Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի այսօրվա փակ նիստին «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի վրա՝ ասել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Տեղի է ունեցել քննարկում արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, հրավիրված է եղել նաև [միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ] Եղիշե Կիրակոսյանը, ներկայացրել է իր գործունեությունն, անելիքները։ Քննարկման ընթացքում, բնականաբար, և՛ բանավեճ, և՛ քննարկումներ են տեղի ունեցել, որի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանն, առանց որևէ հիմնավորման, դրդապատճառի, բառիս ուղիղ իմաստով՝ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հասցրել է մարմնական վնասվածք հոնքի հատվածում։ Կարեր դնելու անհրաժեշտություն կա։ Մենք հրավիրել ենք ոստիկանությանը, դիմել ենք դատախազություն», – «Ազատությանն» ասել է Հովհաննիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորը, ըստ նրա, հարվածելուց անմիջապես հետո վազելով փախել է սենյակից, թաքնվել է Ազգային ժողովի որևէ մի անկյունում, «ոստիկանությունը նրան է փնտրում»։
Քիչ առաջ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը նշել է, որ Մհեր Սահակյանին ոստիկանները բերման են ենթարկել Արաբկիրի բաժին։ Նախկին պաշտպանության նախարար, իսկ հիմա՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ կարծիք է հայտնել, որ Վլադիմիր Վարդանյանն ի՛նքն է հրահրել, քանի որ Սահակյանը չէր կարող հենց նենց վեր կենալ և հարվածել։
Վլադիմիր Վարդանյանն էլ դիմել է «Նաիրի» ԲԿ։ Հիվանդանոցից տեղեկացրել են, որ պատգամավորը դիմել է դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։