Երեկ Գերմանիայից Ռուսաստան վերադարձած Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվեց։ Այդպիսի խափանման միջոց էր պահանջել Պատժի իրագործման դաշնային ծառայությունը (ՊԻԴԾ)։ Հունվարի 29-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի ընդդիմադիր գործչի պայմանական կալանքն իրականի փոխելու մասին։
Հիշեցնենք, որ մահափորձից հետո Ալեքսեյ Նավալնին (կոմայի մեջ) տեղափոխվել էր Գերմանիա։ Ապաքինվելուց հետո հայտարարել էր, որ վերադառնալու է Ռուսաստան։ Վերադարձի անոտացիային հաջորդել էր Ռուսաստանի ՔԿ-ի հայտարարությունը. ՔԿ-ն, որը հրաժարվել էր նույնիսկ քննել Նավալնու թունավորման դեպքը (որն, ի դեպ, բացահայտվել է հետաքննող լրագրողների կողմից), հայտարարել էր, որ նոր քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ այս անգամ՝ մեքենայությունների մեղադրանքով։
Նավալնուն բերման են ենթարկել Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո՝ հենց օդանավակայանում։
«Այս դատավճիռն, իհարկե, բողոքարկելու ենք։ Մենք այն միանգամայն ոչ օրինական ենք համարում», – Ինտերֆաքսի հետ զրույցում հայտարարել է Նավալնու փաստաբան Վադիմ Կոբզևը։
Պուտինի հակառակորդի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ դատական նիստն անց է կացվել Խիմկիի ոստիկանության երկրորդ բաժանմունքի սենյակներից մեկում։ Դատավարությունն անց է կացվել հենց ոստիկանությունում։
Алексея из зала «суда» pic.twitter.com/Dqsa4x0qrz
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) January 18, 2021
Փաստաբան Օլգա Միխայլովան պատմել է, որ նիստի մասին իրեն հայտնել են դրա մեկնարկից ընդամենը մեկ րոպե առաջ։ «12:29 ինձ ասացին, որ 12։30 դատը կսկսվի։ Խիմկիի քաղաքային դատարանի ներկայացուցիչները եկել էին ոստիկանական բաժանմունք», – պատմել է Միխայլովան, նշելով, որ նախկինում երբևէ չի լսել դատական նիստը ոստիկանության շենքում իրականացնելու որևէ նախադեպի մասին։
Դատավարության վայրում հավաքված լրագրողներին ներս չեն թողել, բացառությամբ Համառուսական պետական հեռուստաալիքի ներկայացուցիչների և Life Shot տելեգրամ ալիքի լրագրողների։
Ալեքսեյ Նավալնին իր ելույթում պահանջել է ներս թողնել դրսում հավաքված բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Պահանջն անտեսվել է։ Մերժվել է նաև դատավորի բացարկի պահանջը․ դատավորն ինքը այն «ոչ հիմնավոր» է որակել։
https://twitter.com/Kira_Yarmysh/status/1351116764915134467
Պայմանական պատիժն իրականի փոխելու վերաբերյալ վերջնական վճիռը կկայացվի հունվարի 29-ին։
Ալեքսեյ Նավալնու ձերբակալության օրինական և ոչ օրինական կետերի մասին Բի-բի-սի-ի ռուսական ծառայության հարցերը և իրավաբանների պատասխանները՝ ստորև։
Օրինակա՞ն է, արդյոք, նիստի անցկացումը ոստիկանական բաժանմունքում
Իրավաբանների փոխանցմամբ, դատական նիստերն այլ հաստատություններում կազմակերպելը Ռուսաստանի դաշնությունում օրինական է համարվում։ Հաճախ դատավարություններն իրականացվում են հիվանդանոցներում, գաղութներում և այլ հաստատություններում։
«Նիստի անցկացման վայրի ընտրությունը հիմնավորելու պարտավորություն դատարանը չունի», – բացատրում է փաստաբան Դմիտրի Դինզեն, ով, սակայն, ոստիկանությունում դատավարության կազմակերպման այլ նախադեպ չի հիշում։
«Կոմանդա 29»-ի իրավաբան Վալերիա Վետոշկինայի խոսքով, տվյալ դեպքում Նավալնուն նիստերի դահլիճ չտանելու իրավական պատճառնեի չկային։
Ի՞նչ իրավախախտումներ կային Նավալնու դատավարության մեջ
Հիմնական խախտումը փաստաբանին տեսնելու արգելքն էր, նշում են իրավաբանները։ Դմիտրի Դինզեի պնդմամբ, փաստաբաններին դատական նիստի իրականացման ժամկետների մասին պարտավոր են տեղյակ պահել գոնե հինգ օր առաջ։ Որոշ հրատապ դեպքերում այդ թիվը կարող է տատանվել մի քանի ժամից մինչև մեկ օր միջակայքում։
«Փաստաբանի հետ խորհրդակցելու արգելքն ու մեկ րոպե առաջ նիստի մասին ծանուցելը իրավական կամայականություն եմ համարում։ Պաշտպանության իրավունքի իրացման խոչընդոտը էական է համարվում, և կարող է չեղարկել սահմանված ցանկացած պատիժ», – բացատրում է Դինզեն։
«ՌԴ սահմանադրության համաձայն, անձն ունի փաստաբանի օգնությանը դիմելու իրավունք՝ սկսած ֆիզիկական ձերբակալության պահից», – նշում է փաստաբան Կոստանովը, ընդգծելով, որ դատարանի նման պահվածքը ոչ միայն պաշտպանյալի, այլև փաստաբանի իրավունքների խստագույն խախտում է։
Որքանո՞վ է օրինական Նավալնու կալանավորումը
Նավալնու ձերբակալության ողջ պրոցեսն իրավական տեսանկյունից վիճելի է։ Քրեական և պրոցեսուալ օրենսգրքերում չկա որևէ նորմ, որի հիման վրա ուժայինները կարող են բերման ենթարկել պայմանական կալանքի տակ գտնվող մեղադրյալին, ով՝ տեսչության կարծիքով, թաքնվում է վերահսկիչ մարմնից։
Այդ իսկ պատճառով, Պատժի իրագործման դաշնային ծառայությունը (ՊԻԴԾ) նախ հետախուզում էր հայտարարել Նավալնու նկատմամբ, իսկ հետո՝ պահանջել էր ձերբակալել։
Քրեական օրենսգիրքը սահմանում է պայմանական պատժի մեջ գտնվող անձի ձերբակալության գործընթաց միայն այն դեպքում, երբ դատապարտյալի գտնվելու վայրը հայտնի չէ, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Այդ դեպքում, անձը կարող է 48 ժամով բերման ենթարկվել, որից հետո՝ դատարանի որոշմամբ, կալանավորման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր։
ՔՕ-ն չի նախատեսում ձերբակալության մեխանիզմ պայմանական դատապարտյալների այն խմբի համար, որին պատկանում է Ալեքսեյ Նավալնին։ Կալանավորման ընթացակարգերը սահմանաված են միայն հարկադիր աշխատանքից կամ տույժի վճարումից խուսափած դատապարտյալների համար։ Այլ պատժամիջոցների արժանացած կալանավորների ձերբակալության կարգի մասին օրենքում գրված է՝ «համանմանությամբ»։ Իրավաբանների խոսքով, իրենք բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին՝ օրենքի այսպիսի բազմամեկնաբանելի դրույթը փոփոխելու պահանջով։ Պետդուման, սակայն, հայցերը մերժել է։
Նավալնու փաստաբան Օլգա Միխայլովայի փոխանցմամբ, «վերահսկողությունից խուսափած պայմանական դատապարտյալների ձերբակալությունը թույլատրող օրենսդրական որևէ նորմ գոյություն չունի»։
Բի-բի-սի-ի ռուսական ծառայությունը գտել է դատական որոշում, որով հետախուզման մեջ գտնվող պայմանական պատիժ կրող դատապարտյալի կալանավորման որոշումն օրինական էր ճանաչվել։ Այդ նիստի ժամանակ Օստանկինսկի դատարանը հղվում է քրեական օրենսգրքի այն հոդվածին, որը պատասխանատվություն է սահմանում հարկադիր աշխատանքից խուսափելու համար։