00:30 — Մի քանի ժամ է՝ Գորիսի ուղղությամբ, ինչպես նաև Կապանի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր և հրետակոծություններ չկան, News.am-ին ասել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի քաղաքապետը:
00։20 — Հայաստանի օմբուդսմենի փաստահավաք առաքելության խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։ Նրանք հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։
ՄԻՊ-ի տեղեկությունների համաձայն, Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Վերին Շորժայում ադրբեջանական զինուժերը թիրախային կրակ է արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։
Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։
00։02 — Մոսկվան ակնարկում է, Վաշինգտոնը կասկածում է, Անկարան՝ սպառնում, Թեհրանը՝ զգուշացնում․ ամփոփում ենք միջազգային արձագանքը
00։00 — ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։
Պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու նպատակովՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի, տեղեկացրել են Կազմակերպությունից։
22։10 — Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Տեսակոնֆերանսին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները, Տաջիկստանի վարչապետը, Բելառուսի ԱԽ քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:
«Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը», – հաղորել է հայկական կողմը։
21:00 — Այս պահի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
ՊՆ-ի հայտարարարությունը՝
21։00 — Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է իր 50 զինծառայողների զոհվելու մասին: Զոհվածներից 42-ը զինծառայողներ են, 8-ը՝ սահմանապահներ:
20:50 — 4 օջախով այրվում է Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքը, գրել է ԱԻՆ-ը։ «Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»։
18:00 — Այս պահի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։
Կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։ Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
ՊՆ-ի հայտարարությունը՝
17։20 — Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են՝ հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք»։
17:15 — «Հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման կոչ ենք անում կողմերին [Ադրբեջանին և Հայաստանին]՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում», – հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն:
16։10 — Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։
«ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր ՀՀ-ի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին», – հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
15։00 — «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը», – հաղորդել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
14։50 — Հայաստանի նախաձեռնությամբ այսօր՝ Երևանի ժամանակով 19։00-ին, տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ, հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը։
14։00 — Այս պահի դրությամբ իրադրությունը սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայկական կողմերի զոհերի նախնական թիվը 49 է։ Վիրավորներ կան նաև քաղաքացիական անձանց անձանց շրջանում։
ՊՆ հայտարարությունը՝
13։50 — ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել․
«Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը աջակցության կոչով դիմելու կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորման ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ»։
13։40 — Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման պատճառով՝ հղվելով Ֆրանսիայի նախագահի գրասենյակին, գրում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ գիշերը Հայաստանի Անվտանգության խորհուրդը որոշել էր դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։
13։30 — ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է ավերվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի խաղաղ բնակչի տունը՝ «ադրբեջանական թիրախային զինված հարձակման հետևանքով»։ Տան հարևանությամբ՝ մի քանի կիլոմետր շառավիղով, որևէ զորամաս կամ զինվորական հիմնարկ գոյություն չունի, ընգծել է Թաթոյանը։
12։30 — Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հրադարի մասին, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ստացել ենք Հայաստանի կառավարության դիմումը խնդրանքով՝ օժանդակել իրավիճակի կարգավորմանը՝ համապատասխան առկա երկկողմ պայմանագրերի և ՀԱՊԿ-ի միջոցով։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9։00-ից հրադադարի մասին կիրականացվի ամբողջությամբ», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
12։15 — Քաղաքացիական 3 անձ վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով։
Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
11։20 — Հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի արտահերթ նիստին՝ հավելելով, որ թիվը վերջնական չէ։
11։00 — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
«Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար», – հայտնում է ՀՀ կառավարությունը:
10։30 — Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, վերադառնում ելման դիրքեր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
10։00 —Ադրբեջանական հրետակոծության հետևանքով 2 կին բեկորային վիրավորումներով տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն։ Այս մասին news am-ին ասել է հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ նրանց վիճակը նորմալ է։ Նախնական տեղեկություններով, 83 և 24-ամյա կանայք վիրավորում են ստացել Սոթքում։
09։00 — «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։ Ինչպես վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար հեռախոսազրույցի մասին։ Պետքարտուղարի տեղակալի հետ հեռախոսազրույցներ են ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի ատգործնախարարները։
Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
08:00 — Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԹՍ-ներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։
Ըստ Հայաստանի ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նախարարության հաղորդմամբ, «որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։
Ըստ ադրբեջանական մամուլի կրակը դադարեցվել է։ Այս հարձակումը նրանք ևս անվանում են հատուկ օպերացիա, որի նպատակը նոր դիրքեր գրավելն է։ Հայտնում են նաև հայկական կողմի մեծ կորուստների մասին։