Home / Բանակ / Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ

Ադրբեջանցի սահմանապահները ծեծել են ղարաբաղցի երիտասարդներին ռուս կոլեգաների աչքի առաջ

22։25— Ադրբեջանի իշխանությունները Լաչինից առևանգված ղարաբաղցի 3 ուսանողներին դատապարտել են 10-օրյա «վարչական կալանքի»։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, թե «հաշվի առնելով նրանց տարիքն ու անկեղծ զիջումը՝ քրեական հետապնդումը դադարեցվել է»: Կալանքի ժամկետի ավարտից հետո «կապահովվի այդ անձանց վտարումը Ադրբեջանի տարածքից»:

18։18 — Ստեփանակերտը հայտարարել է, թե ադրբեջանցիներն այսօր Լաչինի միջանցքից մեկ քաղաքացու են առևանգել։ Մինչ այդ ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները գրում են, որ Լաչինի միջանցքից ձերբակալվել է երեք հոգի՝ ֆուտբոլիստներ, որոնք մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշը անարգելու» մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը ի սկզբանե հաղորդել է միայն 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին։ Քիչ առաջ ՄԻՊ-ը հայտարարել է, թե Ալեն Սարգսյանից բացի ադրբեջանական անցակետը չի հատել ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, «սակայն չի հաջողվել նրանց հետ կապ հաստատել»։

Ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ները գրում են, որ երեքն էլ ձերբակալված են։ Ըստ ադրբեջանական կողմի, 3 տարի առաջ սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Մարտունու «Ավո» ֆուտբոլային թիմի մարզիկները «անարգում են ադրբեջանական դրոշը», այդ կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազություն քրեական գործ է հարուցել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե  հնարավոր է, որ «Ադրբեջանը հաշվի առնի ձերբակալվածների երիտասարդ և մարզիկ լինելու հանգամանքը, և նրանց նկատմամբ կիրառվի վարչական պատասխանատվություն»։ Ըստ «Թրենդ» գործակալության, նրանք կարող են արտաքսվել Հայաստան՝ այլևս հնարավորություն չունենալով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։

Ղարաբաղում մնացած հայերը, այդ թվում Հակարիի սահմանակետը անցնելու փորձ ունեցած մարդիկ, պատմում են, որ ադրբեջանցի սահմանապահները տեղեկատվության ինչ-որ բազաներ ունեն՝ պաշտպանության բանակում ծառայածների, ակտիվիստների ցուցակներ և այլն։ Պատմում են նաև, որ անցակետից մարդկանց տանում են հարցեր տալու (որի ընթացքում հոգեբանական և ֆիզիկական բռնության է կիրառվում տղամարդկանց նկատմամբ) և հետ են բերում։ Ռուս խաղաղապահները ոչինչ այս ընթացքում չեն ձեռնարկում, այս ամենը տեղի է ունենում նրանց ներկայությամբ։

Ավտոբուսի ուղևորներից մեկը անանուն պատմում է, որ այսօր բերման ենթարկելուց տղաներին ծեծել են բոլորի աչքի առաջ։

Առևանգումից հետո մարդիկ սկսել են հավաքվել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, հորդորում են միանալ իրենց և տեղում որոշել հետագա անելիքները։ Մոտ մեկ ժամ առաջ հրապարակ իջավ նաև ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ թիկնազորի ուղեկցությամբ։ Նա պահանջեց, որ բոլորը անջատեն ուղիղ հեռարձակումները։ Մարդիկ սկզբում հրաժարվում էին՝ պատճառաբանելով, որ գաղտնի պայմանավորվածություններն են նաև, որ բերել են այս իրավիճակին։ Արայիկ Հարությունյանը խնդրեց, որ գոնե հանդիպման սկզբի մասը լինի առանց ձայնագրության։ Ուղիղ հեռարձակումը այդ պահին անջատվեց։

«Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի խոսքով, Հարությունյանը խոսակցության ընթացքում առաջարկել է բոլոր ուժերի մասնակցությամբ վաղը նիստ անել։ Ընդդիմադիր Օսիպյանը, նախորդ փորձերը հաշվի առնելով, հրաժարվել է քննարկումը տեղափոխել վաղվա։ Նա կոչ է արել  դադարեցնել էվակուացիայի մասին խոսակցությունները:

Այսօր տեղի ունեցած միջադեպին մինչ այս անդրադարձել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը․ «Սա արդեն վերջն է։ Ռուս խաղաղապահները, որոնք անց էին կացնում ուսանող երեխաներին և իրենց քաղաքացիներին․․․ այսօր եթե չեմ սխալվում վերջին օրն էր, և այսօր տեղի է ունենում նման դեպք։ 22 տարեկան տղա ուսանող մեկին տարել են արդեն, այս պահի դրությամբ մեկին հարցաքննում են, այդ մեկի մասով տեղյակ չեմ»։

Պետրոսյանը այս միջադեպը կապել է նաև խաղաղապահների հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի փոփոխության հետ։ Ստեփանակերտը պաշտոնապես առայժմ չի հաստատել, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը փոխվել է, և Լենցովն արդեն լքել է Ղարաբաղը. «Լենցովը որ գնաց, պարզվում է՝ պատճառ կար գնալու, և այս պահին սա ամեն ինչով, կարելի է ասել, լոխ նախապատրաստված էր էլի, առիթից օգտվում են»։

Հայաստանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողների տեղափոխումը սկսվել է անցած երկուշաբթի։ Թեև պաշտոնական Ստեփանակերտը չի տեղեկացնում, թե օգոստոսի 21-ից ի վեր օրական ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քանի մարդ է դուրս գալիս Արցախից, ադրբեջանական կողմը պարբերաբար թվեր է հրապարակում՝ 40, 100, 150 և այլն։ Տարածված լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական անցակետը ոտքով անցնում են նաև տարեց կանայք և մանկահասակ երեխաներ՝ ծնողների ուղեկցությամբ։

(թարմացում՝ երեկոյան ԼՂ ՄԻՊ-ը գրել է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր «իրականացվել է 170 անձանց տեղափոխություն»)։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, թե Արցախից Հայաստան մեկնող մի քաղաքացուց այսօր նարդի են առգրավել, որի վրա պատկերված է եղել Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը համարվող Տատիկ-Պապիկը։ Անցած շաբաթ էլ ադրբեջանցի սահմանապահները պահանջել էին Ստեփանակերտի շտապօգնության մեքենայի վրայից պոկել «Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն» գրությամբ պաստառը, որի վրա պատկերված էր նաև Լեռնային Ղարաբաղի զինանշանը։

Մինչ այս՝ ավելի քան երկու ամիս, ադրբեջանական կողմը արգելում էր ելումուտը, ադրբեջանական անցակետով միայն Կարմիր Խաչի հատուկենտ մեքենաներ էին անցնում՝ ծանր հիվանդներին տանում էին Հայաստան և վերադարձնում Ղարաբաղ։

Հուլիսի վերջին էլ Կարմիր խաչի ուղեկցությամբ Ղարաբաղի Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն էր առևանգվել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: Նրան մեղադրանքներ էին առաջադրել և կալանավորել։

Դրանից մի քանի օր անց էլ ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալվել էր Ռաշիդ Բեգլարյանը: Նա առ այսօր էլ Բաքվում է պահվում։