Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ում այս տարվա օգոստոսին փորձել էին թունավորել, դեկտեմբերի 15-ին տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացնում է Bellingcat խմբի և Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը․ հետաքննող լրագրողներին փաստացի հաջողվել է բացահայտել թունավորման գործը:
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Ալեքսեյ Նավալնին մեկ այլ տեսանյութ էր հրապարակել, որում զրուցում է իրեն հետապնդողներից Կոնստանտին Կուդրյավցևի հետ՝ հեռախոսահամարը փոխող ծառայության միջոցով։ Ընդդիմադիրը ներկայանում է որպես Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևի մտացածին օգնական Մակսիմ Ուստինով և հարցեր տալիս իր թունավորման դեպքի ձախողման մանրամասների մասին։ Կուդրյավցևը մանրամասնորեն պատմում է՝ ինչ, ում հետ, երբ և ինչպես է արվել։ Ի թիվս այլի, հաստատում է, որ Նավալնին թունավորվել է վարտիքից։
Հետաքննությանն ու հեռախոսազրույցին անդրադարձել է «Նովայա Գազետա»-ի տեսաբան Յուլիա Լատինինան։
Իր մամուլի կոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոստովանեց, որ այո, Նավալնուն հետևելը՝ հետևում էին, բայց սպանել չէին պատրաստվում։ Ինչպես արդեն նշել էի, սա փաստաբանների դասական արգումենտն է․ «Այո, հետևելը՝ հետևում էինք։ Բայց սպանել է մեկ ուրիշը»։
Դրա համար էլ քննիչները սովորաբար սկզբում հանցանշանների միայն մի մասն են ներկայացնում ու սպասում արդարացումների։ Կասկածյալները սկսում են արդարանալ ու ևս մեկ անգամ են մերկանում՝ հանցանշանների մյուս մասի առաջադրումից հետո։
Bellingcat-ը և ՖԲԿ-ն (Ալեքսեյ Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, խմբ․) հենց այդպես են վարվել։ Հրապարակել են ապացույցների կեսն ու Կրեմլին էլ ավելի խճճվելու հնարավորություն տվել։ Հետո, երբ հատուկ ծառայությունները երկու ոտքով որոգայթի մեջ էին, հրապարակեցին Bellingcat-ի, Insider-ի և ՖԲԿ-ի հետաքննության համաձայն Նավալնու գործով աշխատող Կոնստանտին Կուդրյավցևի և Ալեքսեյ Նավալնու շլացուցիչ, վերիրական խոսակցությունը, որը քարը քարի վրա չթողեց նախորդ արդարացումները։
Սա Էրքյուլ Պուարոյի ոճի պարզագույն ծուղակ է։
Սա բլոքբասթեր է։
Նավալնին նկարահանվեց իր կյանքի գլխավոր բեմական դերում՝ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևի մտացածին օգնական Մակսիմ Ուստինովի դերը։
Եվ նրա զրուցակիցը 45 րոպե շարունակ խոսեց մարդու հետ, ում հետևել է երեք տարի և՝ ղեկավարության նկատմամբ վախի պատճառով չի ճանաչել։ Եվ պատմեց ամեն ինչ։ Ե՛վ կապույտ անդրավարտիքի մասին։ Ե՛վ վարտիքի լայնույթի։ Ե՛վ այն մասին, որ այո՝ աշխատանքը թերի է ստացվել։
Ամենաապշեցուցիչն այն է, որ երկրի ղեկավարությանն այս բլոքբասթերի անխուսափելի պրեմիերայի մասին չեն զեկուցել։
Համակարգն այնքան է փտել, որ ազդանշանները միջով չեն անցնում։ Կամ Կուդրյավցևը խոսակցությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ վճռականություն չի հավաքել՝ ղեկավարությանը խոստովանելու համար, կամ, սովորականի պես, կեսն է պատմել, վերև գնացել է կեսի կեսը․․․ Արդյունքում, նախագահին կամ չեն զեկուցել խոսակցության մասին, կամ զեկուցել են, որ անհանգստանալու բան չկա։ Սա ակնառու կերպով պատկերավորում է նախագահին հասնող տեղեկատվության որակը։
Զանգի մասին իմանալու դեպքում, համակարգը կարող էր գոնե ինչ-որ բան մտածել։ Հայտարարել, որ Կուդրյավցևը ձերբակալցած է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար։ Ստիպել, որ նա դա խոստովանի տեսախցիկի առջև։ Գոնե ինչ-որ նախազգուշացնող հարված հասցնել։ Բայց նրանք գլուխները թաքցրել են ավազի մեջ ու զեկուցել, որ թռիչքը նորմալ է։
Բացասական սելեկցիան հասել է ընտրության բարձունքներին։
Bellingcat-ի հետաքննությունը ի հայտ եկավ նաև այն պատճառով, որ ռուսական հատուկ ծառայությունների համակարգում վաճառվում է ամեն ինչ, այդ թվում՝ տվյալների բազաներ։ Ու որովհետև Նավալնու գործով աշխատող թիմը անթիվ, աներևակայելի քանակի սխալներ է գործել։
Նախ, նրանք Նավալնու հետևից բարդ երթուղով են թռել։ Ժամանել են Նովոսիբիրսկ, մեկնել՝ Տոմսկից։ Եթե Նովոսիբիրսկ թռչեին, գնային Տոմսկ ու մեքենայով վերադառնային Նովոսիբիրսկ՝ մի շաբաթից Մոսկվա կվերադառնային, և դա հաշվարկելը անհնար կլիներ։
Երկրորդ։ Մենք սովոր ենք, որ հատուկ գործակալներն իրենց մասնագիտությունը գաղտնի են պահում։ «Նիկիտա» ֆիլմի հերոսուհին դժվար թե ինչ-որ մեկի հեռախոսում որպես «Նիկիտա-կիլլեր» գրանցված լիներ։ Բայց Ռուսաստանում անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հովանավորչություն են անում ու իրենց ցուցամոլի պես պահում (պոնտեր անում)։ Երևի այդ պատճառով էլ հետաքննության դերակատարներից մեկը տարբեր հեռախոսներում որպես «Վլադիմիր ԱԴԾ Պանյաև» գրանցված։ Նկատենք, որ նա այդպես գրանցված էր ոչ իր գործընկերների հեռախոսներում․ նրանց համար «ԱԴԾ» գրառումն առանձնացնող նշան չէ, այդպես նա կարող էր գրանցված լինել ձեռներեցների ու կուլ գնացողների հեռախոսներում։
Երրորդ։ Ֆիլմերից ու կինոներից մենք գիտենք՝ ինչ բծախնդրորեն են կառուցվում հետախույզների լեգենդները։ Մարդիկ անգիր են սովորում նկարագրությունները դպրոցների, որոնցում իբրև թե սովորել են, և փողոցների, որոնցում իբր մեծացել են։ Նրանց համար դիպլոմներ են պատրաստում, վկայություններ, ատեստատներ։ Այս դեպքում կեղծ ազգանուններով մարդիկ գործում են սեփական երկրի տարածքում, և բարդ չէր լինի նրանց համար կամայական փաստաթղթեր մտածել, մեքենաներ ու անշարժ գույք գրանցել այդ կեղծ անուններով։ Նրանց անձնագրերը կուսականորեն կեղծ էին․ հորինված անունների վրա ո՛չ մեքենա կար գրանցած, ո՛չ բնակարան, նրանք չունեն ընտանիքներ ու դպրոց, որն ավարտել են։ Պատմություն չունեն։ Ու միանգամից պարզ է դառնում, որ անձնագրերը կեղծ են։ Իսկ գործակալների լրիվ անունները վերականգնվում են կես քայլով, քանի որ Նավալնու հետևից մյուս ուղևորություններին նրանք մեկնել են իրական անձնագրերով։ Եվ ընդհանրապես, կեղծ փաստաթղթերում իրենց իսկ անուններն են, հայրանվան առաջին տառերը, գուշակելի ծննդյան թվեր, իսկ կեղծ ազգանունը կնոջ կամ ընկերուհու օրիորդականն է։
Գործակալների իրական ազգանուններով նշված մեքենաներն ու հասցեները գրանցված են ԱԴԾ Հատուկ նշանակության կոնտրոնի հասցեով (Այդպես է, օրինակ, Միխայիլ Շվեցի մեքենան։ Նույն հասցեում, ի դեպ, ևս 190 մարդկանց մեքենաներ են գրանցված)։
Հինգերորդ։ Խմբի անդամների խելքը հերիքել էր հանձնարարության ժամանակ իրենց սեփական հեռախոսներից չօգտվել, բայց դա էլ ոչ միշտ։ Օրինակ, Ալեքսանդրովը թե՛ Նովոսիբիրսկում, թե՛ Տոմսկում երկու անգամ կարճ ժամանակով միացրել է իր անձնական հեռախոսը՝ երկու անգամն էլ այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ գիշերում էր Նավալնին։ Ամենայն հավանականությամբ, նրան պարզապես պետք էր հեռախոսից ինչ-որ բան նայել (օրինակ, հեռախոսահամար կամ հաղորդագրություն), նա միացրել ու անմիջապես ավիառեժիմ է ակտիվացրել, բայց հեռախոսն արդեն հասցրել է տվյալներ փոխանակել հեռախոսակապի աշտարակի հետ։
Վեցերորդ։ Խմբի անդամները միշտ միասին էին գնում ավիատոմսերը։ Այսինքն, այնպես չէ, որ սկզբում Վասյան էր համակարգ մտնում ու տոմս գնում, հետո՝ Պետյան։ Տոմսերը գնում էին ամբողջ խմբի համար, ինչը վայրկյանապես մատնում է իրենց, հատկապես եթե հաշվի առնենք, որ մասնակիցները երբեմն կեղծ անուններով են երթևեկում, երբեմն՝ իրական։
Բայց, իհարկե, մեծագուն բացթողումը հենց modus operandi-ում է։ Մի ամբողջ բաժին են ստեղծել ու մի քանի տարի շարունակ դասակներով գնում են Նավալնու հետևից։ Ինչո՞ւ։ Այն նույն պատճառով, որն արդեն նշել եմ։
Կազմալուծված բյուրոկրատիան երբեք բաց չի թողնի առիթը ութ հոգով անելու այն, ինչ կարող էր անել մեկ մարդը, և երբեք բաց չի թողնի հնարավորությունը յուրացնել միլիարդը մի բանի վրա, որը կարելի է անել հարյուր հազարով։
Սա վերաբերում է նաև ընտրված միջոցին՝ «Նովիչոկին»։ Ինչու՞, գրողը տանի, «Նովիչոկ»։ Ինչո՞ւ պոլոնիում՝ Լիտվինենկոյի դեպքում։ Ինչո՞ւ օգտագործել նման բարդ ու սարսափելի նյութ, որի հայտնաբերումն անողոքաբար մատնանշում է, որ խոսքը պետության կողմից կազմակերպված գործողության մասին է։ Եթե թույն էր պետք, գրողը տանի, ինչու ոչ ստիխրին կամ ինչ-որ կալիումի ցիանիդ։ Ի վերջո, մարդկանց հաջողությամբ թունավորում են հազարամյակներ շարունակ, անգամ տիկին Բովարիին է դա հաջողվել։ Ինչպե՞ս ԱԴԾ-ն պակաս պրոֆեսիոնալ դուրս եկավ, քան տիկին Բովարին։
Պատասխանը նույն սկզբունքի մեջ է։ Ոչ թե «Նովիչոկ» Նավալնու համար, այլ Նավալնի՝ «Նովիչոկի» համար։ Մի ամբողջ ինստիտուտ են հիմնել, մեծաթիվ բաժանմունքներով, դեպարտամենտներով, քիմիկոսներով, պետք է արդարացնել նրանց գոյությունը։ Ցույց տալ, որ կարողանում են Հայրենիքի համար օգտակար արտադրանք ստեղծել։
Ցույց տվեցին։
Ո՞նց էր ասում Կուդրյավցևը։ «Ասացին անդրավարտիքի հետ աշխատենք, ներսի մասից»։ Կարողանայինք գոնե մի աչքով նայել, թե ինչպես են այդ վարտիքը քննարկելու Անվտանգության խորհրդում։
Սա, պարոնայք, աղետ է։ Սա քաղաքական Չեռնոբիլ է։ Նման բանից հետո համակարգն իր նախորդ տեսքով չի ապրում։ Այս բլոքբասթերն այնպիսի բարձունքներ բացեց, որ հետ քայլ չկա։
Մինչդեռ սա անգամ ամբողջական սերիալը չէ։ Ընդհամենը առաջին երկու սերիաներն են։ Շարունակելի։ Եվ, ի դեպ, վստահ եղեք՝ Հոլիվուդը կողքով չի անցնի։ Մի քանի տարի անց սպասեք «Գահերի խաղի» փոխանորդին։