-ին հանցագործը արտահանձնվել էր Ադրբեջանին, որից հետո նախագահ Ալիևը ներում է շնորհել նրան և ազատ արձակել:
Լուսանկարը՝ Regnum.ru-ից