Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը փետրվարի 6-ին ստիպված է եղել լքել Գյումրու ավագանու նիստը: Տարածած հայտարարության մեջ ավագանու անդամն ընդգծում է, որ պատճառը Սերժ Սարգսյանին ուղղվելիք ուղերձի նախագծի հարցը օրակարգում չընդգրկելն է։
«Կողմ քվեարկեցի միայն ես, ավագանու անդամներից մեկը ձեռնպահ էր, մյուսները՝ դեմ էին», ֊ ընդգծում է Բարսեղյանը։
Ուղերձի տեքստը հետևյալն է․
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից ՀՀ նախագահին ուղերձ
Հարգելի պարոն Սարգսյան,
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սոսկալի ողբերգությունը ցնցել է համայն հայությանը և քաղաքակիրթ աշխարհին: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ հանցագործությունը, կիսելով մարդկանց վիշտը, խորությամբ հասկանալով մեր երկրի և քաղաքի առաջ ծառացած մարտահրավերները, վերահաստատելով գյումրեցիների՝ արդար դատաքննության պահանջը, դիմում է Ձեզ, խնդրելով.
1. Անհրաժեշտ ջանքեր ներդնել այս գործն ամբողջությամբ (հետաքննություն, դատավարություն, մեղադրյալ, փաստաթղթեր եւ այլն) անհապաղ ՀՀ արդարադատության համակարգի տնօրինման տակ անցկացնելու համար:
2. Հանրությանը ներկայացնել այսօրինակ դեպքերից խուսափելու բավարար երաշխիքներ»։
Ուղերձի նախագիծը, որը վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությանը, Բարսեղյանն առաջարկել էր քվեարկության դնել դեռևս հունվարի 19-ի ավագանու արտահերթ նիստին։ Այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկզբում ասել էր, որ առաջարկն ուշ է հասել քաղաքապետարան և այն չեն հասցրել նիստի օրակարգ ընդգրկել, ապա առաջարկել էր քվեարկել, թե արդյոք այդ ուղերձը պետք է դնել քվեարկության։ Ընդմիջման ընթացքում Լևոն Բարսեղյանը քննարկումներ էր անցկացրել ավագանու անդամների հետ, և նիստը վերսկսելուց հետո որոշել էր իր հեղինակած ուղերձի նախագիծը քննարկման դնելուց առաջ որոշ ժամանակ սպասել իրադարձությունների զարգացումներին և իշխանության հետագա քայլերին։ Բարսեղյանը հայտարարել էր, որ հարցին կանդրադառնա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում, ինչն էլ արվել է երեկ։
«Այս հասարակ տեքստով ուղերձին դեմ ելան ավագանու անդամները: Ուշադրություն դարձրեք. ոչ թե տեքստն են քննարկել ու մերժել, այլ՝ հարցն օրակարգ ընդգրկելուն են դեմ եղել: Առաջարկս մեխանիկորեն չէր ներմուծվել օրակարգի նախագիծ, ինչպես պահանջում էր օրենքը և ինչպես եղել էր նախորդ երկու տարիներում մեկ տասնյակից ավելի առաջարկներիս դեպքում, այլ թողնվել էր որպես լրացուցիչ քննարկման առարկա: Քաղաքապետը սա բացատրեց նրանով, որ ավագանու մի շարք անդամներ այդ հարցը ինձ հետ քննարկել են մինչև նիստը և համաձայնություն է եղել հարցի քննարկումը հետաձգել: Բացատրեցի, որ, իսկապես, քննարկումներ եղել են, բայց ես հարցը չեմ հանել և որևէ մեկին չեմ դիմել Սերժ Սարգսյանին հղվելիք ուղերձիս առաջարկը օրակարգից հանելու խնդանքով: Քաղաքապետը քվեարկության դրեց ուղերձով համալրված օրակարգ հաստատելու հարցը, որին կողմ քվեարկեցի միայն ես:
Այդուհետ, մնացած հարցերի քննարկմանը մասնակցելս ավելորդ համարելով, թողեցի նիստը:
Համարում եմ, որ բոլորիս պարտքն է մտածել այն միջոցների և տեխնիկական երաշխիքների մասին, որոնց դեպքում պաշտպանված կլինենք Ավետիսյանների ողբերգության նման դեպքերից: Այդ երաշխիքները պիտի կառուցվեն անհապաղ, դա պիտի լինի քաղաքական և տեխնիկական միջոցառումների փաթեթ, այնպես, որ բոլորիս համոզեն, որ մենք պաշտպանված ենք: Քաղաքապետն իր անելիքներն ունի այս մասով, քաղաքացիներն՝ իրենց, ավագանին՝ իր անելիքը, սակայն կան բաներ, որոնք օբյեկտիվորեն գտնվում են երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի լիազորությունների, իրավասությունների և պարտականությունների շրջանակներում», ֊ տարածած հայտարարության մեջ նշում է Բարսեղյանը:
Նա ընդգծում է նաև, որ Գյումրու ավագանու այն անդամները, որոնք դեմ եղան գյումրեցիների անվտանգության ապահովման երաշխիքների ներկայացման համար ուղերձով Սերժ Սարգսյանին դիմելու գաղափարին, անկախ այն հիմքերից, թե ինչու այդպես վարվեցին, կիսում են Սերժ Սարգսյանի և իրավապահների հետ պատասխանատվությունը ապագա, հնարավոր համանման հանցագործությունների դեպքում:
«Չեմ ակնկալում, թե դեմ եղողները հրապարակային բացատրություն կտան իրենց ընտրողներին և չընտրողներին, թե ինչու այդպես վարվեցին, կբացատրեն, թե այդ ինչ սարսափելի հարց էր, որին դեմ քվեարկեցին:
Ընտրողներիս և չընտրողներիս տեղեկացնում եմ, որ ես իմ լիազորությունները չեմ դադարեցնում որպես Գյումրու ավագանու անդամ, սակայն չեմ պատրաստվում այլևս մասնակցել և ժամանակ ծախսել այնպիսի բարդ հարցերով նիստերին ու որոշումների կայացմանը, ինչպիսիք են տորթեր, քշած ավտո, տոնածառներ գնելուն, ոստիկանությանը շենք նվիրելուն և այլ բաներին նվիրված որոշումները: 27 ամիս շարունակ բոլոր ջանքերս ներդրել եմ ավագանու որոշումները որակյալ ունենալու, ավելի պատասխանատու տեղական ինքնակառավարում ունենալու, քաղաքի շահը այդ նիստերում պաշտպանելու համար, սակայն այս կարգի անլուրջ վերաբերմունքը հանդուրժել անհնար է:
Ավագանու անդամներին և քաղաքապետին տեղեկացնում եմ, որ Ս.Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիներին այսօրինակ դեպքերից պաշտպանված լինելու երաշխիքների համար ուղերձիս առաջարկն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ընդունվել ավագանու որոշմամբ: Մինչև իմ լիազորությունների ավարտը՝ 2016 թվի նոյեմբերի 12-ը, ավագանու բոլոր նիստերից առաջ այդ նույն առաջարկությունը՝ թարմացված ամսաթվով ուղարկելու եմ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ օրակարգ ընդգրկելու համար և ամեն անգամ ավագանին ստիպված է լինելու որոշել՝ ընդգրկե՞լ այն օրակարգ, թե՞ չընդգրկել, ապա՝ ընդունե՞լ այդ ուղերձը, թե՞ աղոթել, որ Ավետիսյանների դժբախտությունը չկրկնվի», ֊ եզրափակում է Բարսեղյանը: