Home / Հայաստան / Ուժգին երկրաշարժ և սողանքներ Թայվանում․ կան զոհեր

Ուժգին երկրաշարժ և սողանքներ Թայվանում․ կան զոհեր

Ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 7:58-ին, Թայվանի Հուալյան քաղաքի մոտ 7․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ ամենաուժգինը վերջին 25 տարիների ընթացքում։ Զոհվել է առնվազն 9 մարդ, ավելի քան 800-ը վիրավոր են, գրում է BBC-ն։ Տասնյակ մարդիկ թակարդված են փլատակների տակ։

Երկրաշարժի էպիկենտրոնը Հուալյանից (թերբնակեցված լեռնյին շրջան) դեպի հարավ մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա է։ Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Թայբեյում և հարակից շրջաններում։

Թայվանի իշխանությունները հաղորդում են ավերածությունների մասին՝ ամենաքիչը 26 շենք է փլվել, hազարավոր տներ մնացել են առանց հոսանքի, հիմնական մայրուղին փակվել է սողանքների և քարաթափության պատճառով:

Որոնողական աշխատանքները դժվար են ընթանում ճանապարհների մասնակի անանցանելիության պատճառով։ Առնվազն 131 մարդ մնացել է ավերակների տակ, այդ թվում՝ Silk’s Place Hotel Taroko հյուրանոցի 50 աշխատակիցները, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Սա այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված թվերն են։

Մինչ այս արձանագրված բոլոր մահերը եղել են Հուալյան քաղաքում․ երեք արշավականներ զոհվել են զբոսաշրջային Տարոկո կիրճում՝ քարերի անկման հետևանքով: Քարաթափությունը սպանել է նաև բեռնատարի վարորդին Սուհուա մայրուղու թունելի առջև՝ հայտնում է Թայվանի Ազգային հակահրդեհային գործակալությունը: Թունելում մնացած երկու քաղաքացիներին հաջողվել է փրկել։

Սա վերջին 25 տարիների ամենաուժգին երկրաշարժն է։ Ճապոնիան և Չինաստանը օգնություն են առաջարկել Թայվանին։

Երկրաշարժից հետո Թայվանի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը առնվազն 100 աֆթերշոկեր է արձանագրել։ Նախազգուշացում է տարածվել, որ երկրաշարժը կարող է հանգեցնել ցունամիների՝ կղզիում և հարևան երկրներում։ Նախազգուշացումների մի մասը հետագայում հետ է կանչվել։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը տեղեկացրել է մի քանի ոչ ուժգին ցունամիների մասին, որոնք հասել են Օկինավայի հարավային սահմանագոտու որոշ շրջաններին։ Ֆիլիպինների օդերևութաբանական գործակալությունը հորդորել է ծովափնյա շրջանների բնակիչներին տարհանվել բարձրադիր գոտի։ Խաղաղօվկիանոսյան կոնտրոնը, որը մինչ այդ զգուշացրել էր Հավայիում հնարավոր ցունամիների մասին, հաղորդել է, որ դրանց վտանգն արդեն անցյալում է։

1999 թվականի սեպտեմբերին Թայվանում 7․6 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որը ավիրել է ավելի քան 5 հազար շենքեր և սպանել ավելի քան 2․4 հազար մարդու։ Դատելով Հուալյանից հեռարձակվող տեսանյութերից, քաղաքի շենքերի զգալի մասը սեյսմակայուն է եղել՝ թեքվել է, բայց չի փլվել։ Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում ուժգին սողանքներ են երևում։ Հետևանքների մասշտաբները դեռ հայտնի չեն։