Եթե Ադրբեջանը չվերադարձնի Հայաստանից այսօր գերեվարած վեց զինծառայողներին, ապա կլինի գերիների փոխանակում գերիների դիմաց, այսօր ԱԺ-ում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Վերջին հաշվով եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ: Դա է թելադրում օրվա պարտադրանքը»,֊ ասել է Քոչարյանը և պարզաբանել․ «Մենք [հիմա] գերի չունենք, բայց երեկ իրենք էլ գերի չունեին, նոր գերիներ չունեին»։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն, իր կարծիքով, երկու նպատակ ունի. մեկը՝ իրադրությունը զարգացնել այնպես, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայությունը Հայաստանի տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան, երկրորդ՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով։
«Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք․ առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն անվերապահորեն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, և երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք առավել շրջահայացորեն», – հայտարարել էր Հայաստանի ղեկավարը։
Պատգամավոր Լիլիթ Մակունցի կարծիքով էլ իրավիճակը շարունակ սրվում է Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի հապաղելու հետևանքով․
«Մեր հանրության շրջանում կա ակնկալիք, և բոլորիս մոտ կա ակնկալիք, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիայի»,- նշել է Մակունցը:
Մինչ այդ՝ ԱԺ Արտաքին, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովները դռնփակ նիստ են հրավիրել։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի «հետախուզա-դիվերսիոն խումբ» է ձերբակալվել Քելբաջարի Յուխարի Այրըմ բնակավայրի ուղղությամբ սահմանն անցնելու փորձի ժամանակ, որն իբր փորձել է ականապատել «սահմանին տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի մատակարարման ուղիները»։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները, թե գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, պնդելով, որ նրանք առանց սահմանը հատելու կատարում էին ինժեներական աշխատանանքեր։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր․«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈՒ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»
Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։