Բռնելով բելառուսցիներին՝ Հայաստանը միանում է խոշտանգումներին․ 4 դեպք
Տարեսկզբից Հայաստանում Բելառուսի առնվազն 4 քաղաքացու են ձերբակալել։ Նախնական տվյալներով՝ չորսն էլ մեղադրվում են զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ ԱՊՀ տարածքում նրանց նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված։
Կալանավորված երիտասարդներին պահում են Վանաձորի բանտում: Իրավապաշտպանները ահազանգում են՝ հետապնդումը քաղաքական աստառ ունի։ Տղաները լքել են Բելառուսը 2020 թվականի հակակառավարական ցույցերից հետո և հայտնվել «հանցագործի» կարգավիճակում։ Պաշտպանները պահանջում են մերժել արտահանձնման միջնորդությունները՝ հիմնավորմամբ, որ հայրենիքում ընդդիմադիր ակտիվիստների կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Նրանցից առնվազն մեկը, նախքան Բելառուսից փախչելը, ձերբակալվել էր և խոշտանգումների ենթարկվել ոստիկանական բաժնում։
Յարոսլավ Նովիկով
Առաջինը, ըստ Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի, ձերբակալել են Յարոսլավ Նովիկովին։ Անցած տարվա ամռանը Բելառուսի Քննչական կոմիտեն նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել «դասալքության» հոդվածով, սեպտեմբերին ԱՊՀ-ում հետախուզում է հայտարարվել։
Փետրվարի սկզբին երիտասարդը Վրաստանից եկել է Հայաստան և ձերբակալվել անմիջապես սահմանին։ Իջևանի դատարանը փետրվարի 5-ին նրան 40-օրյա կալանքի տակ է առել, մարտի 7-ին կալանքը երկարաձգվել է երկու ամսով։ Գլխավոր դատախազությունն այդ ընթացքում Բելառուսից արտահանձնման պահանջ է ստացել։ Նովիկովը Վանաձորի բանտում է։
տե՛ս Հայաստանը կատարում է բելառուս քննիչի պատվերը․ արտահանձնել չի կարելի
Յարոսլավը, ըստ փաստաբանի, նախկինում մի անգամ տարկետում է ստացել։ 2023-ին Բելառուսում զինծառայության հետ կապված օրենսդրական փոփոխություններ են արվել, և տարկետման իրավունքը բազմաթիվ հիվանդությունների գծով վերացվել է։ «Տարկետում ունեցող շատ երիտասարդներ դարձել են զինվորական ծառայության ենթակա և, գտնվելով արտերկրում, ակամայից դարձել են «հանցագործ»», - Epress.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը։ 2020 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո Բելառուսում համաժողովրդական շարժում սկսվեց՝ երկրի տարբեր քաղաքներում մասսայական բողոքի ցույցեր էին և գործադուլներ։ Շարժումը ճնշվեց ուժով։ Կային զոհեր, բազմաթիվ վիրավորներ։ Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ճաղերի հետևում, հազարավորները ձերբակալվեցին և խոշտանգվեցին։ Փողոցային շարժումը ճնշելուց հետո երկրում քաղաքական հետապնդումների նոր ալիք բարձրացավ։ Ընդդիմադիր առաջնորդներից, իրավապաշտպաններից, ակտիվիստներից և ցույցերի մասնակիցներից շատերը ստիպված եղան լքել երկիրը։ Վտարանդության մեջ հայտնվածների նկատմամբ քրեական գործեր էին կարվում ամենատարբեր հոդվածներով։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ներկայացուցիչ, իրավապաշտպան Անի Չատինյանը վստահ է՝ զինապարտ երիտասարդների նկատմամբ հետապնդումները հարկավոր է դիտարկել նաև այս կոնտեքստում։ «Խոսքը մի պետության մասին է, որը դուրս է Եվրոպական կոնվենցիայի տիրույթից, որը որևէ կերպ հաշվետու չէ և որտեղ մարդիկ, ինչպիսին Յարոսլավն է, ենթակա են հետապնդման», – ասել է Արայիկ Պապիկյանը։ Նովիկովին կալանավորելու որոշումը, որը կայացվել է Բելառուսում, ըստ փաստաբանի՝ ինքնին ապօրինի է․ «Բելառուսական կողմը հայկական կողմին պատշաճ փաստաթղթեր չի ներկայացրել։ Այն է՝ խափանման միջոց կալանքը երիտասարդի նկատմամբ ընտրել է ոչ թե իրավասու արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը, ինչպես նշված է Քիշնևի կոնվենցիայում, որի 77 հոդվածին հղում անելով բելառուսները ուզում են ստանալ նրան, այլ քննիչը։ Այն նույն քննիչը, որը քրեական գործ է հարուցել, մեղադրանք առաջադրել և հետագայում հետախուզում հայտարարել։ Դատարանից խնդրեցի առնվազն այս հիմքով, քանի որ կալանքի մասին օրինական որոշում չկա, փակել թեման և ազատ արձակել իմ պաշտպանյալին»։ Հայաստանյան դատարանը փաստաբանի այս բողոքը մերժել է։ Հետագայում Պապիկյանը բողոքարկել է նաև երկամսյա կալանավորումը։ Որոշում դեռ չկա։ Յարոսլավը այս ընթացքում քաղաքական ապաստան է հայցել Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում էր, որ Միգրացիոն ծառայության աշխատակիցներն այսօր հարցազրույց կանեն նրա հետ։ «Ապաստանի հայցին աջակցող մի շարք նամակներ ենք ստացել, դրանք ներկայացրել ենք Միգրացիոն ծառայությանը։ Երեկ, օրինակ, աջակցող նամակ է տրամադրել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որի մեջ հարյուրից ավել ՀԿ-ներ են մտնում։ Աջակցող նամակ ենք ստացել նաև Ժողովրդավարական Բելառուս առաքելությունից, որի մեջ մտնում են գրեթե բոլոր բելառուսական իրավապաշտպան կազմակերպությունները։ Աջակցության նամակ է ուղարկել նաև Բելառուսի վտարանդի ընդդիմության առաջնորդի՝ Տիխանովսկայայի օֆիսը», - ասել է փաստաբանը։
Յարոսլավ Նովիկովը/ լուսանկարը՝ սոցցանցերից
Մաքսիմ Վայտկյավիչուս/ լուսանկարն Epress.am-ին տրամադրել է փաստաբան Անի Չատինյանը