«Զանգեզուրի միջանցքի» բացումը կծառայի միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Տաշքենդում՝ Թուրքիայի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Բայրամովը համոզմունք է հայտնել, որ «տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ Զանգեզուրյան միջանցքը» կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը և կօժանդակեն «տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը»։
Կողները աջակցել են «Ուզբեկստան-Ղրղզստան-Չինաստան» երկաթգծի կառուցմանը։ Ուզբեկստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը ընդգծել է՝ «Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան» երկաթգծային միջանցքի միացումը «Տրանսկովկասյան միջանցքին» մեր երկրների միջև միասնական տրանսպորտային ցանց կստեղծի և կընդլայնի Չինաստանից դեպի Եվրոպա առևտրի աշխարհագրությունը։
«Ուստի Ուզբեկստանը հետաքրքրված է Զանգեզուրյան միջանցքի վերականգնման մեջ․ այն կկարողանա ապահովել Ասիայից Եվրոպա ամենակարճ ցամաքային երթուղին», – «Ուզբեկստան-Ադրբեջան-Թուրքիա» երկխոսային ձևաչափի առաջին նիստին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարները Տաշքենդում հռչակագիր են ստորագրել։ Ըստ «Թրենդ» ադրբեջանական գործակալության, փաստաթղթով, ի թիվս այլի, ընդգծվել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը, որը կմիացնի «Արևելյան Զանգեզուրն ու Նախիջևանը»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե հռչակագիրը կնպաստի «թյուրքական աշխարհի բարգավաճմանը ու հարաբերությունների ամրապնդմանը»։
Ուզբեկստանում տեղի ունեցած համաժողովին երեք երկրների ԱԳ նախարարներից բացի մասնակցել են նաև տրանսպորտի և առևտրի նախարարները։
Տրասպորտային ուղիների վերագործարկմանն ուղղված քննարկումները ընթանում են Զանգեզուրի միջանցք-Մեղրիի ճանապարհ հակասության ներքո։ Նախիջևանը Ադրբեջանին կապող տրասնպորտային այս ուղին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները «Զանգեզուրի միջանցք» են անվանում։ Հայաստանը մշտապես առարկում է՝ «միջանցքային տրամաբանությամբ» հարցեր չեն քննարկվել և չեն քննարկվելու։
Ամիսներ առաջ Հայաստանը, իսկ ավելի ուշ՝ նաև միջնորդները (Մոսկվան և Բրյուսելը) հաստատեցին՝ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի ապաշրջափակվող ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որով անցնում են։
Հունիսի 9-ին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող։