Նոյեմբերի 16-ին գիտական Science պարբերականում հրապարակվել են գրեթե երկու տարի առաջ անգլիական Վինչկոմբ քաղաքում գտնված երկնաքարի հետազոտությունների առաջին արդյունքները։ Պարզվում է՝ երկրնաքարի մեջ ջուր կա, նույնպիսի՝ ինչ Երկիր մոլորակի վրա է։
2021 թվականի փետրվարին Վինչկոմբի երեկոյան երկնքում տեղացիները կրակե գունդ են տեսել, որից հետո շրջակա դաշտերում, իրենց այգիներում, կամ ուղղակի փողոցում սկսեցին գտնել երկնաքարի կտորները՝ սևացած քարերի տեսքով։ Ընդհանուր առմամբ հավաքել էին մոտ կես կիլոգրամ քարեր, որոնք փոխանցվել են գիտնականներին, մտցվել Լոնդոնի բնական գիտությունների թանգարանի կատալոգ, որից հետո ուղարկվել են ամբողջ աշխարհով մեկ՝ տարբեր լաբորատորիաներում հետագա հետազոտությունների նպատակով։
Հետազոտությունների արդյունքում երկնաքարի կտորների մեջ ջուր է հայտնաբերվել։ Այն փաստը, որ կտորները հավաքել են, երբ երկնաքարի ընկնելուց 12 ժամ էլ չէր անցել, վկայում է, որ քարերը չէին հասցնի ներծծել մոլորակի ջուրը կամ այլ մասնիկներ։ Այլ կերպ ասած՝ այն ամենը ինչ կա երկնաքարի մեջ, եկել է տիեզերքից։
Վիչկոմբի ճանապարհներից մեկի վրա գտնված երկնաքարի կտոր։ Դրա կտորներից մեկը աճուրդում վաճառվել է 120 անգամ ավելի թանկ գնով, քան եթե այն ամբողջովին ոսկուց լիներ։
Այս տիպի երկնաքարերին գիտականորեն անվանում են «Ածխային խոնդրիտներ» կամ C խոնդրիտներ. զանգվածի մինչև 11%-ը ջուր է՝ ջրածնի տարբեր ատոմների հարաբերակցության ձևով այն գրեթե չի տարբերվում մեր մոլորակի ջրից։ C խոնդրիտները համեմատաբար քիչ են հանդիպում՝ Երկիր ընկած երկնաքարերի ընդամենը 4,6%-ն են կազմում։
Երկնաքարի հետազոտությունները հաստատում են այն տեսությունը, որ հիմնական քիմիական բաղադրիչները, որոնց պատճառով առաջացել է կյանքը, մեր մոլորակի վրա են հայտնվել տիեզերքից՝ միլիարդավոր տարիներ առաջ։
Երկնաքարի օրգանական միացությունները (ածխաջուր և ազոտ պարունակող) հետազոտող գիտնականները նույնպես նման եզրակացության են հանգել․ հենց այսպիսի քիմիական նյութեր էին պետք Երկրի վրա կյանքի առաջին նշանների հայտնվելու համար։
Որոշ գիտնականների ենթադրությամբ երիտասարդ Երկիր մոլորակը այնքան տաք էր, որ յուրաքանչյուր միացություն՝ այդ թվում ջուրը, կոչնչացվեր։ Ենթադրվում է, որ մոլորակը որոշ ժամանակ ռմբակոծվել է սառցե գիսաստղերով, իսկ ավելի ուշ՝ հավանաբար երկնաքարերից, հայտնվել է ջուրը, որը ներկայումս օվկիանոսների տեսքով ծածկում է Երկրի մակերևույթի շուրջ 70%-ը։
Գիտնականները նաև պարզել են, որ երկնաքարը առաջացել է Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստղակերպերի արտաքին գոտուց, հավանաբար ինչ-որ տիեզերական մարմնի հարվածի հետևանքով՝ պոկվելով մի աստղակերպից։ Այն Երկիր է հասել մոտ 200-300 հազար տարում, ինչը երկրաբանական տեսանկյունից համարվում է շատ կարճ։ Հետազոտողները պարզաբանել են, որ C խոնդրիտները փխրուն տիեզերական մարմիններ են և դրանք կփշրվեն ու չեն պահպանվի, եթե շատ արագ չհասնեն։
«Կարելի է երաշխավորել, որ այս օբյեկտի հետազոտությունները դեռ շարունակվելու են տարիներով՝ մեր առաջ բացելով Արեգակնային համակարգի ստեղծման նորանոր գաղտնիքներ», – ասել է Science-ի հետազոտության հեղինակ, Գլազգոյի համալսարանի դոկտոր Լյուկ Դեյլին։