* Նյութը հրապարակելիս գրել էինք, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, սակայն հետագայում պարզ արձավ, որ նախագիծն արդեն իսկ ընդունվել է։
Կառավարությունն այսօրվա նիստին քննարկել է Էկոնոմիկայի նախարարության նոր նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային:
«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում երկրում», – պնդել է նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը վստահ է՝ Հայաստանի ապագայով հետաքրքրվածները «չեն կարող թույլ տալ նման շռայություն և պարտավոր ենք մեր մոտեցումը փոխել»:
«Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով և այլն: Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց», – պնդել է Քերոբյանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախաարարությունը, սակայն, դեմ է նախագծին։
Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումով էականորեն նվազում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը: Հանգստյան օրերի քանակով մեր երկրում կարգավորումը միջին մակարդակի է:
Ըստ Առաքելյանի՝ հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզմի շրջանառությունը: Առաքելյանն առաջարկել է 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարծում է, որ այս թեման վաղուց հասունացած է։
«Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարցը պարզ հարց չէ, բազմաթիվ շերտեր կան՝ սկսած սովորույթից, ավանդույթից և վերջացրած դրա գործնական կիրառմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ հիմա ընդունում ենք օրենքի նախագիծ, որը պետք է շրջանառվի, ԱԺ ընթերցումներ անցնի և մինչ այդ էլ բարձրաձայնում ենք թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու՝ թե ի վերջո ինչ ընկալումներ կան», – նշել է Փաշինյանը։