Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, զինված ուժերում դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ: Ըստ սեպտեմբերի 10-ին տարածած հաղորդագրության, այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը զորքերում կառավարելի է:
Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.
– արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,
– խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,
– պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):
Ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով մշտական դարձած բռնությունը չհաղթահարած բանակի ղեկավարությունը սահմանափակումները արդարացնում է մարտունակության բարձ մակարդակի պահպանման անհրաժեշտությամբ։ Զինվորականների շրջանում կորոնավիրուսային վարակի տարածման ծավալները մինչ այժմ գաղտնի են պահվում։