Home / Շուկա / Հայաստանում տոննաներով կոկաին կա

Հայաստանում տոննաներով կոկաին կա

Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորից պատվիրված ապրանքի հետ (Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով) Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել մոտ 1 տոննա կոկաին, հայտարարել է Հայաստանի ԱԱԾ-ն։

Կոկաինը հայտնաբերվել է, այն գտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում։

Թրմանյութի արժեքը ԱԱԾ-ն մոտ 250 միլիոն եվրո է գնահատում։

Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ իրավապահների՝ բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքեր, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ։

2․7 տոննա կոկաինը մնացել է Իտալիայում

Նախօրեին հայտարարվեց, որ Իտալիայում առգրավել են 2.7 տոննա կոկաին, որն ըստ նախատեսվածի Վրաստանի Բաթումիի նավահանգստով պետք է ուղարկվեր Հայաստան։

Կոկաինի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան:

Իտալական Ռեջո Կալաբրիայի շրջանի ոստիկանությունից հայտնել են, որ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»։ Այն վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ:

Հայաստանի ՊԵԿ-ից ավելի ուշ մեկնաբանել էին՝ տեղյակ չեն, թե ով է պատվիրել 78 տոննա բանանը, որի մեջ թաքնված է եղել 2.7 տոննա կոկաինը․ «Քանի դեռ Հայաստան չի մտել, մենք ոչ մի բանի հետ կապ չունենք։ Թե ովքեր են գնորդները՝ միայն Իտալիան կարող է ասել»:

Դատախազությունից հայտարարել էին, որ ուսումնասիրում են մամուլի հրապարակումները։

Արդյոք հայտնաբարված ընդհանուր 3․7 տոննա կոկաինը ներհայաստանյան սպառման համա՞ր էր, թե՞ Հայաստանը դեպի առավել մեծ շուկաներ տարանցման հերթական կետն է՝ իրավապահները չեն մանրամասնում։ Հայաստանի տարածքով թմրամիջոցների մեծածավալ տեղափոխության մասին արդեն տարիներ շարունակ գրում են նաև միջազգային զեկույցներում։

քննությունը պետք է լինի

«Պետք է իրականացվի բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ, ու ամենից կարևորը՝ վստահելի քննություն, որի արդյունքների մասին պետք է իրազեկել հանրությանը, հաշվի առնելով այս թեմայով տարատեսակ հնարավոր ու առկա մանիպուլիացիաները», – գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը․

— Ո՞վ էր լինելու Հայաստանում կոկաինի ընդունողը,
— ի՞նչ երաշխիքներ և ումի՞ց է ունեցել պոտենցիալ ստացողը, որ կոկաինը անցնելու է Հայաստանի սահմանով և ապահով հասնելու է իրեն։
— ի՞նչ նպատակով էր ներմուծվելու այդ քանակի թմրանյութը՝ Հայաստանում իրացվելու՞, թե՞ այլ երրորդ պետություն տեղափոխելու համար։

Այս հարցերը կպարզե՞ն ՀՀ իրավապահ մարմինները, թե՞ ոչ։