Human Rights Watch-ը սեպտեմբերի 8-ին հրապարակել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տուժած երեխաների, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների վրա հարձակումների վերաբերյալ իր զեկույցը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։
Առաջին երեխաները զոհվեցին պատերազմի առաջին օրը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին արկի պայթյունից զոհվեց 9-ամյա Վիկտորիա Գևորգյանը: Արկը ընկել էր Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի իր տան բակում: Նույն օրը, Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում, իրենց տան բակում արկից զոհվեցին 13-ամյա Շահրիյար Գուրբանովը և նրա զարմիկ 14-ամյա Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի երեք այլ անդամներ։
Հաջորդ վեց շաբաթների ընթացքում, ըստ զեկույցների, ավելի քան 150 խաղաղ բնակիչ է զոհվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող մարտերում: Վիկտորիան, Շահրիյարը և Ֆիդանը զոհվածների մեջ միակ երեխաները չեն. զոհվել են ևս 10 ադրբեջանցի երեխաներ:
Մարտերի ընթացքում և դրանից հետո Human Rights Watch-ի հետազոտողներն այցելել են Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից վերահսկվող տարածքներում հարձակման ենթարկված վայրեր՝ պարզելու՝ արդյոք զինված ուժերը կատարում են միջազգային պատերազմական օրենքներով ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար: Նրանք հարցազրույցներ են վարել ականատեսների հետ, ուսումնասիրել լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արվել են իրական ժամանակում, տեղի բնակիչների կողմից, բջջային հեռախոսներով կամ հրապարակվել են ԶԼՄ-ներում, և ուսումնասիրել ենք արբանյակային լուսանկարները` մեր եզրակացություններին հանգելու համար: Նրանք հանդիպել և հաղորդակցվել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի de facto համապատասխան իշխանությունների հետ։
Այս զեկույցն անդրադառնում է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած մարտերի ընթացքում դպրոցների հետ տեղի ունեցածին և բացահայտում հակամարտության որոշ հետևանքները դպրոցական երեխաների համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել են առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում երկուսը Հայաստանում, և 54 ադրբեջանական դպրոց, ինչպես նաև տասնյակ մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և արհեստագործական դպրոցներ:
Շատ դպրոցներ դարձան տեղահանվածների ապաստարանների: Լեռնային Ղարաբաղում որոշ դպրոցներ օգտագործվել են նաև որպես ռազմական հիվանդանոցներ և զորանոցներ. որոշները թալանվել են տեղի բնակիչների և հայկական ռազմական ուժերի կողմից:
Հոկտեմբերի 2
Ադրբեջանի Թարթառ քաղաքը մարտերի ընթացքում հայկական կողմից արձակված հրթիռների և ծանր հրետանու հասանելիության միջակայքում էր: Գլխավոր փողոցի վրա գտնվող գրեթե բոլոր խանութների ցուցափեղկերը փշրված էին, երբ այցելեցինք: Ըստ այն ժամանակվա արբանյակային լուսանկարներ՝ մարտական գործողությունների ժամանակ Թարթառը լի էր ռազմական տրանսպորտային բեռնատարներով, շուրջ բոլորը տեղակայված էին ռազմական դիրքեր:
Այդուհանդերձ, Human Rights Watch-ը եզրակացրեց, որ հայկական ուժերի կողմից քաղաքի ներսում խիտ բնակեցված քաղաքացիական տարածքների վրա հարձակման համար ոչ ճշգրիտ, պայթուցիկ սպառազինության համակարգերի բազմակի կիրառումը եղել է անխտրական և, հետևաբար՝ անօրինական:
Հոկտեմբերի 2-ին մի բնակիչ տեսանկարահանել է փոշի և բեկորներ, որոնք բարձրանում են վայրկյաններ անց այն բանից հետո, երբ լսվում է, թե ինչպես է հայկական դիրքերից արձակված հրետանու արկը մխրճվում 1990-ականներին պատերազմից տեղահանված մարդկանց համար կառուցված Շիխարխի մանկապարտեզի մեջ։ Human Rights Watch-ը ստուգել է տեսանյութը՝ այն համադրելով արբանյակային պատկերներին:
Պատերազմ Ղարաբաղում, օր 6-րդ (հոկտեմբերի 2)
Հոկտեմբերի 3
Հաջորդ օրը երեք հրետանային արկեր դիպան Թարթառի թիվ 1 դպրոցի կենտրոնին՝ քերծվածքներ առաջացնելով պատերի և բակի սալաքարերի վրա, ջարդելով պատուհանների շրջանակներն ու ապակիները, վնասելով դասարանները և փշրելով դիմացի մանկապարտեզի պատուհանները:
Դպրոցում՝ նախքան փակվելը, գրանցված է եղել 1300 աշակերտ:
Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ խաղաղ բնակիչներ ասում են, որ անկլավում կամ հարակից շրջաններում չկար որևէ տեղ, որտեղ իրենց ապահով զգային ադրբեջանական գնդակոծություններից: Կանանց և երեխաների մեծ մասը տարհանվել էր Ստեփանակերտ, անկլավի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը, այնուհետև Երևան կամ Հայաստանի այլ բնակավայրեր:
Երբ իրենց գյուղը ենթարկվեց ադրբեջանական զինուժի գնդակոծություններին, 51-ամյա Նարինե Խաչատուրյանը վերցրեց իր երկու դուստրերին, որոնցից մեկը 10 տարեկան էր, և փախավ Ստեփանակերտ։
Պատերազմ Ղարաբաղում, օր 7-րդ (հոկտեմբերի 3)
Հոկտեմբերի 4
Ստեփանակերտի գնդակոծության պատճառով Նարինեի ընտանիքը մնաց բազմաբնակարան շենքի նկուղում ՝ մնացած բնակիչների հետ։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 8-ին «հանկարծ, լսվեց այս շառաչյունը և ամենուր ապակիներ էին թռչում»:
Այդ նույն հարձակումը մեծապես վնասեց քաղաքի թիվ 10 դպրոցը՝ փողոցի հակառակ կողմում:
Հակամարտության ընթացքում մոտակա հիմնական էլեկտրական ենթակայանը թիրախավորող հարձակումները առնվազն վեց անգամ հարվածել են դպրոցին․ շարքից դուրս են եկել տասնյակ դասարաններ և ընդհատվել է դպրոցի էլեկտրականության ու ջրի մատակարարումը:
HRW-ն եզրակացրեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ազդեցության զինամթերք է կիրառել, այդ թվում՝ սկզբունքորեն ոչ ճշգրիտ հրետանային հրթիռներ, որոնց հարվածները կարող են լինել անխտրական և, հետևաբար՝ անօրինական:
Այս դպրոցը ևս ունեցել է 1300 աշակերտ: 2021 թվականի մարտի սկզբի դրությամբ դպրոցի միայն մեկ երրորդն էր կրկին շահագործվել:
Ըստ տեղի դե ֆակտո իշխանությունների՝ Ստեփանակերտում հրետակոծվել են նաև թիվ 12 դպրոցը, թիվ 1 մանկապարտեզը, երաժշտական դպրոցը և Հայ ավետարանական ընկերակցության մանկապարտեզը;
2021 թվականի փետրվարի դրությամբ՝ Նարինեն և նրա 10 և 25 տարեկան դուստրերը, որոնք երկուսն էլ ունեն բազմակի հաշմանդամություն, ապաստանում էին Երևանում, խուլերի համար նախատեսված մի դպրոցում՝ հակամարտությունից տեղահանված մի քանի այլ ընտանիքների հետ միասին:
Պատերազմ Ղարաբաղում, օր 8-րդ (հոկտեմբերի 4)
Հոկտեմբերի 5
Թարթառում հարված է հասցվել թիվ 5 դպրոցին, որը թիվ 1 դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է: Ըստ տնօրենի՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են դասարանները, էլեկտրալարերը, պատուհանները և համակարգիչները։
Հոկտեմբերի կեսերին առնվազն երեք հրետանային արկով իրականացված մեկ այլ հարձակում վնասեց Շիխարխի միջնակարգ դպրոցը և ջարդեց փողոցի մյուս կողմում գտնվող երաժշտական դպրոցի հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհանները, – ասաց դպրոցի դիմաց ապրող Ջավադ Աղաևը։
Նոյեմբերի սկզբին հետազոտողները Թարթառում հանդիպիցինք բարձրաստիճան պետական պաշտոնյայի, ով խնդրեց չնշել իր անունը։ Նրա խոսքով, 17 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնչորս պետական դպրոց, երեք մանկապարտեզ և մեկ արհեստագործական դպրոց վնասվել կամ ավերվել են, իսկ տարածաշրջանի 114000 բնակիչներից 10000-ը տեղափոխվել են: Մենք կարողացանք այցելել և ճշտել հինգ հարձակումները, որոնք վնասել են տարածաշրջանի դպրոցները:
Նոյեմբերի 8-ին գտանք թիվ 1 դպրոցի հետնապատի ետևում կայանված ադրբեջանական մեկ ռազմական բեռնատար:
Բժիշկ, Գյանջայի գյուղատնտեսական համալսարանի դասախոս Կ. Մամեդովան պատմեց, որ հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 2:37-ին վնասվեց իր նախկին՝ թիվ 4 միջնակարգ դպրոցը։
Դպրոցի հետնամուտքի դիմացի փողոցին ընկած հրետանային հրթիռը ռուսական արտադրության «Սմերչ» էր («Տորնադո»), ըստ ականազերծման ազգային գործակալության տվյալների` 7,6 մետր երկարությամբ, և կրում էր 258 կիլոգրամ բարձր պայթուցիկ նյութ: Պայթյունի հետևանքով կոտրվել էին դպրոցի հետևի թևի պատուհաններն ու դռները, ճեղքվել դասասենյակները և ջարդվել բակի հակառակ կողմի պատուհանները:
Պահակի խոսքերով, դպրոցում գրանցված են 3200 աշակերտ։
Պատերազմ Ղարաբաղում, օր 9-րդ (հոկտեմբերի 5)
Հոկտեմբերի 8
Ականատեսները պատմեցին, որ առավոտյան ժամը 11-ին մեկ այլ «Սմերչ» հրթիռ է ընկել Բարդայի թիվ 5 միջնակարգ դպրոցի բակում:
«Դպրոցը փակ էր իր 1500 աշակերտների համար, բայց պատսպարում էր մարտական գործողությունների հետևանքով տեղահանված 300 մարդու, ինչպես նաև 15 ուսուցիչների և այլ աշխատակիցների։ Հինգ մարդ վիրավորվել էր», ֊ պատմեց դպրոցի տնօրենը:
Տնօրենի կարծիքով՝ հրթիռն արձակել էր իր մահաբեր մարտագլխիկը նախքան գետնին հարվածելը, և կիսով չափ թաղվել էր, իսկ պոչի լողակները «ցցված էին օդում երեք մետր բարձրության վրա»։
Պատերազմ Ղարաբաղում, օր 12-րդ (հոկտեմբերի 8)
Հոկտեմբերի 14
Առավոտյան ժամը 10-ին երկու ծանր հրետանային արկ ընկավ Դյույարլի գյուղի դպրոցի բակ՝ Թարթառ քաղաքից երկու կիլոմետր հարավ-արևելք: Երրորդ արկը դիպավ տանիքին՝ պայթեցնելով հինգ դասարաններ և հրկիզելով շենքը:
57-ամյա ուսուցչուհի Արզու Գուլիևան տանն էր, փողոցի հակառակ կողմում: Արկերի բեկորները ծակել էին նրա տանիքը: Նրա ամուսինը փորձել էր զանգահարել հրշեջ ծառայություն, սակայն հարձակման հետևանքով հեռախոսն անջատված էր, «ուստի նա բղավեց անցնող մեքենայի ուղղությամբ՝ որպեսզի կանչի հրշեջներին», – ասաց նա:
Բնակիչներն ու հրշեջները նոր էին հավաքվել կրակի դեմ պայքարելու համար, երբ ընկավ չորրորդ հրետանային արկը: Վիրավորվել էր 7 խաղաղ բնակիչ։
44-ամյա Նամիգ Սուլեյմանովը մեզ ցույց տվեց երկու փոքր խառնարաններ դպրոցի տարածքում, որտեղ հրետանային արկերի բեկորներ կային: Դպրոցի հետևում տեսանք գետնին L-անման խրամատ՝ ռմբապաստարան էր՝ փորված մարտերի ընթացքում դպրոցը քաղաքացիական հրշեջների համար որպես հենակետ օգտագործելու ծրագրի շրջանակներում, որ պաշտպանված լինեն հրետակոծությունից: Հարձակման պատճառով ծրագիրը չեղարկվել էր:
Դյույարլիի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը, ամենայն հավանականությամբ, մեծացրել են հայկական կողմից քաղաքին հարվածներ հասցնելու ռիսկը: Ըստ հոկտեմբերի արբանյակային լուսանկարների՝ ադրբեջանական 10 կրակակետեր կային Դյույարլիից հարավ-արևելք ընկած դաշտում, որոնցից մեկը՝ տնից 10 մ հեռավորության վրա: Կար նաև երեք ծանր հրետանի՝ 800 մ արևմուտք, չորս հրթիռահրետանային կայանք՝ 1,5 կմ դեպի հյուսիս, և ևս երկու հրթիռահրետանային կայանք՝ 2,5 կմ դեպի հարավ-արևմուտք:
Այդ ռազմական օբյեկտների առկայությունը, սակայն, ոչ բացատրում, ոչ էլ արդարացնում է դպրոցի ծանր հրետանային ռմբակոծությունները: Դպրոցի և քաղաքացիական բնակչության ցանկացած միտումնավոր թիրախավորում կհամարվի ռազմական հանցագործություն:
Հայաստանի իշխանությունները ևս հայտնում են, որ ադրբեջանական ԱԹՍ հարվածների հետևանքով վնասվել է Սոթք և Կուտ գյուղերի երկու միջնակարգ դպրոց։ Ըստ նույն աղբյուրի՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորվել է 14-ամյա մի տղա՝ այլ քաղաքացիների հետ Սոթքի մոտ գտնվող դաշտում կարտոֆիլ հավաքելիս:
Պատերազմ Ղարաբաղում, օր 18-րդ (հոկտեմբերի 14)
Հոկտեմբերի 15
Լեռնային Ղարաբաղի Կարմիր Շուկա գյուղի միակ դպրոցը «մեծ վնասներ էր կրել»,-ասաց կրթության նախարարության պաշտոնյան:
Հայկական ուժերը հոկտեմբերին սկսեցին դպրոցն օգտագործել որպես վիրավոր զինվորների դաշտային հիվանդանոց։ Գյուղում տեղակայված «Հիվանդանոց» ցուցանակը ցույց էր տալիս դպրոցը: Ամենավատ վնասը, հնարավոր է, հասցվել էր հոկտեմբերի 15-ին, գյուղի վրա հարձակման ժամանակ: Երբ այցելեցինք նոյեմբերին, դպրոցի առաջին հարկը, ինչպես նաև բակը պատված էին վնասված զրահաբաճկոններով, արյունոտ համազգեստներով, լաթերով և պատգարակներով: Բակում տեսանք նաև հրետանու բազմաթիվ բեկորներ, իսկ շենքի բոլոր պատուհանները կոտրված էին:
Պատերազմ Ղարաբաղում, օր 19-րդ (հոկտեմբերի 15)
Հոկտեմբերի 17
Գիշերը ժամը 01:30-ի սահմաններում երկու Սկադ-Բ բալիստիկ հրթիռ ընկավ Գյանջայում, զոհվեց 21 մարդ: Հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով ավերվել էին Մուխթար Հաջիև թաղամասի տները, ինչպես նաև վնասել 250 մ հեռավորության վրա գտնվող թիվ 10 մանկապարտեզը և թիվ 29 միջնակարգ դպրոցը: Այն նույնիսկ ջարդել էր թիվ 18 դպրոցի պատուհանները` հարվածի վայրից 850 մ հեռավորության վրա։ Իրենց տներումվ զոհվեցին տասը քաղաքացիական անձինք, որոնցից 4-ը երեխաներ էին. 11-ամյա Օրխանն ու նրա 6-ամյա քույրը՝ Մարիամը, նրանց քույրն ու մայրը, 13-ամյա Արթուրը և 14-ամյա Նիգարը, ով սպանվել էր ընտանիքի չորս այլ անդամների հետ միասին:
Դպրոցի բակը պատված էր ապակու բեկորներով, փայտե պատուհանների կոտրատված շրջանակներով և մի քանի ջարդված աթոռներով ու գրասեղաններով: Դպրոցի վարչական աշխատակիցը, ով ուսումնասիրում էր վնասը, մեզ ասաց, որ դպրոցը կապը կորցրել է այն աշակերտների հետ, որոնց տները քանդվել են, «և անհնար է գտնել, թե որտեղ են նրանք, ուստի մենք չենք կարող նրանց համար ապահովել հեռավար ուսուցում», ինչպես աշխատակազմը փորձում էր կազմակերպել այլ աշակերտների համար:
Սկադ-Բ հրթիռները կարող են կրել գրեթե 1000 կիլոգրամ պայթուցիկ նյութ, ունեն հարյուրավոր մետրերի շեղման շառավիղ: Նման զենքերը փոխհատուցում են իրենց անճշտությունը` ավերածություններ հասցնելով լայն տարածքներում: Հայ առաջնորդները պնդում էին, որ թիրախավորում են Գյանջայի ռազմական օբյեկտները, և մեր արբանյակային լուսանկարների վերլուծությունը հաստատեց, որ կային որոշ ռազմական օբյեկտներ, սակայն խիտ բնակեցված քաղաքում նման անխտրական զենքի կիրառումը անօրինական էր:
Պատերազմ Ղարաբաղում, օր 21-րդ (հոկտեմբերի 17)
Հոկտեմբերի 19
1994 թվականին Լեռնային Ղարաբաղում հաստատված «շփման գծից» մի քանի կմ հեռավորության վրա է Բիրինչի Բահարլի գյուղը՝ կառուցված տեղահանված մարդկանց համար:
Հոկտեմբերի 19-ի կեսօրին մոտ 10 «Գրադ» («Կարկուտ») հրթիռների համազարկը, հարվածեց և լրջորեն վնասեց գյուղի թիվ 1 դպրոցին, որն ըստ բնակիչների, նախքան մարտերի սկսելը, ուներ 180 աշակերտ:
Եվս երկու հրթիռ ընկավ 35 աշակերտ ունեցող մանկապարտեզի վրա։
*********************
Հայաստանի իշխանությունները մեզ հայտնեցին, որ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը Մարտունու թիվ 2 դպրոցը շարունակաբար գնդակոծության է ենթարկվել:
Հավանաբար ամենամեծ վնասը պատճառվել է հոկտեմբերի 19-ին «Գրադ»-ից, որը նաև լուրջ վնաս հասցրեց քաղաքի «Մշակույթի տանը» տեղակայված երաժշտության և արվեստի դպրոցին։ Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (ՄԻՄԳ) հետ այցելող հետազոտողների խումբը հազիվ է խուսափել հարձակումից։ Թիվ 2 դպրոցը, ըստ տնօրեն Մարտին Ջիվանյանի, կրկին հարվածի ենթարկվեց նոյեմբերի 8-ին։
Ջիվանյանը, ամփոփելով նոյեմբերի 10-ի դեպքերը, նշեց՝
«Մեկը [Գրադ հրթիռ] դիպել է տանիքին և ներս ընկել առաստաղից, երեքն ընկել են դպրոցի բակում, երկուսը հարվածել են ցանկապատին, մեկը՝ գետնին, դպրոցի նկուղի մուտքի կողքին»։
Երկրորդ հարկը մեծապես վնասվել էր, նոյեմբերի 23-ին տեսանք առնվազն երեք Գրադի մնացորդներ, երկուսը՝ բակում և մեկը՝ երկրորդ հարկի միջանցքում: Անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր շենքերի պատուհանները կոտրված էին և զգալի կառուցվածքային վնասներ էին հասցված, ներառյալ մանկապարտեզի, գրադարանի և թաղապետարանի շենքերին:
Պատերազմ Ղարաբաղում, օր 23-րդ (հոկտեմբերի 19)
Հոկտեմբերի 23
Ասկերանի Արվեստի և երաժշտության դպրոցի նկուղը ինտենսիվ գնդակոժությունների պատճառով վերածվել էր ժամանակավոր հիվանդանոցի: Բժիշկները, խնամքի կարիք ունեցող բնակիչներն ու պատսպարվել ցանկացողները այնտեղ էին, երբ ժամը 18:30-ին հրթիռը հարվածեց շենքի հետևից երկու մետր հեռավորության վրա գտնվող մեքենային, ինչպես ասաց տեղացի կրթական ոլորտի մի պաշտոնյա:Դպրոցի շենքը սարսափելի վնասներ է կրել: Զարմանալիորեն՝ նկուղում ոչ ոք չի վիրավորվել:
Պատերազմ Ղարաբաղում, օր 27-րդ (հոկտեմբերի 23)
Նոյեմբերի 2
Աղդամի շրջանի Մահրիզլի գյուղում առավոտյան ժամը 6-ին արկ է ընկել քաղաքի միակ դպրոցի հիմնական և նախակրթական դասարանների վրա` պայթելով պատերի մեջ և ավերելով դռները, պատուհանները և գրասեղանները:
300 աշակերտ և 35 հոգանոց անձնակազմ ունեցող դպրոցն արդեն իսկ հրետակոծվել էր հոկտեմբերի 10-ին:
Պատերազմ Ղարաբաղում, օր 37-րդ (նոյեմբերի 2)
Հրադադարից հետո
Նոյեմբերի 22-ին եղանք Քելբաջար շրջանի Եղեգնուտ գյուղում, որտեղ դպրոցը դեռ այրվում էր: Զինվորական մեքենաները կայանված էին այրված շենքի դիմաց, չորս զինծառայողներ ապամոնտաժում էին դաշտային խոհանոցը և դպրոցի բակում հավաքում բաճկոններ, որոնք լի էին հայկական ռազմական սննդի բաց պաշարներով: Այրված դպրոցներ տեսանք նաև Քնարավան և Չարեկտար գյուղերում:
2020-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորում էր մոտ 24,000 աշակերտ: Նոյեմբերին դրանցից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, ինչպես նաև արվեստի 4 դպրոց և 4 մարզադպրոց մոտ 1750 աշակերտի համար, գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության ներքո:
Հրադադարից հետո անվտանգության նկատառումներով հեռացած խաղաղ բնակիչները սկսեցին վերադառնալ այն տարածքները, որոնք մնում են Հայաստանի վերահսկողության տակ: Հայ խաղաղ բնակիչները, ովքեր նախկինում ապրում էին այժմ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում, մնում են տեղահանված Հայաստանում կամ տեղափոխվել են Ղարաբաղի՝ հայերի կողմից վերահսկվող տարածքներ: Այս շրջանների դպրոցները, աշակերտների համար վերաբացվելու առումով, բախվեցին բազմաթիվ խոչընդոտների: Դպրոցները ծառայել են որպես ժամանակավոր կացարաններ տեղահանված խաղաղ բնակիչների համար, ինչպես նաև զորանոցներ հայկական կողմի զորքերի համար: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվեցին, սակայն որոշ դպրոցներ գործնականում դատարկ մնացին անվտանգության նկատառումներից ելնելով: Վերադարձող անձնակազմը պարզեց, որ շատ դասարաններ թալանվել են:
Հայկական կողմի հսկողության ներքո գտնվող Մարտունիում, ականանետերից, ինչպես նաև «Գրադ» տեսակի հրթիռներով նոյեմբերի սկզբին հինգ անգամ հրետակոծվել է թիվ 1 դպրոցը՝ ըստ աշխատակազմի: Պատուհանները փշրված էին, տանիքը՝ վնասված, դասարանն ամբողջությամբ ավերված, իսկ հավաքների դահլիճի առաստաղը փլուզվել էր, իսկ Գրադի մնացորդներ մնացել գետնին: Բայց մինչ վերանորոգումը կսկսվեր, Արցախի 2 -րդ պաշտպանական ստորաբաժանման զինվորները, որոնք պատերազմի ժամանակ տեղակայված էին Մարտունուց դուրս, նոյեմբերի 10-ին տեղափոխվեցին դպրոց:
Նոյեմբերին մենք տեսանք, որ զորքերը տեղակայված են դասարաններում և հարևան մանկապարտեզում, իսկ ռազմական մեքենաները և զենքերը դպրոցի բակում: Դեկտեմբերի 19-ի դրությամբ նրանք լքել էին տարածքը:
«Հենց նրանք դուրս եկան սենյակից, մենք շտապեցինք այնտեղ, որպեսզի սկսենք մաքրել: Մենք փաստացի նրանց դուրս էինք հանում, քանի որ այնքան էինք ցանկանում վերաբացվել, որովհետև 200 աշակերտ վերադարձել էին քաղաք», ասում է դպրոցի աշխատակիցը: Պատերազմի հասցրած վնասներից բացի, հինգ շաբաթ որպես զորանոց օգտագործվելուց հետո, «շենքը գտնվում էր տխուր վիճակում, ինչպես կարող եք պատկերացնել: Բոլոր մաքրման աշխատանքներն ու բոլոր փոքր վերանորոգումները մենք ինքներս ենք կատարել», – ասաց աշխատակիցը:
Դպրոցը, ըստ անձնակազմի, թալանվել էր: «Մեր համակարգիչները գողացվել են, բոլորը, ներառյալ ութ պլանշետ և երկու նոութբուք, որոնք նոր էինք ստացել և դեռ գտնվում էին իրենց տուփերում երբ պատերազմը սկսվեց», – ասաց աշխատակազմի աշխատակիցը, «Քիմիայի լաբորատորիայի սարքավորումները գողացել էին: Մեր Xerox մեքենաները գողացել էին, ինչպես նաև մեր հեռախոսները»:
Չնայած դրան, թիվ 1 դպրոցը վերաբացվեց դեկտեմբերի 21-ին: Փետրվարի կեսերին 544 նախկին աշակերտներից վերադարձել էր 464-ը, ինչպես նաև 93 նոր աշակերտ, որոնց նախկին համայնքները այժմ գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ:
Թիվ 2 դպրոցը ևս վերաբացվեց, թեև առանց համակարգիչների կամ սպորտային սարքավորումների: 430 ուսանողներից գրեթե բոլորը վերադարձան, և սպասվում էին լրացուցիչ նոր, տեղահանված աշակերտներին, ինչպես նշեց նախկին տնօրեն Միհրան Ջիվանյանը, ով ավելի բարձր պաշտոնի էր անցել հրադադարից հետո։ «Մենք կունենանք ավելի շատ աշակերտներ, քան ունեինք մինչ պատերազմը», – ասաց նա:
Կարմիր Շուկայի դպրոցը, որը հայկական զինուժերը վերածել էին վիրավոր զինվորների հոսպիտալի, վերաբացվել է հունվարին:
Հայաստանի իշխանությունները պնդում են, որ «որևէ ռազմական օբյեկտ չի գտնվել այն տարածքներում կամ մերձակայքում … որոնք թիրախավորվել են ադրբեջանական զինուժի կողմից, ներառյալ դպրոցներն ու մանկապարտեզները, և… ո՛չ դրանք, ո՛չ դրանց պատկանող գույքը չեն օգտագործվել ռազմական նպատակների համար»: Կարմիր Շուկայի դեպքում, չնայած նրան, որ բոլոր հիվանդանոցները պաշտպանված են միջազգային իրավունքով և երբեք չեն կարող լինել օրինական ռազմական թիրախ, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ զինված ուժերը հակամարտության ընթացքում չեն օգտագործել դպրոցական գույքը:
Հրադադարից հետո արձանագրվեցին նաև դպրոցների ռազմական օգտագործման մի քանի խնդրահարույց դեպքեր: Երբ նոյեմբերի վերջին այցելեցինք Բերձոր (Լաչին), օրինակ՝ թիվ 1 դպրոցը օգտագործվում էր որպես զորանոց: Այն վնասվել էր նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան հրթիռակոծության հետևանքով: Քաղաքը տարհանվեց, քանի որ ադրբեջանական ուժերը գտնվում էին «ճանապարհի երկու կողմերում», – մեզ ասաց կրթության ոլորտի մի ներկայացուցիչ: Ըստ հրադադարի պայմանների, դեկտեմբերին Ադրբեջանը կրկին վերցրեց վերահսկողությունը:
Որոշ դպրոցներ, որոնք մնացել են հայկական կողմին, փակվել են ադրբեջանական ուժերին մոտ լինելու պատճառով, իսկ մյուսները վերաբացվել են, բայց գրեթե դատարկվել էին, քանի որ ծնողները վախենում էին իրենց երեխաներին հետ ուղարկել:
Երկու կողմն էլ հարվածել են Թաղավարդ գյուղին, որը նախկինում գտնվում էր հայկական վերահսկողության ներքո: Գյուղի վերին հատվածը նախկինում ուներ 600 բնակիչ և իր դպրոցը, սակայն մարտական գործողությունների ժամանակ բնակիչները փախել էին: Այն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դպրոցը չի գործում: Ներքին Թաղավարդ տանող ճանապարհի կեսից քարերի մի կույտ ներկայացնում է բաժանարար գիծը, որտեղ ադրբեջանական և հայկական ռազմական դիրքերը գտնվում են 50-60 մետր հեռավորության վրա, բայց ոչ մի ռուս խաղաղապահ:
Ներքին Թաղավարդը մնում է Հայաստանի վերահսկողության տակ, սակայն 700 բնակիչներից քչերն են վերադարձել, և դպրոցի 52 աշակերտներից՝ ընդամենը չորսը, փետրվարին մեզ ասաց տնօրեն Մարգարիտա Սահակյանը: «Բոլորը վախեցած են: Իսկ գիշերը կրակոցներ են հնչում … Մեր զինվորականներն ու նրանց զինվորականները գոռում են, միմյանց անուններ են տալիս, հետո սկսում են կրակել »:
Դպրոցը վնասվել է երկու ականանետերի հրետակոծությունից՝ մեկը մուտքի մոտ և մեկը հետևի մասում, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած հարձակման հետևանքով: Նրանք տանիքի, դռան և պատուհանների «էական» վերանորոգումներ էին կատարել, – ասաց Սահակյանը, բայց «ինչ-որ մեկը գողացավ մեր համակարգիչը և մեր գրոհային հրացանը, որոնք ռազմագիտության հրահանգիչը փակի տակ էր պահում իր աշխատասենյակում»:
Աշխատակիցների փետրվարի 20-ի հանդիպմանը անձնակազմն ասաց, որ դպրոցին անհրաժեշտ է տեղական իշխանությունների կամ ռուսական ուժերի օգնությունը, հատկապես «դպրոցի պարիսպի պարագծով մետաղյա պատ կառուցելու համար, որի դեպքում երեխաներն առնվազն ապահով կզգան դպրոցի բակում խաղալիս»։ Մենք հայտնաբերեցինք ականանետի բեկորներ:
Ամբողջ Լեռնային Ղարաբաղում իշխանությունները ստիպված են եղել իրականացնել կրթական տրիաժ` դպրոցներին հասցված մեծ վնասների, տեղահանված երեխաների հոսքի և ամիսներ շարունակ կորցրած ուսուցման հարցը լուծելու անհետաձգելի անհրաժեշտության պատճառով: Նրանք կարողացան վերանորոգել և վերաբացել վնասված դպրոցները, սակայն չունեին միջոցներ վնասված մանկապարտեզները բացելու համար՝ Ասկերանի շրջանի Այգեստան և Շոշ գյուղերում և Ստեփանակերտում, որտեղ թիվ 2 դպրոցի միայն մի մասն է դեռ օգտագործելի:
«Մենք չկարողացանք բացել նախադպրոցական դասարաններ 178 երեխաների համար», – ասում է Ռայա Մուսայելյանը` Ստեփանակերտի կրթության նախարարությունից:
Այլ դպրոցները ստիպված էին երկու հերթափոխով դասեր մտցնել՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, վնասների պատճառով և այն երեխաներին տեղավորելու անհրաժեշտության պատճառով, որոնց դպրոցները այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Մարտակերտի շրջանում, որտեղ 31 դպրոցներից 9-ը վնասվել են, 3300 նախկին աշակերտներից գրեթե բոլորը վերադարձել են, բայց նաև երեխաներ՝ տեղահանված Մարտունիից, Ասկերանից, Շուշի(ա)ից և այլ տարածքներից, ասաց կրթության նախարարության տեղացի ներկայացուցիչը:
Մարտակերտում, որտեղ նույնպես տեսանք անօրինական հարձակումների ապացույցներ հիվանդանոցների վրա, հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 7-ին հրետակոծվեց թիվ 1 դպրոցը, որտեղ սովորում էր մոտ 700 աշակերտ: Բոլոր պատուհանները փշրված էին, դռներն ու պատուհանների շրջանակները դուրս էին թռել, իսկ պատերն ու առաստաղները ճաքել էին: «Դա հին շենք է», – ասաց տնօրեն Ռոզա Հարությունյանը՝ մատնացույց անելով փայտի վառարանները, – «Որոշ դասարաններում մենք վախենում էինք, որ առաստաղը կփլվի մեր գլխին, ուստի մենք կարողանում էինք դասավանդել միայն շենքի մի հատվածում: Բավական տարածք չկա, և մենք այժմ դասավանդում ենք երկու հերթափոխով»:
Դպրոցը նաև թալանվել էր: «Այնքան բան գողացվեց՝ կաթսաներ և տապակներ, կահույք, շրջանաձև սղոց, էլեկտրական գայլիկոն, խոտհնձիչ», – ասաց մի աշխատակից, ով լսել էր, թե որտեղ են հայտնվել իրերի մի մասը: «Որոշ բաներ, լավ, դրանք մեր զինծառայողները տարել են իրենց շտաբ: Հասկանում եմ, նրանց այդ բաները պետք էին, բայց ոչինչ հետ չի վերադարձվել: Իսկ որոշները գողացել են տեղի բնակիչները»:
Մարտերից հետո՝ նոյեմբերի վերջին, Ադրբեջանին հանձնված տարածքներից տեղահանվածները ժամանակավորապես ապաստան են գտել դասարաններում: Նրանք հետագայում տեղափոխվեցին, և հունվարին վերջապես սկսվեցին երկար պլանավորված վերանորոգումները դպրոցում, որոնք դադարեցվել էին մարտերի պատճառով: Բայց կա մեկ այլ, ավելի երկարաժամկետ մարտահրավեր. Ռուս խաղաղապահ զորքերը բազա են հիմնել հարևան մարզադաշտում, ներառյալ առնվազն յոթ մեծ վրան-հանրակացարան:
Հունվարի 20-ին ռուս խաղաղապահները զորավարժություններ անցկացրին Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, և Մարտակերտում նրանք հարկ չհամարեցին նախազգուշացնել դպրոցին: «Հանկարծ լսվեց սարսափելի աղմուկ, և երեխաները վազում էին ու բղավում, որ կռիվը նորից սկսվել է», – ասաց աշխատակիցներից մեկը, – «Զինված անձնակազմին փոխադրող մեքենան փաստացի մտավ դպրոցի բակ: Զինվորները կրակում էին գրոհային զենքերից. ասես դժոխքի դարպասները բացվեցին»: Ավելի ուշ հրամանատար սպաներն ասացին, որ նախապես կտեղեկացնեն զորավարժությունների մասին: Նրանք նաև դպրոցին նվիրեցին պատուհանների ապակիները, որոնցով կփոխարինվեն մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական գնդակոծության ենթարկված պատուհանները, – ասաց աշխատակիցը: «Դրանք շատ էին, [մեզ] բավարար՝ կոտրված պատուհանների մեծ մասը փոխարինելու համար: Նրանք իրենց հիվանդանոցն ունեն այդ բազայում և ասում են, որ մենք կարող ենք օգտվել դրանից, եթե կարիքը լինի: Բայց, գիտեք, այդ բոլոր զինծառայողների, նրանց զենքերի, տեխնիկայի ներկայությունից երեխաներից ոմանք վախեցած են»։
Մարտակերտի թիվ 2 դպրոցը ներառում է երեք փոքր մասնաշենք, որոնք կառուցվել են ավելի քան մեկ դար առաջ: Այժմ, նրանց շրջապատող հաստ քարե պատի մեջ բացվածք կա, որն առաջացել է «Գրադի» հարվածից՝ ըստ տեխնիկական սպասարկման աշխատողի, ով ասել է, որ գտել է զինամթերքի մնացորդները:
«Առաջին դասարանի դասասենյակները տեղափոխվեցին, բայց կորցրեցինք գրադարանը, լաբորատորիան և մարզադահլիճը: Այս դպրոցը նույնպես թալանվել էր։ Լաբորատորիայի և մարզադահլիճի բոլոր սարքավորումները չկան, գողացվել են: Մենք այլևս նույնիսկ ցատկելու պարան չունենք», – ասաց աշխատակիցներից մեկը:
Փետրվարի վերջին աշակերտների մեծ մասն ու 22 նոր տեղահանված երեխաներ էին գրանցվել, և ակնկալվում էր, որ ևս 35 նախկին աշակերտներ կվերադառնային Հայաստանից:
«Նրանք պարզապես չեն տեղավորվի, այնպես որ մենք պետք է դասերը կազմակերպենք երկու հերթափոխով: Այն, ինչ մեզ իսկապես պետք է, նոր դպրոցն է՝ ռմբապաստարանով: Այս մեկը չունի ամրացված նկուղ», – ասաց Կարդումյանը: Ինչպես շատ բնակիչներ, նա չի հավատում, որ հրադադարը մշտական կլինի:
Հետագա ճանապարհը
Ադրբեջանը 2,2 մլրդ մանաթ (1,29 մլրդ դոլար) է հատկացրել վեցշաբաթյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման համար, այդ թվում՝ նախնական 7 մլն մանաթ (4.1 մլն ԱՄՆ դոլար) վնասված դպրոցների վերանորոգման համար: Ադրբեջանի կրթության նախարարը մեզ ասաց, որ հույս ունի համագործակցել միջազգային հանրության հետ` «երեխաների համար հարմար քաղաքներ» կառուցելու համար:
Տարածքը աղտոտված է ականներով և ենթակառուցվածքների մեծ մասը ավերվել է: 1990-ականներից ի վեր ականների զոհերի ավելի քան քառորդը եղել են երեխաներ:
Մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերն էլ պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն:
Ըստ հաղորդումների, ամերիկյան ռազմական ստրատեգները ուսումնասիրում են Թուրքիայի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների դերը մարտադաշտում Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Զեկույցներն առ այն, որ ԱԹՍ-ները հարվածել են դպրոցներին և վիրավորել մի երեխայի, մատնանշում են ռազմի դաշտի անհաջողությունները ուսումնասիրելու անհրաժեշտությունը, ինչը նման կործանարար ազդեցություն է ունեցել կրթությանը վրա:
Հայաստանում իշխանությունները պետք է հետաքննեն, կամ առնվազն ընդունեն և փորձեն շտկել դպրոցների ռազմական օգտագործման և թալանի հետևանքները: Հայաստանը մեկն է այն 111 երկրներից, որոնք հավանություն են տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարևորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ:
Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Եթե իր ուժերն առգրավել են դպրոցական գրառումներ կամ այլ գույք այն տարածքներում, որտեղ նա վերահսկողություն է հաստատել, ապա դրանք պետք է փոխանցի հայկական կողմի իշխանություններին: Եվ նա պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին:
Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հրավիրեն մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային անկախ մեխանիզմի տեղակայումը 2020 թվականի կոնֆլիկտից տուժած տարածքներում՝ մարդու իրավունքների խախտումները փաստագրելու եւ մարդու իրավունքների վիճակի, առաջացող խնդիրների ու վտանգերի մասին կանոնավոր հանրային հաշվետվություն ներկայացնելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային գործընկները պետք է հանդես գան տեղում նման մշտադիտարկման ներկայություն հաստատելու մասին հրապարակային կոչով։