Home / Բանտ / 15 տարվա ազատազրկում՝ հայերի հետ նամակագրության համար

15 տարվա ազատազրկում՝ հայերի հետ նամակագրության համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ակտիվիստ քաղաքագետ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ հայաստանցիների հետ նամակագրությունների և հակապատերազմական դիրքորոշման համար։  Իրավապահ մարմինների վարկածով Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորանտ Սամեդովը ադրբեջանական իշխանությունների մասին քննադատական հոդվածներ է գրել և թարգմանել հայկական հատուկ ծառայությունների պատվերով։ 

Բահրուզը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանները նշում են, որ մեղադրանքը հիմնվում է բացառապես երեք հայաստանցի կանանց հետ նամակագրությունների վրա։

«Այդ նամակներում «պետական դավաճանության» հանցակազմ պարունակող ոչինչ չկա։ Չկա որևէ բան, որը կարող է մեկնաբանվել որպես պետական կարևոր հարցով հանձնարարություն, որը Բահրուզը կատարել է», – պատմում է փաստաբան Սիբեյդա Սադիգովան։

Դատախազությունը հունիսի 19-ին Սամեդովի համար 16 տարի էր պահանջել։ Բահրուզի տատիկը՝ Սիբեյդա Օսմանովան, լրագրողներին հայտնել էր, որ ազատազրկման ժամկետի մասին իմանալուց հետո նա մեկուսարանում չոր հացադուլ է սկսել։ Հունիսի 21-ին ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել։

Պաշտպանող կողմը Սամեդովի նկատմամաբ հետապնդումը բացատրում է նրա հակապատերազմական դիրքորոշմամբ և ադրբեջանական իշխանությունների մասին քննադատական հոդվածներով, որոնք բազմիցս տպագրվել են միջազգային հրատարակչություններում։

Բահրուզ Սամեդովին ձերբակալել էին 2024 թվականի օգոստոսի 21-ին։ Այդ ժամանակ ակտիվիստն արդեն ապրում էր Պրահայում, Բաքու եկել էր ընտանիքին տեսակցելու նպատակով։

Ավելի քան կես տարի քննչական մեկուսարանում մնալուց հետո 2025-ի ապրիլին Սամեդովը բաց նամակով դիմել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդրում էր պաշտոնապես հաստատել, որ իրականում հայկական հատուկ ծառայությունների հետ ոչ մի համագործակցություն չի եղել։ Նամակին որևէ արձագանք այդպես էլ չի եղել։

Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն պետական դավաճանության համար նախատեսվում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։