Հայաստանը փաստացի ուլտիմատում է ներկայացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես «դաշնակից» և ՀԱՊԿ անդամ, նա պետք է ներողություն խնդրի 2020 թվականի պատերազմում Ադրբեջանին օգնելու համար։ Եթե Լուկաշենկոն դա չանի՝ Հայաստանը իրեն իրավունք է վերապահում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Հայ-բելառուսական սրված հարաբերություններին իր յութուբյան ալիքում անդրադարձել է Բելառուսի նախկին դեսպան Պավել Լատուշկոն։
Փաշինյանի դիվանագիտական ժեշտը, ըստ նրա, վերաբերվում է ոչ միայն Բելառուսին, այլև Ռուսաստանին, որի անունը Հայաստանի վարչապետը, այնուամենայնիվ, չի տալիս։ Ազգային ժողովում իր վերջին ելույթի ժամանակ Փաշինյանն ուղիղ ակնարկել էր՝ Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինք Հայաստանը այլևս չի վերադառնալու, այն պաշտոնապես լքելու շուրջ որոշումն էլ Երևանն ինքնուրույն կկայացնի։
բոյկոտ և չվերադարձ
Հուլիսի 12-ին Կառավարության ներկայացուցիչնեն այցելել էին խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։ Բաղրամյանի վրա զուգահեռաբար ընդդիմության հանրահավաք էր՝ բախումներ, հատուկ միջոցների կիրառում, վիրավորներ, ձերբակալություններ։ Անհանգիստ էր նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում․ Փաշինյանի ելույթը մի քանի անգամ ընդհատվեց ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև վիճաբանության պատճառով։
Առանցքային հայտարարությունները ՀԱՊԿ-ին և Բելառուսին էին վերաբերում։
«Արձանագրում եմ՝ Բելառուս երբեք չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ Բա ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը, բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ։ <․․․> ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել։ Տեսականորեն՝ այո, եթե Բելառուսը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար հասկանալի և ընդունելի լինի», – եզրափակիչ ելույթում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փուչիկ էր անվանել։ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական վերջին հարձակումներից հետո Երևանը փաստացի բոյկոտում է ռազմական դաշինքի միջոցառումները, գագաթնաժողովները և հավաքները, հատատեղ զորավարժություններին չի մասնակցում, հրաժարվել է նաև Կազմակերպությունը համաֆինանսավորելուց։ Փաշինյանը ակնարկել էր՝ վերադարձի ճանապարհ այլևս չի տեսնում։
«Է դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է հետ գնանք, կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա՛», – ասել էր նա։
Սա առաջին անգամը չէ, երբ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ՀԱՊԿ անդամ երկրներին մեղադրում են Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի նկատմամբ պայմանագրային պարտականությունները չկատարելու մեջ։ Վերջին անգամ մայիսի 22-ին էր Փաշինյանն ուղիղ հայտարարել՝ «մեր դաշնակիցները», «ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր» 2020 թվականի պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են «ոչ մեր կողմից»։ Նպատակը, ըստ նրա, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի փակումն է եղել, այլև Հայաստանի, որպես անկախ պետության, «չգոյությունը»։ Այդ նապատակին, Հայաստանի ղեկավարի կարծիքով, փորձել են հասնել ոչ միայն Ադրբեջանին ռազմական ագրեսիայի հրահրելով, այլև ներհայաստանյան իրավիճակն անկայունացնելու միջոցով․ «2020 թվականի իրենց այդ չանկնկալիքը չի արդարացել, հետո փորձել են 2021 թվականի նոյեմբերին, հետո փորձել են 2022 թվականի սեպտեմբերին, էլի չի ստացվել, 2023 թվականի սեպտեմբերին՝ չի ստացվել, մի հատ էլ փորձեցին 2024 թվականի մայիսի 9-ին, էլի չստացվեց ու էլի չի ստացվելու այդքան քննադատված սահմանազատման պրոցեսի շնորհիվ։ Այս գործընթացով շատերին զրկել ենք 2024թ. մայիսի 9-ին զուգահեռ սահմանային բախումներ հրահրելու հնարավորությունից»։
մտածում են միմյանց ժողովուրդների մասին
Ռուսաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Շպակովսկին առաջինն էր արձագանքել՝ Մինսկը հանգիստ է գնահատում Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները»․ «Գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան գործն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք համագործակցում ենք և կհամագործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»։
Նույն օրը Բելառուսի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին գրել էր ամերիկյան Politico պարբերականը՝ հղվելով առուվաճառքի մասին գաղտնազերծված փաստաթղթերին։ Մեկնաբանը հիշեցրել էր, որ Լուկաշենկոն նախընտրում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ դրանք տնտեսապես ավելի շահավետ են։ Լուկաշենկոյի բիզնես մտացումը արտահայտվել է նաև 2016 թվականին, երբ նա այն ժամանակվա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները՝ առաջին փուլում հինգ միլիարդ, հավանաբար, դոլարի դիմաց։
Ավելի ուշ Բելառուսի արտգործնախարարությունը հաղորդել էր՝ խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին։ Բելառուսում իր դեսպանին հետ էր կանչել նաև Հայաստանը։
Բելառուսի ԱԳՆ խոսնակը հայատարարել էր, թե Մինսկը հայ ժողովրդին մաղթում է ղեկավարություն, որն «իսկապես կմտածի երկրի ապագայի և ժողովրդի բարեկեցության մասին»։
Հայաստանի արտգործնախարարությունն այս հայտարարությունների առթիվ բողոքի հայտագիր է ներկայացրել բելառուսական կողմին։ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է», – նշված էր Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
անվերջանալի բառախաղ
ՀԱՊԿ-ին առնչվող հայտարարություններին անդրադարձել էին նաև Ռուսաստանից։ Դաշինքի քարտուղարությունն ու Կրեմլի խոսնակը զուսպ էին արտահայտվել և հիշեցրել, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։
Ռուսական արտաքին գերատեսչության փաստացի խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր․ «Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով։ Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Սա ինչ-որ անվերջանալի բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ղեկավարության մի շարք գործիչներից»։
Անվերջանալի բառախաղը սկսվել է անդամակցության սառեցման շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից և ձգվում է մինչև հիմա։ Օրեր առաջ, օրինակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել էր՝ Փաշինյանի վերջին հայտարարությունն ինքնին չի նշանակում ՀԱՊԿ-ից (պաշտոնապես) դուրս գալ, նշանակում է ՀԱՊԿ (փաստացի) չվերադառնալ։
Լուկաշենկոն շահագրգռված ենթակա է
«Հայաստանը նման ազդակներ է տալիս վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Մենք տեսանք նաև, որ վարչապետ Փաշինյանը զրուցել է [Բելառուսի ընդդիմության վտարանդի առաջնորդ – խմբ․] Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ես մի քանի հանդիպում եմ ունեցել Հայաստանի՝ տարբեր երկրների դեսպանների հետ․ լարվածությունն արդեն զգացվում էր։ Հայաստանը հստակ դիրքորոշում է որդեգրել նաև Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու հարցով <․․․>։ Իրավիճակը հիմա իրոք լարված է։ Բայց պետք է հասկանալ, որ վերջին մեսիջներն ուղղված են ոչ միայն Լուկաշենկոյին, այլև Ռուսաստանին։ Եվ սա կարող է օրինակ դառնալ նաև մեր եվրոպացի գործընկերների համար։ Մենք ասում ենք ՝ գուցե արժի սկսել Լուկաշենկոյից, գուցե արժի ճնշում գործադրել և պատժել նախ նրան։ Դա ավելի հեշտ է իրագործել, եկեք իրատեսական մտածենք», – նշել է Պավել Լատուշկոն։
Ռուս-ուկարինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի ստեղծած միությունները, որոնք ընդգրկում են հետխորհրդային երկներին, նոր մարտահրավերների առաջ են կանգնած։ Բելառուսցի նախկին դիվանագետը կարծում է՝ դրանք հետզհետե խարխլվում են։
Ռուսական բիրժայում եվրոյով և դոլարով առուվաճառքը փաստացի արգելափակվել է արևմտյան վերջին պատժամիջոցների հետևանքով, և սա անշուշտ նոր տնտեսական խնդիրներ է ստեղծել ոչ միայն Ռուսաստանի, այլև այն երկրների համար, որոնք բորսաները կապված են ռուսական հետ։
Եթե այլ երկրներ խուսանավելու տեղեր կունենան, Բելառուսը՝ ի դեմս Լուկաշենկոյի, ըստ նրա, կմնա Ռուսաստանի ուղիղ ենթակայության տակ։ Նրա նախագահությունը պայմանավորված է Կրեմլով՝ հատկապես վերջին ընտրություններից հետո, երբ իշխանությունը զավթվեց բիրտ ուժով․ «Նա ամեն ինչ անելու է՝ Կրեմլին հնարավորինս լոյալ լինելու, լոյալ մնալու համար։ Նա հասկանում է, որ եթե չենթարկվի Կրեմլի հրահանգներին, Ռուսաստանը ունի իրեն հեռացնելու բոլոր հնարավորությունները»։
Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները, ըստ Լատուշկոյի, պայմանավորված են սովորական բիզնես շահերով․ «Ադրբեջանի հաշվին նա շատ ավելի շատ է վաստակելու, ֆինանսական և տնտեսական հսկայական շահ ունի զենքի և այլ արտադրանքի վաճառքից, սա ուղղակի բիզնես է, որի կողքով դաշնակցային հարաբերությունները ուղղակի կանցնեն»։