Երեկ երեկոյան ռուս խաղաղապահները փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ։ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են մեքենաների երթևեկությունը՝ գրել է Ղարաբաղի ներքին գործերի նախարարությունը:
Տեղում վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը․ կանայք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Ղարաբաղի օմբուդսմենը պարզաբանել է՝ չնայած վերադարձի վերաբերյալ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, ««էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը», քաղաքացիները ստիպված են եղել մոտ 5 ժամ սպասել։
Ըստ ՄԻՊ-ի տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը։
Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները վերադարձել են Գորիս՝ հավելել է ՄԻՊ-ը․
«Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս»:
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը», – գրել է Ղարաբաղի պետնախարարը:
Պետնախարարը զգուշացրել է՝ «ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար՝ ռուս խաղաղապահների միջոցով»։
Ադրբեջանական կողմը, մինչդեռ, գիշերը հաղորդել է միայն, թե ռուսաստանցի խաղաղապահները դիմել են «Ղարաբաղի հայ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար», նրանց խնդրանքով «ժամանել է Շուշի քաղաքի շտապօգնության բրիգադ», որն առաջին օգնություն է ցուցաբերել, ապա խաղաղապահների ուղեկցությամբ TƏBİB-ի «շտապ բուժօգնությունը բուժառուներին հասցրել է հիվանդանոց» Ստեփանակերտում: