«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանի կառավարությունից, ՄԱԿ-ից, նաև՝ Մինսկի խումբը համանախագահող երկրներից և Եվրամիությունից պահանջում է գործուն քայլեր ձեռնարկել՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։
Նախաձեռնության մասնակիցները՝ շուրջ մեկ տասնյակ մարդիկ, այսօր երթ էին անում Երևանի կենտրոնում․ Կառավարության շենքի մոտից նրանք շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, Ռուսաստանի դեսպանատուն, ԵՄ ներկայացուցչություն։ «Նամակներ բաժանեցին հասցեատերերին»։
«Բերձորի [Լաչինի] միջանցքի բացումը և միջանցքի կարգավիճակի անխաթարությունը վճռորոշ իրողություն կդառնա մեր ժողովրդի պաշպանության ու անվտանգության համար։ Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ մեր իրավունքները ոտնահարվում են։ Ժամանակն է, որ մենք միասնականություն ցուցաբերենք և ցույց տանք մեր իրավատեր կամքը», – երթը ազադարարող հայտարարության մեջ նշում էին նախաձեռնության անդամները։
Հրապարակում շատ մարդ չկար։ Երթի մասնակիցները վհատվում էին ժողովրդի իներտությունից, «պասիվությունը չէին ողջունում»։
«Համաձայն ենք, Արցախի հարցը պետք է լուծի արցախցին, – ասում էր ցուցարարներից մեկը․ – Բայց արցախցին այսօր շատ քիչ լծակներ ունի, արցախցին այսօր շրջափակման մեջ է՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես ծանր վիճակում։ Մենք՝ որպես քույրեր և եղբայրներ, որպես հայրենակիցներ, պետք է օգնենք նրանց, պետք է ցույց տանք, որ նրանց կողքին ենք, որ նրանք մենակ չեն և մեր խոսքը հասցնենք միջազգային կառույցներին»։
Ցուցարարները, նախ, նամակ փոխանցեցին Հայաստանի կառավարությանը։ Խնդրեցին, որ հանդիպում կազմակերպեն նախաձեռնության անդամների հետ։ Պահանջեցին այնպիսի գործողություններ ձեռնարկել, որպեսզի «բացվի Լաչինի ճանաչված միջանցքը»։ Արձանագրեցին, որ «գործողություններ կան, բայց դրանք անբավարար են», և շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչություն։
Ճանապարհին վանկարկում էին «Ազատ Արցախ» և կոչ անում միանալ իրենց նախաձեռնությանը։
Արդեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նրանք առաջարկեցին «նիստեր հրավիրել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով կամ Ասամբլեայով» և ինչ-որ ձև «առաջ մղել Արցախի 120 հազար ժողովրդի պաշտպանության հարցը»։
«Ադրբեջանական զորքերը և այն անձինք, որոնք խաթարում են միջազգայնորեն ճանաչված Լաչինի միջանցքի աշխատանքը, պետք է դուրս բերվեն այնտեղից», – դիմելով դիվանագիտական ներկայացուցչությանը՝ ասում էր բանախոսներից մեկը։
Քիչ անց երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ։ Մոսկվային հիշեցրեցին 2020-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունների մասին, Փարիզին շնորհակալություն հայտնեցին հասցեական հայտարարությունների համար։ Վերջում վանկարկեցին՝ «Մերսի՜, Մակրո՜ն»։
ԱՄՆ դեսպանատան մոտ այդպես էլ չհասան․ նախաձեռնողներից մեկը նշեց, որ Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությանը համապատասխան ուղերձ է փոխանցվել երթին զուգահեռ։
Արդեն 54 օր է՝ Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է։ Հայկական մեքենաների համար Լաչինի միջանցքը երկկողմանի փակ է։ Շուշիին հարող հատվածում ադրբեջանական ճամբար է, երկու կողմերից՝ ռուսական պոստեր․ պարբերաբար դրանցով անցնում են խաղաղապահների շարասյուններն ու Կարմիր Խաչի մեքենաները։ Վերջինները, որպես կանոն, տարհանում են ծանր հիվանդներին։
Ղարաբաղի կողմից՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին, Հայաստանի կողմից՝ Տեղ գյուղի մոտակայքում ոստիկանական անցակետեր են․ ղարաբաղցիներին և հայաստանցիներին այնտեղից հետ են շրջում՝ զգուշացնելով, որ ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահները ի վիճակի չեն ապահովել նրանց անվտանգությունը։
Արդեն գրեթե երկու ամիս է՝ տասնյակ հազարավոր մարդիկ ապրում են փաստացի բլոկադայի պայմաններում։ Մատակարարումները խափանված են, սնունդը, դեղորայքը, վառելիքը չեն բավարարում, առաջնային անհրաժեշտության պարենը վաճառվում է կտրոններով։ Օրեցօր ավելանում է նաև գործազուրկների թիվը․ պաշտոնական տվյալներով, շրջափակումը շուրջ 5 հազար մարդու զրկել է եկամուտի աղբյուրից։
Պարբերաբար Ադրբեջանը խափանում է նաև գազամատակարումը։ Շաբաթներ շարունակ Հայաստանից Ղարաբաղ նաև հոսանք չի հասնում։ Ստեփանակերտում և շրջաններում հովհարային անջատումներ են՝ օրական 6 ժամ մարդիկ լույս չունեն։
Երբ է Լաչինի միջանցքը բացվելու՝ ոչ ոք չգիտի։ Ղարաբաղյան պաշտոնյաներն ակնարկում են, որ բլոկադան կարող է ձգվել մինչև ապրիլ։ Բանակցությունները արդյունք չեն տալիս։
Բաքուն փորձում է վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի նկատմամբ և պահանջում է դադարեցնել ղարաբաղյան հանքերի գործունեությունը։ Երևանը «միջազգային ճնշում է մոբիլիզացնում»։ Ստեփանակերտը հայտարարում է, որ միակողմանի զիջումների չի գնալու։ «Բանակցությունները շարունակվում են», – պարբերաբար զեկուցում է ռուսական կողմը, որը, ըստ եռակողմ հայտարարությունների, պատասխանատու է Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունն ապահովելու համար։
տե՛ս
Բաքվի «մեկ ադրբեջանցին», Ռուբենի պայքարը, Ռուսաստանի խոստումը
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Ինչ են շնչում Ղարաբաղի չինովնիկները․ ընդդիմադիրի անդրադարձը
Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
Պետք է ասել՝ սիրելի հպարտ քաղաքացի, այս իրադրության մեջ մենք ունենք մի քանի լուծում