Home / Կրթություն / Նախարարն առաջարկում է ուսման վճարի հարցը լուծել փոխադարձ վստահության սկզբունքով

Նախարարն առաջարկում է ուսման վճարի հարցը լուծել փոխադարձ վստահության սկզբունքով

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների խնդրանքին։ Նա նշել է, որ քիչ առաջ գրություն է ուղարկել ռեկտորներին, ինչպես նաև խնդրել վճարել վարձը՝ նման հնարավորության առկայության դեպքում։

Ուսանողները, հրավիրելով նաև այլ պաշտոնատար անձանց ուշադրությունը, հայտարարություն են տարածել՝ խնդրելով երկարաձգել ուսման վարձավճարի մարման ժամկետը․

– Երկրում արտակարգ դրութան և դրա հետևանքով ստեղծված պայմաններից ելնելով, խնդրում ենք օրենքով նախատեսված կարգով լուծում տալ ուսանողության շրջանում ծագած հետևյալ խնդրին. համաձայն ԵՊՀ ռեկտորատի որոշման՝ ս.թ. ապրիլի 7-ից նախատեսվում է անցկացնել քննություններ՝ առցանց կարգով, որոնց մասնակցելու իրավունք է տրվելու միայն այն ուսանողներին, որոնց կողմից մինչև նշված ամսաթիվը կկատարվի ուսման վարձավճարի մարում: Առկա ֆորսմաժորային իրավիճակում ոչ բոլոր քաղաքացիներն են ի վիճակի ծավալել աշխատանքային գործունեություն և զրկված են վարձատրման հնարավորությունից, հետևաբար չեն կարող իրականացնել մի շարք վճարային պարտավորություններ, որոնց մեջ մտնում է նաև ուսման վարձավճարի մարումը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս հարցին և երկարաձգել ուսման վարձավճարների մարման վերջնաժամկետը:

Ֆեյսբուքի ուղիղ եթերում նախարար Հարությունյանը տեղեկացրել է, որ քիչ առաջ ԲՈՒՀ-երի ռեկտորներին գրություն է ուղարկել, որում, մասնավորապես, առաջարկել է նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց, արտակարգ դրության ավարտից հետո ուսման վարձի վճարման ժամանակացույց սահմանել, միաժամանակ այն ուսանողներին, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն ուսման վարձն առցանց վճարել, տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

– Էստեղ մի շատ կարևոր բայց կա․ ես ուզում եմ խնդրել և հորդորել ուսանողներին, սա որպես հիմք չընդունել, և բոլոր նրանք, ովքեր ունեն հնարավորություն այս պահին վճարումներ կատարել, կատարեն այդ վճարումները։ Որովհետև, ըստ էության, ԲՈՒՀ-երի մեծ մասի դեպքում դա շատ լուրջ ֆինանսական ներհոսք է, ըստ էության, նրանք աշխառավարձերն էդտեղից են վճարում։

Մենք կորոնավիրուսի կանխարգելման փուլում և արտակարգ դրության պայմաններում անում ենք այնպիսի գործողություններ, որ համակարգերը չփլուզվեն, այսինքն՝ մեկս մյուսին աջակցելով, պետությունը՝ հիմնարկներին, հասարակությանը, հասարակությունն՝ այլ հիմնարկներին, փոխադարձ վստահության ու օգնության պայմաններում մեկս մյուսին աջակցենք։ ԲՈՒՀ-ական համակարգը ևս համակարգ է։

Հորդորել եմ ռեկտորներին մինչև ամսի 14-ը չվճարելու պատճառով չզրկել ուսանողներին դասապրոցեսին մասնակցելու հնարավորությունից կամ դուրս չթողնել, բայց նաև ապրիլի 14-ից հետո ժամանակացույց սահմանել, որ վճարները կատարվեն։ Միաժամանակ, բոլոր նրանց, ովքեր հիմա վճարելու հնարավորություն ունեն, վճարները կատարեն․ նախ, դա ձեզ վրա հետո չի կուտակվի և ավելի մեծ գումար չի լինի, երկրորդը՝ դուք կօգնեք, որ ԲՈՒՀ-երը՝ որպես համակարգ, շարունակեն գործել և ապահովել իրենց կենսագործունեությունը, օրինակ, ձեր դասախոսներին աշխատավարձեր վճարեն։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158161526633501/?__tn__=%2CdlC-R&eid=ARCBG5YUU-sNbhJgqiQH74Rzfzq601CxCGqtLKkq_0WbjQtuv-Zx-e327YN-Pf2z0aXmAWIkeiRCJQxf&hc_ref=ARRHo9GQLgA4ZK8hga7VvqKAB0y_GW9CVB_iai-lKIwynfAKJ0P7dU1i1Q647-6kJ-Y