Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է, հայտնել է Արցախի «Հանրապետական» ԲԿ գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Արցախի «Հանրապետական» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այս պահին 11 հիվանդ է գտնվում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Միջանցքը փակվելուց հետո առաջին օրերին ծանր վիճակում գտնվող 2 հիվանդի վիճակ այս պահին կայուն է: «Արևիկ բուժմիավորում»-ում 10 երեխա ռեանիմացիոն բաժանմունքում է, մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Ավելի վաղ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը շտապօգնության մեքենայով ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։
Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է՝ ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով։
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի։ Մատակարարումները (այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի) խափանված են։