Ադրբեջանի օմբուդսմենին կից Խոշտանգումների կանխարգելման ազգային խմբի անդամներն այցելել են Բաքվում դատապարտված Հայաստանցի ռազմագերիներին։
Գաղտնի հանդիպումների ընթացքում, ըստ իրավապաշտպանների, հաստատվել է, որ յուրաքանչյուր դատապարտյալ ապահովված է հեռախոսազանգի, նամակագրության, ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու, տեղեկատվություն ստանալու (հեռուստատեսությունից, լրատվամիջոցներից) և բժշկական ծառայությունների հնարավորությամբ։
ՄԻՊ գրասենյակն ընդգծում է, որ բոլոր դատապարտյալների հետ վարվել են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բժշկական և հոգեբանական ծառայություններով։
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից գերեվարված շուրջ 62 զինծառայողները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։ Վերջին տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում նրանցից միայն 29-ն է Բաքվից վերադարձվել Հայաստան։
Ադրբեջանը պնդում է, որ իր տարածքում միայն 38 ռազմագերի կա, որոնցից 31-ը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո։ Բաքուն գերեվարվածների մեծ մասին ծանր հանցագործությունների համար դատապարտել է մի քանի տարուց մինչև 20 տարվա ազատազրկման և հրաժարվում է վերադարձնել նրանց՝ պատճառաբանելով, որ վերջիններս ռազմական հանցագործներ են։