Home / Հայաստան / Ղարաբաղում կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ղարաբաղում կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեղի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:

Արցախի Ներքին գործերի նախարարության համաձայն, ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել, ինչի հետևանքով ջարդվել է Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:

ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Սարգսյանից և Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, համապատասխան նյութեր պատրաստել, արձանագրություն կազմել՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:

Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը:

Նշվում է, որ  սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված երկրորդ միջադեպն է տվյալ ճանապարհահատվածում: