Իրանում Մահսա Ամինիի մահվանից հետո սեպտեմբերից սկսված ցույցերի մասնակցի նկատմամբ ընդունվել է առաջին մահվան դատավճիռը, գրում է իրանական Mizan Online գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ դատապարտյալ Սաման Սեյդին մեղավոր է ճանաչվել կառավարական շենքը հրկիզելու, հասարակական կարգը խախտելու, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու և հրազեն օգտագործելու մեջ։ Սեյդիին հայտարարել են «Աստծո թշնամի»։
Միաժամանակ, 5-10 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս 5 ցուցարարներ՝ հասարակական կարգը խախտելու և ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Դատավճիռները նախնական են և հնարավոր է բողոքարկել, նշում է իրանական լրատվամիջոցը։
Մահապատժի վտանգի տակ են նաև երկու լրագրողներ՝ Նիլուֆար Համեդին և Էլաե Մոհամմադին, որոնք առաջինն են գրել Մահսա Ամինիի մահվան մասին։ Համեդին իր թվիթերյան էջում հրապարակել էր զոհված կնոջ գրկախառնված ծնողների նկարը, իսկ Մոհամմադին լուսավորում էր Ամինիի թաղման արարողությունը, որի ժամանակ էլ սկսվել էին ցույցերը։ Իրանական իշխանությունները մեղադրում են լրագրողներին պետական դավաճանության և ԱՄՆ հատուկ ծառայություններում աշխատելու մեջ։
Ցույցերի սկզբից ի վեր ավելի քան 40 լրագրողներ են ձերբակալվել, իսկ ազատության մեջ գտնվողները բողոքում են քաղաքական հետապնդումներից և ահազանգում, որ իրենց հեռախոսները գաղտնալսում են։
Իրանական դատական մարմինների հաղորդմամբ՝ ապստամբությանը մասնակցելու համար դատավճիռ է կայացվել շուրջ 2000 ցուցարարի նկատմամբ։
Իրավապահ մարմինների կողմից ցույցերի բռնաճնշումների հետևանքով ավելի քան 326 ցուցարար է զոհվել, այդ թվում՝ 43 երեխա, հաղորդում է Նորվեգիայում տեղակայված Iran Human Rights իրավապաշտպանական կազմակերպությունը։
Մեկ այլ՝ HRANA (Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալություն) կազմակերպության կայքում հաղորդվում է 339 զոհերի և շուրջ 15300 ձերբակալվածի մասին։ Ըստ աղբյուրի՝ զոհվել են նաև 39 ուժայիններ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին Իրանում «ողջախոհության ոստիկանության» կողմից ձերբալկված և խոշտանգումների ենթարկված 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո երկրում լայնամասշտաբ հակակառավարական ցույցեր են սկսել, որոնք տարածվել են շուրջ 140 քաղաքներով և շարունակվում են մինչ այսօր։ Իրանի իշխանությունները ապստամբության մեջ մեղադրում են երկրի արտաքին թշնամիներին։ Ուժայինները շարունակում են ձերբակալել, ծեծել և սպանել։
Տե՛ս նաև՝
Խնդիրը հիջաբը չէ․ Իրանում շարունակում են ոչնչացնել երիտասարդներին
Դեռահասները արթնացնում են Իրանը․ հարցազրույցներ