«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները, սպառելով ներպետական ատյանները, բողոք են ուղարկում Եվրոպական դատարան։
Նաիրիտցիները պահանջում են չեղյալ ճանաչել պարտադրված «ստրկացուցիչ» պայմանագրերը, որոնց միջոցով «Նաիրիտ 2» գործարանն իրենց զրկել է 18 ամիս աշխատավարձը ուշացնելու համար գործատուից տույժ ու տուգանքներ պահանջելու իրավունքից։
Աշխատավորներին «Նաիրիտ 2» գործարանի ղեկավարությունը պարտադրել է ստորագրել տույժերից հրաժարվելու մասին թղթերը, և դա եղել է նախապայման՝ աշխատավարձի մայր գումարը ստանալու համար։ Քանի որ 18 ամիս աշխատավարձ չստանալով՝ նաիրիտցիները հայտնվել էին ֆինանսական ծանր վիճակում, նրանք ստիպված են եղել գնալ այդ քայլին։
Ինչպես Epress.am-ին ասել է նաիրիտցիների պաշտպան Տիգրան Սարգսյանը՝ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է, որ ստրկացուցիչ գործարքները անվավեր են։ Ստրկացուցիչ են այն գործարքները, երբ մի կողմը մյուս կողմի համար ակնհայտ անբարենպաստ պայմաններ է ստեղծում, և մարդը գնում է ակնհայտ իր շահերի դեմ: Այս պայմանագրերը վիճարկում են 188 աշխատակից՝ չորս առանձին դատական գործերով։ Առաջին 18 հայցվորները այժմ դիմում են Եվրոպական դատարան՝ պնդելով, որ Հայաստանի դատարանը խախտել է իրենց արդար դատաքննության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված):
«Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանն առանց հայցվորներին` նաիրիտցիներին, տեղյակ պահելու դատական նիստ է անցկացրել և վճիռ կայացրել նրանց դեմ։ Մինչդեռ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատավորը դատավարության ավարտ հայտարարելուց առաջ պետք է կողմերին դիմի առ այն՝ արդյոք նրանք ունեն նոր նյութեր ներկայացնելու կարիք։ Անգամ եթե դատավորը գնում է խորհրդակցական սենյակ, դատավարությունը կարող է վերսկսվել, եթե կողմերից մեկը միջնորդում է։ Նաիրա Հովսեփյանը գնացել է խորհրդակցական սենյակ և վճիռ կայացրել՝ առանց անգամ վճռի օրվա մասին 18 հայցվորներից որևէ մեկին ծանուցելու։ Մենք դիմել ենք վերաքննիչ, դատավճիռը նույնն է թողնվել։ Հունվարին էլ ստացանք պատասխան Վճռաբեկ դատարանից, որ մեր բողոքը վարույթ չի ընդունվել», – Epress.am-ին ասել է փաստաբան Տիգրան Սարգսյանը։