Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին», – հաղորդել է վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԹՍ-ներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ։
Ժամը 04։00-ի դրությամբ, ըստ Հայաստանի ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նախարարության հաղորդմամբ, «րոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։