ԱՄՆ Պետքարտուղարության՝ հունիսի 10-ին հրապարակված «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց»-ում անդրադարձ է կատարվում Հայաստանում կրոնական փոքրամասնությունների խնդիրներին և մի շարք այլ հարցեր են բարձրացվում։
Հայաստանյան կրոնական փոքրամասնությունները նշում էին, որ շարունակել են բախվել ատելության խոսքին ու իրենց համայնքների բացասական կերպարի խնդրին, հատկապես՝ սոցիալական ցանցերում։ Ըստ դիտորդների՝ սոցիալական հարթակներում հայտնվել են հակահրեական գրառումներ, որոնք որոշ դեպքերում զուգորդված են եղել ծաղրանկարներով, որտեղ հրեաները վիրավորական կերպով են ներկայացվել։
Նոյեմբերին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականի կողմից ՀԱԵ կայքում մի հոդված հրապարակվեց, որտեղ նա խոսում էր Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու (Հիսուս Քրիստոսի եկեղեցու), Եհովայի վկաների, Յոթերորդ օրվա ադվենտիստների, հիսունականների ու բողոքականների և մյուսների մասին՝ որպես «աղանդների»։ Նա նշել էր․ «աղանդավորական կազմակերպությունները վնասում են մեր ազգին` բաժանումներ ստեղծելով ժողովրդի մեջ, հեռացնելով նրանց Սուրբ եկեղեցուց և մեր նախնիների իրական հավատքից»։ Հասարակության և ընտանիքի կողմից եկող ճնշումները էթնիկ հայերի համար շարունակում էին մնալ նշանակալի հետ պահող գործոն ՀԱԵ-ից զատ այլ կրոնի դավանելու հարցում։
Մայիսին անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալներով, բնակչության 94 տոկոսը հայ-առաքելական են, 4 տոկոսը՝ այլ, 1 տոկոսը՝ կրոն չունեցող, իսկ կաթոլիկների մասին առանձին հիշատակում չկա։
2011թ․ մարդահամարի տվյալներով երկրում բնակվում են ավելի քան 35.000 եզդի, չնայած վերջին շրջանի որոշ գնահատումներով այս թիվը կազմում է շուրջ 50.000 հոգի։ Նշվում է նաև, որ մահմեդականները հիմնականում շիաներ են, այդ թվում՝ իրանցիներ և ժամանակավոր կացություն ունեցող անձինք Միջին Արևելքից, և բնակվում են Երևանում:
Զեկույցի երկրորդ՝ իրավական դաշտին վերաբերող հատվածում, մասնավորապես, ասվում է, որ օրենքն արգելում է ոստիկանության, ԱԱԾ-ի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական համակարգի և փրկարարական ծառայության աշխատակիցներին լինել կրոնական կազմակերպության անդամ, սակայն օրենքը չի սահմանում, թե ինչ է նշանակում «անդամակցությունը» կրոնական կազմակերպությանը:
Օրենքն արգելում է ոստիկանության, զինված ուժերի և ԱԱԾ ծառայողներին, ինչպես նաև դատախազության աշխատակիցներին, մաքսային ծառայողներին, դիվանագետներին և այլ պետական, համայնքային ու քաղաքացիական ծառայողներին օգտագործել իրենց ծառայողական դիրքը «կրոնական միավորումների» շահերի համար կամ նրանց օգտին քարոզչության համար:
Թեպետ օրենքը սահմանում է «կրոնական կազմակերպությունը» որպես հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում, սակայն «կրոնական միավորման» սահմանում չի տրվում:
Զինծառայողը Հայաստանում իրավունք չունի ստեղծել կրոնական միավորումներ, իսկ եթե նա հանդիսանում է կրոնական միավորման անդամ, ապա իրավունք չունի զինվորական ծառայության ընթացքում և ծառայակիցների շրջանում իրականացնել քարոզչական գործունեություն: Մինչդեռ, Պաշտպանության նախարարության և ՀԱԵ-ի համատեղ պայմանավորվածությամբ ՀԱԵ հոգևորականները կարող են ծառայել որպես զինվորական քահանա։
Օրենքը ՀԱԵ-ին հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման վայրերում ազատ մուտքի ու մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք է վերապահում, մինչդեռ մյուս կրոնական խմբերը կարող են ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն տվյալ հաստատության ղեկավարից թույլտվություն ստանալու դեպքում:
Օրենքը սահմանում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, և նշում, որ «կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Թեպետ հանրային և մասնավոր դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը կատարվում է դպրոցի ընտրությամբ, սակայն եթե դպրոցն ընտրում է այդ առարկան, ապա տվյալ դպրոցի բոլոր աշակերտների համար այն դառնում է պարտադիր առարկա 5-11-րդ դասարաններում. չկա աշակերտին կամ նրա ծնողին առարկայից հրաժարվելու հնարավորություն տվող դրույթ:
ՀԱԵ-ն իրավունք ունի մասնակցել առարկայի ուսումնական ծրագրերի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Թեպետ եկեղեցին կարող է առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել, սակայն Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչները հանդիսանում են պետական աշխատողներ: Օրենքը ՀԱԵ-ին իրավունք է շնորհում կազմակերպել կրոնական ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում:
Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամների համար կրոնական ուսուցում իրականացնել իրենց պատկանող հաստատություններում, սակայն ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում:
ՀԱԵ-ի հետ առնչություն չունեցող որոշ կրոնական խմբեր կրկին փաստում էին, որ որևէ առարկություն չունեն հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդման վերաբերյալ, չնայած որոշներն առարկություններ ունեին աղոթքների ու խաչակնքվելու վերաբերյալ, որոնք ըստ հաղորդումների տեղի էին ունենում այս առարկայի դասաժամերին և նշում էին, որ ցանկանում են տեսնել ՀԱԵ-ից զատ այլ կրոնական խմբերի ավելի ճշգրիտ նկարագրեր:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ կապված մտահոգության տեղիք են տալիս հետևյալ երևույթները․ դասերի ընթացքում ծիսակարգերի կամ կրոնական ծեսերի անցկացում, քարոզչություն և ատելության սերմանում ՀԱԵ-ից զատ այլ կոնական կազմակերպությունների նկատմամբ, ազգային ու կրոնական ինքնության նույնացում, այլ կարծիքների նկատմամբ անհանդուրժողականության սերմանում, ստեղծարար ու քննադատական մտածողության խոչընդոտների ստեղծում։
Ըստ որոշ փոքրամասնական կրոնական խմբերի՝ ՀԱԵ-ից զատ այլ կրոնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականություն, այդ թվում նաև՝ փոքրամասնական կրոնների նկատմամբ վիրավորանքներ, տեղ են գտել նաև բուհերում։
Մյուսներից կային հաղորդումներ այն մասին, որ հանրային հատվածում աշխատանք փնտրող իրենց անդամների հանդեպ դրսևորվում էր խտրականություն։ Հանրային ծառայության մեջ գտնվող կամ իրավապահ մարմիններում աշխատող որոշ անհատներ նշում էին, որ խուսափում են իրենց կրոնական պատկանելության մասին հայտնել աշխատավայրում և մասնակցել եկեղեցական ծիսակարգերի, քանի որ վախենում են կորցնել իրենց աշխատանքը։
Թեպետ երկրից դուրս գտնվող հոգևոր կենտրոններից կրոնական կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելն արգելող իրավական դրույթի կիրառման մեխանիզմ չկար, սակայն մի շարք կրոնական կազմակերպություններ փաստել են, որ հարգել են այդ արգելող դրույթը և սահմանափակել իրենց գործունեությունը, քանի որ չեն ցանկացել խախտել օրենքը։
Ըստ մի շարք փոքրամասնական կրոնական խմբերի, մասնավոր լրատվամիջոցների բացասական պատկերները և ատելության խոսքը շարունակում էին մնալ իրենց համայնքների առջև ծառացած ամենադժվար խնդիրներից: Որոշ խմբեր զեկուցել են մասնավոր հեռարձակող լրատվամիջոցների կողմից իրենց միջոցառումների լուսաբանումն ապահովելու դժվարությունների և խմբագիրների դժկամության մասին հարցազրույց վերցնել ՀԱԵ-ից բացի այլ կրոնական խմբերի ղեկավարներից՝ իրենց հայացքների և գործունեության մասին: Մեկ այլ կրոնական փոքրամասնական խումբ հայտնում էր, որ իրենց անդամների համար հավատքը ազատորեն կիրառելու ամենազգալի խոչընդոտը հասարակական և ընտանեկան ճնշումներն էին։
Զեկույցի հեղինակները տեղեկացնում են՝ նշված ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանը և դեսպանության մյուս ներկայացուցիչները շարունակել են պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում խթանել կրոնական հանդուրժողականությունն ու միջդավանական երկխոսությունը, գրում են զեկույցի հեղինակները։
Դեսպանության պաշտոնյաները պարբերաբար հանդիպել են ՀԱԵ-ի ու կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում ավետարանական քրիստոնյաների և այլ բողոքականների, Եհովայի վկաների, Հիսուս Քրիստոսի եկեղեցու հետևորդների, եզդիների, հրեական համայնքի, առաքելական ասորիների, հիսունականների, բահայիների, ինչպես նաև անհատ մահմեդականների հետ: Այս հանդիպումներում դեսպանատան պաշտոնյաները և կրոնական խմբերի ներկայացուցիչները քննարկել են կրոնի ազատության մասով երկրում տիրող իրավիճակը, այդ թվում փոքրամասնական կրոնական խմբերին մտահոգող հարցերը: Նրանք նաև հանդիպել են քաղաքացիական հասարակության խմբերի հետ՝ քննարկելու նրանց մտահոգությունները կապված հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության դասավանդման հետ, ինչպես նաև կրոնական ազատության նկատմամբ հարգանքի կարևորությունը երկրում։
զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ