09։40 — Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորված 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Նույն օրը երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորված 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում, գրել է ՊՆ-ն։
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։
00։45 — Կեսգիշերն անց Բաքուն հաղորդել է իր 1 զոհված զինծառայողի մասին, այլ կորուստներ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հրապարակում:
00:45 — ՀՀ ՊՆ հաղորդագրությունների համաձայն,
– ժամը 21:00-ից հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում էականորեն նվազել է։
– ժամը 21:50-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ:
– ժամը 22:15-ից կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ։
– ժամը 23:45-ից 00:30-ը նշված ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
00։00 — ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորի անունը՝ Նարեկ Նորայրի Բաղդասարյան (ծնվ. 2003 թ.), և հաղորդել ևս 1 վիրավորի մասին։
21։46 — Հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր՝ ժամը 21։40-ին հաղորդել է պաշտպանության նախարարությունը․ «Կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է»։
Առավոտյան հաղորդվել էր ևս 2 վիրավորների մասին։
21։05 — Ժամը 21:00-ից կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ըստ ՊՆ-ի, էականորեն նվազել է։
19։53 — ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում
19:10 — Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, գրել է ՀՀ ՊՆ-ն։
17։50 — Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնել է ՀՀ ՊՆ-ն։
16:50 — Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ հաղորդել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը․
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ»:
10:00 — Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
«Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», – ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ ժամը 8։30-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ «գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել»:
Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հաղորդել է, որ մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը սահմանի «Բասարքեչերի շրջանի Զոդի (Սոթք) ուղղությամբ իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել»։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին վերջին մեկ օրվա ընթացքում այլ ուղղություններով, մասնավորապես՝ Քելբաջարի, Լաչինի և Թովուզի շրջանների, տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը 17 անգամ գնդակոծելու մեջ։
«Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները բոլոր հատվածներում ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր», – ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի հաղորդումը «հերթական ապատեղակատվություն» է որակել։
Հիշեցնենք՝ նախօրեին ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 06։00-ից սկսած հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր 4 վիրավորի (երկուսի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում), Ադրբեջանի ՊՆ-ն՝ 1 զոհի և 1 վիրավորի մասին։