հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Վալենսիայում ջրհեղեղ է. կա 51 հաստատված զոհ

Վալենսիայում ջրհեղեղ է. կա 51 հաստատված զոհ

Հորդառատ անձրևների և կարկուտի հետևանքով իսպանական Վալենսիա շրջանում ջրհեղեղ է սկսվել։ Տեղական իշխանությունները հայտնում են առնվազն 51 հաստատված զոհերի մասին։ 

Մարզային կառավարության ղեկավար Կառլոս Մազոնը հայտարարել է, որ ջրհեղեղից տուժած հատվածներում փրկարարական գործողությունները շարունակվում են, դրանց մասնակցում են նաև ավելի քան հազար զինվորականներ։ Զոհերի ու վիրավորների հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ ավիրածություններ ու տուժածներ կան նաև Բալեարյան կղզիներում։

Հանրային TVE հեռուստաընկերության հետ զրույցում մունիցիպալիտետի ներկայացուցիչ Լետուր Միլագրոս Տոլոնը հայտնել է, որ դժվար հասանելի վայրերում որոնողական աշխատանքների համար օգտագործում են անօդաչու թռչող սարքեր։ Ոստիկանությունը հատուկ թեժ գիծ է թողարկել՝ անհետ կորածների մասին հաղորդագրությունների համար։

Իսպանական օդերևութաբանների տվյալներով, ընդհամենը 8 ժամվա ընթացքում Վալենսիայում 491մմ տեղումներ են գրանցվել։ Այդ ծավալը գրեթե հավասար է տարեկան նորմային։

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են շրջանառվում, որոնցում երևում է, թե ինչպես է ջրի ալիքը տանում ավտոմեքենաները, ինչպես է ավիրում կամուրջներն ու բնակելի տները։ Որոշ վիդեոներում մարդիկ ծառ են բարձրանում։

Դեպի Վալենսիա որոշ ավիաչվերթներ չեղարկվել կամ վերաուղղվել են այլ շրջաններ։ Երկաթուղային հաղորդակցությունը մարզում ամբողջությամբ դադարեցվել է։

Վալենսիայի քաղաքապետը հայտարարել է, որ այսօր դպրոցներում դասեր չեն լինի, քաղաքային այգիները փակ կլինեն։

Կլիմատոլոգների խոսքով, ջրհեղեղին նպաստել են մի շարք գործոններ։ Դրանցից առաջնահերթ ուշադրության արժանի է գլոբալ տաքացման հետևանքով մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացումը, ինչը կողմնակի այլ հանգամանքների հետ համատեղ մեծացնում է աղետների ռիսկերը։