Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ, 69 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն։
Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք՝ ԱԺ այսօրվա նիստին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՊՆ-ում, թե՛ ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն», – ընգծել է Գրիգորյանը։
Փաստացի՝ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հանվելու են այն ծառայությունները, որոնք ԱԱԾ-ի բուն գործառույթների մեջ չեն մտնում, և դրանով «թեթևացվելու է ԱԱԾ-ի բեռը»: Արդյունքում՝ ԱԱԾ-ին մնալու է սահմանադրական կարգի պահպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը և այդ ծառայության բուն գործառույթները։
ԱՀԾ-ն գործելու է վարչապետի ենթակայության ներքո։ Այս մասով Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «աշխարհում հետախուզական մեթոդները, բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Ուստի այս առումով մենք որոշում ենք կայացրել ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»։
Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ընգծել է, որ ԱՀԾ-ի նպատակներից մեկը Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ ինֆորմացիա հայթայթելն է, այդ ինֆորմացիաների հիման վրա անվտանգության միջավայրի վերաբերյալ վերլուծություն կատարելը ու վարչապետին տեղեկատվություն տրամադրելը։
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե արդյոք ԱՀԾ-ն խիստ զինվորական ծառայություն է համարվելու, թե՞ ավելի շատ քաղաքացիական, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Կարելի է ասել, որ ծառայությունը լինելու է հիբրիդ․ այսինքն և՛ զինվորական ծառայություն է լինելու և՛ ծառայության այլ տեսակներ»։
Գրիգորյանը հիշեցրել է, որ հետխորհրդային գրեթե բոլոր երկրները անցել են այս ճանապարհը և տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ չունի առանձին հետախուզական ծառայություն։
«Խորհրդային միության տարիներին այսպես կոչված ԿԳԲ-ի կազմում է եղել այս ծառայությունը, և հետագայում պետությունների մի մասը առանձնացրել են այս ծառայությունն ու հավելյալ ստատուս տվել», – ասել է նա։
Նախագծի մասին
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով ղարաբաղյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով:
Նախագծի հեղինակները, ծառայության անհրաժեշտությունը հիմնավորում են 3 կետով․
— հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացմամբ,
— դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացմամբ,
— տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ Հետախուզական Հանրության բնականոն ստեղծման հրամայականներով:
Ծառայության գործունեության նպատակներն են՝
— վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը,
— ՀՀ անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նույն քաղաքականության իրականացման ապահովումը,
— ՀՀ արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական և ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը,
— արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև ՀՀ անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը:
ԱՀԾ ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառել: