Ընտրված գերիների մասին
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից երկու տասնամյակ առաջ Ուգո Չավեսն արդեն կանխատեսել էր այս սցենարը.
— Տարիներ առաջ մեկն ինձ ասաց. «Վերջում նրանք մեղադրելու են քեզ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, անձամբ քեզ, հենց քեզ՝ Չավես։ Ոչ թե որ ուղղակի կառավարությունն աջակցում կամ թույլատրում է դա՝ չէ՜, չէ՛։ Փորձելու են Նորյեգայի բանաձևը կիրառել հենց քո վրա»։ Նրանք փորձում են Չավեսին ուղիղ ասոցացնել թմրանյութերի շրջանառության հետ։ «Թմրանյութ ծախող նախագահի» դեմ հետո ամեն ինչ էլ կաշխատի, չէ՞։
Հունվարի 3-ի առավոտյան Թրամփը «Շնորհավոր Ամանոր» ուղերձ էր թվիթել։ ԱՄՆ-ն «լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային ու նրա ղեկավարին»։ Նախագահ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիան, «գերեվարվել և դուրս են հանվել երկրից»։ Թրամփն ասում էր, որ առաջիկա ժամերին ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան։ Մանրամասները շփոթեցնող էին։
Նույն օրը Կարակասից զանգեց հին ընկերս, ասում էր՝ արդեն որոշ ժամանակ գաղտնի բանակցություններ են ընթանում ռեժիմի ու ամերիկացիների միջև։ Ամերիկացիները պահանջել են Մադուրոյի գլուխը, բայց մերժում են ստացել․ ըստ New York Times-ի, Մադուրոյին առաջարկել են թոշակի գնալ և տեղափոխվել Թուրքիա, ինչից նա, ի պատիվ իրեն, հրաժարվել է։ Մադուրոն Վաշինգտոնին բանակցություններ էր առաջարկել նավթի և թմրանյութերի՝ ԱՄՆ ներկրման շուրջ։ Միևնույն ժամանակ նա միախմբում էր վենեսուելացիներին ընդդեմ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացման։
Թրամփի վարչակազմը փաստացի նախընտրել է բանակցել փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի և մյուսների հետ․ Վենեսուելայում առանցքային դեր են խաղում ՆԳն Դիոսդադո Կաբելլոն և Պն Վլադիմիր Պադրինոն։ Երկուսն էլ վայելում են մոտ 100 հազարանոց բանակի աջակցությունը, Կաբելլոն նաև ժողովրդական աշխարհազորային ուժերի հրամանատարն է, որոնք, ասում են, էլ ավելի մեծաթիվ են։ Մինչ Թրամփը վերջին ամիսներին ուժեղացնում էր իր սպառնալից արմադան, Մադուրոյի կառավարությունը արձագանքում էր՝ սպառազինելով բնակչության որոշ հատվածներին։
Հարցը, թե ով է հիմա կառավարելու Վենեսուելան, դարձել է վճռական։ Առաջին պատասխանը եկել է Թրամփից. «Մենք կղեկավարենք երկիրն այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի կազմակերպել [իշխանության] անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցում»։ Բայց Թրամփի վարչակազմը հայտնվել է փակուղում։ Թրամփի ՄԱԳԱ բազան կողմ չէ, որ ամերիկյան զորքն ուղարկվի այլ երկրներում սպանվելու. սա Աֆղանստանի և Իրաքի հարցով Դեմոկրատների և հին Հանրապետականների դեմ նրա քարոզարշավի գլխավոր կետերից էր։ Նրանք Վենեսուելայում ԱՄՆ զորքեր չեն ուզում։ Միաժամանակ, ծայրահեղ աջ լատինո émigré ուլտրաները, որոնց ներկայացնում է Ռուբիոն, դժգոհ են, որ բոլիվարականները դեռ իշխում են Կարակասում։
Ինչ-որ պահի խոսակցություններ կային, որ Մարկո Ռուբիոն կարող է նշանակվել դե ֆակտո նահանգապետ կամ հյուպատոս, որը հրամաններ է տալիս վենեսուելական կառավարությանը։ Կարակասից ստացվող ուղերձները խառն էին։ Մադուրոյի գերեվարումից մեկ օր առաջ Կաբելլոն հայտարարել էր.
«Սա հարձակում է Վենեսուելայի դեմ։ Մենք մեր դիրքերում ենք։ Ժողովրդին կոչ ենք անում հանգիստ լինել ու վստահել ղեկավարությանը։ Ոչ մեկին թույլ մի տվեք հուսահատվել ու հեշտացնել ագրեսիվ թշնամու գործը»։
Ռոդրիգեսը, որին վենեսուելական Գերագույն դատարանը երեք ամսով հաստատել է նախագահի ժ/պ-ի պաշտոնում, պետական հեռուստատեսությամբ կոչ է արել ազատ արձակել Մադուրոյին։ The Atlantic-ին տված հարցազրույցում Թրամփը մեղադրել է նրան բավանաչափ ճկուն չլինելու մեջ՝ ասելով, թե նա խոստումներ է տվել, որոնք պիտի պահվեն, և սպառնալով. «Եթե չանի այն, ինչ ճիշտ է, շատ մեծ գին կվճարի՝ հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն»։ «Ռեժիմի փոփոխությունը (կամ անվանեք դա ոնց ուզեք) ավելի լավ է, քան այն, ինչ ունեք հիմա։ Ավելի վատ լինել չի կարող», — շարունակել է Թրամփը։
Թրամփի վարչակազմը կարծես թե ունակ չէ հասկանալու, որ անկախ նրանից, թե ինչ են մարդիկ մտածում Մադուրոյի մասին, շատ քիչ վենեսուելացիներ կան, որ կողջունեն Միացյալ Նահանգների՝ իրենց երկիր ներխուժումը։ Սա ավանդույթ է, որ սկսվել է դեռ Սիմոն Բոլիվարից․ նա ասում էր, որ Լատինական Ամերիկան պետք է զգուշանա հյուսիսում ծագող նոր կայսրությունից և դիմադրի իսպանական գերիշխանությունը ամերիկյանով փոխարինելու փորձերին։ Կիրակի օրվանից [հունվարի 4-ից] մի շարք քաղաքներում ցույցեր են Մադուրոյի ազատ արձակման պահանջով, ներառյալ ահռելի բողոքի ակցիան հենց Կարակասում։ Այս հիասթափությունը չի սահմանափակվում միայն ռեժիմին աջակցող բազայով։ Հունվարի 5-ին Մադուրոյի հայտնի ընդդիմախոս կաթոլիկ առաջնորդին BBC Radio 4-ը հարցրել էր. «Երևի դուք հիմա շատ ուրախ եք»։ «Ո՛չ, ուրախ չենք։ Մենք չենք սիրում, երբ մեր երկիրն օկուպացնում են, և վենեսուելացիների մեծամասնությունը չի ուզում, որ երկիրն օկուպացվի», — պատասխանել էր նա։
*
Ինչպես զգուշացրել էր Չավեսը, Թրամփը և Ռուբիոն փորձում են Մադուրոյին «նարկոահաբեկչություն» մեղսագրել՝ նույն տրամաբանությամբ, որով Իրաքում պայքարում էին զանգվածային ոչնչացման անտեսանելի զենքի դեմ։ «Մադուրոն Վենեսուելայի նախագահը ՉԷ», — անցյալ ամառ թվիթերում գրել էր Ռուբիոն․ — «Եվ նրա ռեժիմը օրինական կառավարություն ՉԷ։ Մադուրոն Կարտել դե Լոս Սոլեսի՝ երկիրը գրաված նարկոահաբեկչական կազմակերպության ղեկավարն է։ Եվ նա մեղադրվում է Միացյալ Նահանգներ թմրանյութեր ներկրելու մեջ»։
Ինչպես հայտնի է, Ռուբիոն ինքը՛ ծագում է հանրահայտ նարկո-ընտանիքից, որը Հարավային Ամերիկայով մեկ զբաղվում էր թմրանյութերի առքուվաճառքով։ Նրա ազգականները տարիներ շարունակ ներգրավված են եղել Միացյալ Նահանգներ կոկաինի մաքսանենգության մեջ։ Որպես պետքարտուղար՝ նա թմրավաճառներին տեղավորել է մայրցամաքի բոլոր ամերիկամետ կառավարություններում։ Ոմանք սպասելիորեն կարծում են, որ այս հարձակումը ուղղակի ռուբիոյական քայլ էր՝ պաշտպանելու Ամերիկայի կողմից հովանավորվող թմրավաճառներին աշխարհի այս հատվածում գործող ավելի ավտոնոմ դիլերներից։
Հեգնական է նաև այն, որ Դելտա ուժերը՝ ԱՄՆ պետահաբեկչական հատուկ ստորաբաժանումը, որն առևանգել է Վենեսուելայի նախագահին, համարվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ցանց Միացյալ Նահանգների ներսում։ Հետաքննող լրագրող Սեթ Հարփի գրքում՝ «Ֆորտ Բրեգ կարտել. թմրանյութերի թրաֆիքինգ և սպանություններ հատուկ նշանակության ուժերում» (The Fort Bragg Cartel: Drug Trafficking and Murder in the Special Forces; 2025) փաստագրված են սպանությունների և թմրանյութերի վաճառքի դեպքերը, որոնք արձանագրվել են Ֆեյեթվիլից (Հյուսիսային Կարոլինա) դուրս գտնվող ամերիկյան ռազմաբազայում և դրա շրջակայքում։ Հարփի գիրքը հայտնվել էր New York Times-ի բեսթսելլերների ցանկում, և գրախոսները մեծ մասամբ ընդունել են նրա եզրակացությունները։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի այս հանցավոր գործողությունն իրականացվել է ԱՄՆ սեփական նարկոկարտելի կողմից։ Այստեղ ամոթի զգացում կամ նման բաներ չկան։ Նրանք անում են դա՝ ենթադրելով, որ մարդիկ կընդունեն ամեն ինչ և այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է մատնանշել որոշ հաջողություններ։
Այժմ ունենք գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին, որը թվիթում է այսպես կոչված մեղադրական եզրակացությունները, որոնցից մի քիչ խելագարության հոտ է գալիս.
— Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային շրջանում։ Նիկոլաս Մադուրոն մեղադրվում է նարկոահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման դավադրության, ապօրինի կերպով գնդացիրներ և ավերիչ սարքեր պահելու, գնդացիրներն ու ավերիչ սարքերը Միացյալ Նահանգների դեմ կիրառելու դավադրության մեջ։
Միացյալ Նահանգներում ոչ մի նորմալ իրավաբան չի կարող սա լուրջ ընդունել։ Պարզապես ֆարս է։ Գործող նախագահին, ում դուք հենց նոր առևանգել եք՝ ռմբակոծելով նրա մայրաքաղաքը, մեղադրում եք զենք «պահելու դավադրության» մեջ։ Բոնդին փորձում է դատավարարությունը վերածել շոուի․ դա կարող է այնքան հեշտ չլինել, որքան նա կարծում է։ Անկասկած, ԱՄՆ լավագույն իրավաբաններից մի քանիսը կստանձնեն Մադուրոյի պաշտպանությունը։ Սա ցույց է տալիս, որ Թրամփի երկրորդ կաբինետում նշանակումները մեծամասամբ արվել են հավատարմության, այլ ոչ թե կոմպետենտության հիմքով, նշանակվել են մարդիկ, որոնք կասկածի տակ չեն դնի նախագահին կամ նրա խելահեղ գաղափարները․ դա պարզ է նաև Vanity Fair-ում հրապարակված հարցազրույցից Թրամփի աշխատակազմի ղեկավարի հետ։ Երկրում չկա որևէ լուրջ ընդդիմություն, որն ի վիճակի կլիներ գոնե պաշտպանել Կոնգրեսի հեղինակությունը, և դա վկայում է ամերիկյան բուրժուական ժողովրդավարության հաստատությունների ներքին քայքայման մասին։
Շատերը — ինչպես և ինքը՝ Չավեսը — նկատում են, որ սա հենց Նորյեգայի սցենարն է։ Բայց ինչ թույլ կողմեր էլ Մադուրոն չունենա, մի կարևոր իմաստով նա չի կարող համեմատվել Նորյեգայի հետ։ Պանամայի պարագլուխը սկսած 1950-ականներից և ընդհուպ մինչև Վաշինգտոնից խռովելը արդյունավետորեն աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչության (CIA-ի) վրա՝ զենք մատակարարելով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող աջական խմբավորումներին։ Նա խոշտանգումների դասընթացներ է անցել տխրահռչակ Ամերիկաների դպրոցում (School of the Americas), որտեղ անթիվ անհամար ռեկետիրներ և թմրաշրջանառությունից ստացված փողերը լվացողներ առաջին անգամ փորձառել են այն, ինչ հետո պահանջվելու էր իրենցից։ ԱՄՆ-ն նրա հետ ծայրահեղ վատ է վարվել, չնայած այն ամենին, ինչ նա արել է իրենց համար։ Հենց նա սկսեց մի երկու բան մտածել ազգային ինքնիշխանության մասին, Ջորջ Հ. Ու. Բուշի կառավարությունը զայրացավ և որոշեց դուրս վռնդել նրան։ Այդ գործողությունը ուղեկցվեց ԱՄՆ ռազմական ներխուժմամբ․ Դելտա-SEAL համատեղ ջոկատը դուրս բերեց նրան պալատից ու հանձնեց ԱՄՆ մարշալներին, կեղծ դատավարությունից հետո Նորյեգային բանտարկեցին։
Բայց կա մեկ այլ նախադեպ, որի մասին չպետք է մոռանալ. Ժան-Բերտրան Արիստիդը, որը Հայիթիի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում վաղ 1990-ականներին և հետո՝ 2001-ից մինչև 2004-ի պաշտոնանկությունը։ Սկզբում Արիստիդը չափավոր էր, հետո համարձակվեց ասել, որ Ֆրանսիան պետք է վճարի Հայիթիին, որը 1791-1804-ի Հայիթիի հեղափոխությունից հետո ստիպված է եղել հսկայական փոխհատուցումներ վճարել իր նախկին գաղութատիրոջը զուտ սրտկությունը վերացնելու հանցանքի համար։ Արիստիդը այսօրվա փողով հաշված ընդամենը 21 միլիարդ դոլար էր ուզել։ Փարիզն անհանգստացել էր, որ սա կարող է նախադեպ ստեղծել ալժիրյան պահանջների համար։ 2004-ի փետրվարին Ֆրանսիայի և Հայիթիի պաշտոնյաները ԱՄՆ հետ համագործակցությամբ ստիպեցին Արիստիդին հեռանալ երկրից։
Այստեղ կա մի հետաքրքիր ծանոթագրություն։ 2004-ի գարնանը, երբ ընթանում էր ֆրանկո-ամերիկյան այս օպերացիան, կոնֆերանսի էի մասնակցում Կարակասում։ Արիստիդի առանգման հաջորդ օրը ես ասացի Չավեսին. «Ինչո՞ւ նրան քաղապաստան չառաջարկեցիք»։ Նա ասաց. «Ահավոր նեղված եմ։ Ինքը փորձում էր զանգել ինձ, բայց մենք զբաղված էին այս համաժողովով։ Երբ հաղորդագրությունը ստացա, արդեն ուշ էր, նրան արդեն ուղարկել էին Հարավային Աֆրիկա։ Զղջում եմ»։ Ես ասացի, որ շուտով գնալու եմ Յոհաննեսբուրգ՝ դասախոսության։ Չավեսը պատասխանեց. «Խնդրում եմ, փորձիր հանդիպել նրա հետ, ասա, որ իրեն այստեղ սպասում են։ Նա պետք է վերադառնա իր տարածաշրջան ու պայքարի այս ավազակների դեմ»։ Ես իրոք փոխանցեցի դա։ Բայց կարծում եմ՝ Պրետորիայի հետ պայմանավորվածության համաձայն, նա պետք է պահվեր Հարավաֆրիկյան Հանրապետությունում մինչև Միացյալ Նահագները թույլ տար, որ վերադառնա Հայիթի։
Մադուրոն վերջինն է երկար շարքում։
Նրա դեմ հարձակումները հիշեցնում են Չավեսի դեմ կազմակերպված արշավը, երբ Արևմտյան մեդիան ներկայացնում էր նրան որպես բռնապետ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա համազգեստ էր հագնում։ Բայց Չավեսը ծայրահեղ պոպուլյար էր և հաղթում էր ընտրությունները մեկը մյուսի հետևից։ Ծոցի երկրներ կամ Սաուդիան Արաբիա հասնելու կարիք էլ չկար՝ բոլոր առումներով անհամեմատ ավելի վատ օրինակներ գտնելու համար։ Չավեսի արմատական դեմոկրատական սահմանադրությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում հանրաքվեով նախագահի հետկանչման իրավունքը, դատապարտվում էր աջ ընդդիմության կողմից, թեև հետագայում նրանք հետկանչման հենց այդ մեխանիզմն էին փորձում կիրառել Չավեսի դեմ։ Ես Կարակասում էի, երբ Ջիմմի Քարթերն այցելեց Վենեսուելա՝ ընտրությունները դիտարկելու։ Նա ապշած էր․ քաղաքի արևելյան ծառաշատ արվարձաններից մեկում, որտեղ բուրժուազիան է ապրում, տեղական ընդդիմությունը բռնացրել էր նրան ռեստորան մտնելիս և սկսել անպատվել։ Դրանից հետո նա ասաց. «Երբեք ոչ մի տեղ այսպիսի ընդդիմություն չեմ տեսել»։ Հարցին՝ «քո կարծիքով ինչպե՞ս անցան ընտրությունները», նա պատասխանեց, որ որևէ երկրում նման արդար քվեարկություն չի տեսել՝ ակնհայտորեն ներառելով նաև Միացյալ Նահանգները։
Չավեսը միշտ պնդում էր, որ Բոլիվարական հեղափոխությունը պետք է լինի ժողովրդավարական փորձառություն․ այդպես էլ կար։ Շատերը, այդ թվում և ես, քննարկել ենք այս հարցը նրա հետ։ Երբ հրապարակվեցին 2004-ի հանրաքվեի առաջին արդյունքները, ես հարցրեցի Չավեսին. «Compañero, ի՞նչ ենք անելու, եթե պարտվենք»։ Ասաց. «Ի՞նչ ես անում, եթե պարտվում ես․ լքում ես նստավայրը և շարունակում պայքարը դրսից՝ բացատրելով, թե ինչու են իրենք սխալ»։ Նա շատ հստակ էր զգում սա։ Խեղկատակություն է չավիստներին ի սկզբանե հակաժողովրդավարական լինելու մեջ մեղադրելը։ Չավեսի պաշտոնավարման ընթացքում ընդդիմադիր թերթերն ու հեռուստակայանները անդադար պրոպագանդա էին հեռարձակում՝ հարձակվելով ռեժիմի վրա. մի բան, որ երբեք չէիր տեսնի Բրիտանիայում կամ Միացյալ Նահանգներում։ Երբ մարդիկ Չավեսին ասում էին՝ «պետք է խիստ միջոցների դիմել», նա պատասպանում էր՝ «ոչ, մենք նրանց դեմ պայքարում ենք քաղաքականապես»։
2013-ից ռեժիմը աստիճանաբար սկսեց քայքայվել ներսից։ Եթե Մադուրոն իսկապես հաղթել է 2024-ի ընտրություններում, նա չի կարողացել հաղթանակի որևէ ապացույց ներկայացնել Լուլայի հարցմանն ի պատասխան։ Կասկած չկա, որ տնտեսական առումով էլ բոլիվարիստները սխալ ուղղությամբ էին շարժվում, նույնիսկ Չավեսի օրոք։ Երբ առաջատար Քայնսյան տնտեսագետները, ներառյալ Դին Բեյքերը, Մարկ Վայզբրոթը և Ժոզեֆ Շտիգլիցը, այնտեղ էին, նրանց առաջարկություններին ուղղակի չհետևեցին։ Գուցե այդ փուլում ավելի լավ կլիներ, եթե շրջվեին դեպի Չինաստանը։ Ամեն դեպքում, իրական տնտեսական վատթարացումն ամերիկյան պաշարման հետևանք էր։ Նավթի վաճառքի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թրամփի կողմից 2017-18 թվականներին և պահպանվել Բայդենի օրոք, փաստացիորեն հանգեցրեցին շուրջ 7 միլիոն մարդու արտագաղթի․ վենեսուելացի փախստականները հասան Մայամի, Կոլոմբիա և Լատինական Ամերիկայի այլ երկրներ։ Վաշինգտոնը գիտեր՝ ինչ է անում։
Վենեսուելայի զինված ուժերի աջակցությունն էլ իր գինն ուներ։ 2002 թվականին Չավեսի դեմ հեղաշրջման փորձից հետո ես ասացի նրան. «Սա ձեզ համար շանս է սկսելու բանակի լայնածավալ վերակառուցումը»։ Նա պատասխանեց. «Դա հեշտ բան չէ։ Մենք ազատվում ենք բոլոր այն ավագ գեներալներից, որոնք գիտեին իմ դեմ հեղաշրջման փորձի մասին կամ ներգրավված էին դրանում»։ Ես ասացի. «Անկեղծ ասած, դա մեծահոգություն է ձեր կողմից․ եթե նման հեղաշրջման փորձ արվեր ԱՄՆ ընտրված կառավարության դեմ, մեծ հավանականությամբ գլխավոր գեներալը դավաճանության համար կդատապարտվեր մահապատժի, իսկ մյուս գեներալները տարիներով կհայտնվեին բանտում։ Դուք շատ մեղմ եք վարվել, նրանցից ոմանց թույլ եք տվել ուղղակի հեռանալ»։ Նա պատասխանեց. «Գարշահոտությունից պետք է ազատվել»։ Այն ժամանակ ինձ թվաց, որ դա թուլություն է։
Այնուամենայնիվ, երկար ժամանակ բոլիվարական ռեժիմը համադրում էր ռադիկալ ժողովրդավարությունը, ընդգրկուն սոցիալական աջակցությունը, գրագիտության ծրագրերն ու ինտերնացիոնալիստական արտաքին քաղաքականությունը։ Դա էր համախումբը։ Կուբայի ներդրումը շատ կարևոր էր՝ misiones-ը ու մնացածը։ Բայց կուբացիները ժողովրդավարության մասին դասեր տալու չունեին, ավաղ։ Տնտեսական պաշարման խստացմանը զուգընթաց՝ Կարակասը հրաժարվեց գրեթե բոլոր չավիստական բարեփոխումներից՝ 2019 թվականից անցնելով դոլարիզացիայի և խստամբերության քաղաքականության։ Արտաքին քաղաքականության առումով, սակայն, նրանք այդ նույն ճանապարհով չգնացին։ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով բավականին կրճատել էին Կուբա մատակարարվող նավթի ծավալները, բայց և չէին լքել Հավանան։ Նրանք պահպանել են նաև կոշտ դիրքորոշումը Գազայի և Միջին Արևելքի հարցում, ինչն ակնհայտորեն նյարդայնացնում է ամերիկացիներին։ Վաշինգտոնը հստակ ցույց է տվել՝ իրենք ուզում են Ռուբիո-Թրամփ կառավարություն, որն ամբողջությամբ՝ հարյուր տոկոսով, իրենցն է լինելու։
*
Պաշտոնական մակարդակում միջազգային արձագանքը կանխատեսելիորեն զուսպ էր։ Իհարկե, Չինաստանը, Ռուսաստանը և շատ այլ ուժեր դատապարտեցին ԱՄՆ ռազմական հարձակումն ու առևանգումը, կոչ արեցին անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և Ֆլորեսին։ Որոշ տատանումներից հետո եվրոպացիները համախմբվեցին իրենց հովանավորի շուրջ, թեև ավելի անվճռական, քան այն ժամանակ, երբ աջակցում էին Իսրայելի ցեղասպանությանը Գազայում։ Մակրոնը սկզբում հայտարարություն տարածեց՝ կոչ անելով վենեսուելացիներին «ուրախանալ» Մադուրոյի առևանգման կապակցությամբ, ապա վերանայեց իր մտքերը և հրապարակեց մեկ այլ հայտարարություն՝ նշելով, որ Ֆրանսիան «ոչ աջակցում է, ոչ էլ հավանություն է տալիս» ԱՄՆ մեթոդներին, իսկ հետո, իրեն բնորոշ ձևով, հանդես եկավ երրորդ հայտարարությամբ, որի համաձայն իրենք սպասում են խաղաղ անցման դեպի Էդմունդո Գոնսալես Ուռուտիայի ղեկավարած Վենեսուելա։ Մերցը առևանգման իրավաչափությունը որակեց որպես «բարդ» հարց։ Սթարմերն էլ էր խուսափողական. մրմնջում էր «միջազգային իրավունքի» մասին՝ առանց Թրամփի հասցեին որևէ քննադատության։
Երկակի ստանդարտներին Եվրոպայի քաղաքացիներն արդեն սովոր են։ Մի կողմում Ռուսաստանն է, որի դեմ ԵՄ-ն պատժամիջոցների արդեն քսաներորդ փաթեթն է նախապատրաստում, մյուս կողմում՝ Իսրայելը, որը շարունակում է պահպանել իր արտոնյալ ազգի կարգավիճակը։ Հիմա էլ հայտնվել է երրորդ ստանդարտը՝ հարձակումը Վենեսուելայի վրա։ Համեմատության համար, The New York Times-ի դիրքորոշումը շատ ավելի շիտակ էր. նրանք այս գործողությունը որակել են որպես «նորօրյա իմպերիալիզմի» դրսևորում, «աշխարհում Ամերիկայի տեղը սահմանելու վտանգավոր և անօրինական մոտեցում»։ Թերթը մեջբերել է հանրապետական օրենսդիրներին, որոնք Կոնգրեսում դեմ են արտահայտվել Թրամփի կուրսին՝ սենատորներ Ռենդ Փոլին և Լիզա Մուրկովսկուն, ներկայացուցիչների պալատի անդամներ Թոմաս Մասիին և Դոն Բեյքոնին։
Հետագա մոբիլիզացիա կարող է լինել հենց Միացյալն Նահանգներում ևս։ Նյու Յորքի նոր քաղաքապետ Զոհրան Մամդանին միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա դատապարտել է որպես պատերազմական գործողություն, և արդեն բողոքի ցույցեր են եղել ԱՄՆ ութ քաղաքներում։ Բոլիվարական Հանրապետության հետ համերաշխությունը կարևոր է։ Նժարին ոչ միայն Վենեսուելայի, այլև Կուբայի հեղափոխության ապագան է՝ առաջին և, ավաղ, վերջին սոցիալիստական հեղափոխությունը Ամերիկաներում։ Կուբան երկար տարիներ մաշեցվել և պաշարվել է Միացյալ Նահանգների կողմից՝ ձախողված ներխուժում Պլայա Ժիրոնում, անվերջ պատժամիջոցներ, անվերջ հարձակումներ, անվերջ ստեր։ Առանց Վենեսուելական նավթի, որը բոլիվարիստների իշխանության գալուց ի վեր մատակարարվում էր անվճար, Կուբայի ապագան իրոք վախենալու է։ Եվ եթե ԱՄՆ-ն հաջողության հասնի Վենեսուելան «մաքրելու» գործում, ապա Կուբան հանգիստ կարող է հաջորդը լինել։
Թեև դա կարող է ավելի բարդ բան լինել, քան ակնկալվում է։ Կարակասում բողոքի ցույցերը պիտի նախազգուշացում դառնան Թրամփի վարչակազմի համար։ Վերջին մի քանի օրերին Ռոդրիգեսը հերթագայում էր ռազմատենչ ճառերի, տեղի ունեցածի քննադատության և ամերիկացիներին հանգստացնող ազդակների միջև։ Թրամփը հայտարարում է. «Մեզ հետաքրքիր չէ, թե ինչ է նա ասում, մեզ հետաքրքիր է, թե ինչ է նա անում»։ Թրամփը ճիշտ է։ Շատ բան կախված է լինելու ոչ այնքան Ռոդրիգեսից, քանի որ նա պարզապես ֆիգուր է, որքան Վենեսուելայի բանակից, որն իսկապես կարևոր է։
Թրամփի վարչակազմը կարող է կանգնել լուրջ դիլեմայի առաջ։ Բոլիվարիստները դեռ վերահսկում են վենեսուելական զինված և կիսառազմական ուժերը, դատարանները, նավթային արդյունաբերությունը և վարչական բյուրոկրատիայի բոլոր մակարդակները։ Էմոցիաները պիկի վրա են, ինչպես երևում է Վենեսուելայի Ազգային ժողովին փոխանցված՝ Մադուրոյի որդու ուղերձից։ Ռոդրիգեսի կառավարությունը բանակցությունների մեջ է՝ գիտենք։ Բայց եթե Թրամփն ու Ռուբիոն չափազանց մեծացնեն ճնշումը, հաշվի առնելով համընդհանուր թշնամանքը ԱՄՆ հարձակման նկատմամբ՝ Կարակասը կարող է ստիպված լինել ցուցաբերել որոշակի դիմադրություն։ Եթե Ռոդրիգեսը և նրա թիմը ինչ-որ պահի հրաժարվեն խաղալ խաղի կանոններով, Թրամփը գուցե և անտեսի դա, բայց Ռուբիոյի ճամբարը՝ ոչ։ Այդ փուլում տրամաբանությունը, ըստ որի Կարակասում խամաճիկ կառավարություն է հաստատվել, կարող է ճաքեր տալ և վերածվել «լավ, նրանք դավաճաններ են, ուստի եկեք գնանք ու բռնենք նաև նրանց» գծին, որից հետո հանգիստ կարող են նաև ցամաքային գործողություններ սկսվել։ Սա շատ արագ կբերի խառնաշփոթի։ Նաև լուրջ լարվածություն կարող է ստեղծել հենց Թրամփի ճամբարում, քանի որ սա այն բաներից մեկն է, որը նա բազմիցս խոստացել էր չանել։
2005-ի իր ելույթում Չավեսն ասում էր.
— Ֆիդելը մի անգամ ասաց ինձ. «Չա՛վես, եթե դա տեղի ունենա իմ կամ քո հետ, եթե նրանք հարձակվեն մեր վրա, վերջին բանը, որ մենք պետք է անենք, մեզ Սադամի պես պահելն է՝ գնալ և թաքնվել ինչ-որ մի փոսում։ Դու պետք է զոհվես կռվի մեջ, մարտի առաջնագծում»։ Այդպես էլ կանեմ. եթե պիտի մեռնեմ, թող մեռնեմ առաջնագժում՝ իր երկիրը սիրող վենեսուելացու արժանապատվությամբ։
Դեռ ոչինչ որոշված չէ։
անգլերեն բնագիրը՝ NLR
Epress.am Լուրեր Հայաստանից