Սոլիգորսկում «Բելառուսկալիում»֊ի աշխատակից Յուրի Կորզունն իրեն ձեռնաշղթաներով կապել է 305 մետր խորության հանքահորից և հրաժարվում է վերև բարձրանալ իր նշած պահանջները չբավարարելու դեպքում։ Պահանջների ցանկում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, հայտնում է «Բելառուսկալիում»֊ը։
ՎԿոնտակտեի իր էջում հրապարակած, ձեռնարկության տնօրենին ուղղված ուղերձում Կորզունը պահանջում է վերջ դնել աշխատողներին վախացնելու և աշխատանքից հեռացնելու պրակտիկային, բաց թողնել «Բելառուսկալիումի» գործադուլային կոմիտեի անդամներին, դադարեցնել քաղաքացիների առևանգումներն անհայտ անձանց կողմից, չխանգարել փողոցում խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին։
Կորզունը պատմում է, որ ողջ կյանքում ինքն ապաքաղաքական է եղել, բայց Լուկաշենկոյի պահվածքը 2020 թվականին իրենց այլ ընտրություն չեն թողել․ «Նրա ենթակայության տակ գտնվող բոլոր ուժային կառույցները չարաշահել են լիազորությունները՝ ծեծելով, տանջելով, բռնությունների ենթարկելով խաղաղ ցուցարարներին ու անգամ պատահական անցորդներին, ընդ որում՝ անպատիժ մնալով։ Ավելի քան 80 քաղաքացի անհետ կորած է։ Բոլորս էլ գիտենք՝ ինչ է անում անպատի֊ մնացած հանցագործը․ կրկնում է իր հանցագործությունները՝ ամեն անգամ էլ ավելի դաժան ձևով։ Ու սա վերաբերում է մեր երկրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի», – ՎԿոնտակտեի իր էջում գրում է Յուրի Կորզունը։
Ակցիայի սկզբից չորս ժամ անց նրան դուրս են հանել հանքահորից ու տեղափոխել հիվանդանոց։ Սոլիգորսկում Կորզունի աջակցության երթեր են կազմակերպվում։
Հիվանդանոցում Կորզունին հետազոտել ու բաց են թողել։ Հուսով է, որ իրեն չեն ձերբակալի և կարճ ժամանակ անց կկարողանա միանալ գործադուլին։