Ադրբեջանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 7,876 դեպք, որից 4,377-ն ապաքինվել է, 93-ը՝ մահացել։
Ադրբեջանի իշխանությունները որոշ շրջաններում կարանտինային ռեժիմի սահմանափակումները խստացնելու որոշում են կայացրել։ Կառավարության որոշմամբ, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ափշերոնի թերակղզում հունիսի 6-ի կեսգիշերից մինչև հունիսի 8-ի առավոտյան 06։00-ն խիստ կարանտին էր։ Այս որոշումը կայացվել էր վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճից հետո։
Կառավարությունը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում խիստ կարանտինի ռեժիմ կսահմանվի նաև այլ շրջաններում։ Վառչապետ Ալի Ասադովի խոսքով կարանտինային նախկին միջոցները երկրի ամբողջ տարածքում կգործեն նվազագույնը մինչև հունիսի 15։
Սահմանները շարունակում են փակ մնալ։ Փոքր խմբերով երբեմն ընդունում են Ռուսաստանում և հարևան այլ երկրներում մնացած իրենց քաղաքացիներին։
Վրաստանում մինչև այս պահը հաստատվել է կորոնավիրուսով վարակման 818 դեպք, որից 686-ն ապաքինվել է, 13-ը՝ մահացել։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, հունիսի 8-ից Վրաստանում աշխատանքը վերսկսում են բոլոր տեսակի ռեստորաններն ու սրճարանները՝ սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ։
Բացվում են նաև հյուրանոցները, որոնք Առողջապահության նախարարության ստուգումների արդյունքում թույլտվություն են ստացել։
Տարադարամի փոխանակման կետերը ևս կաշխատեն։
Սահմանները կբացվեն կորոնավիրուսային «կանաչ գոտի» համարվող երկրների համար՝ վերջին 48 ժամում թեստի բացասական պատասխան ունեցող քաղաքացիների համար։ Հայաստանցիների մուտքը Վրաստան դեռևս արգելվում է։
Թուրքիայում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 171,121 դեպք, որից 141,380-ն ապաքինվել է, 4,711-ը՝ մահացել։
Հունիսի մեկից Թուրքիայում սահմանված կարանտինային ռեժիմը մեղմացվել է։ Ռեստորանները, թանգարանները, գրադարաններն ու շուկաները վերսկսել են աշխատանքը։ Այցելուներից պահանջվում է դիմակ գրել ու պահպանել սոցիալական հեռավորություն։
Ռուսաստանում մինչև այս պահը հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485,253 դեպք, որից 242,397-ն ապաքինվել է, 6,142-ը՝ մահացել։ Որոշ հետազոտությունների համաձայն, այս թվերը չեն համապատասխանում իրականությանը։
Մոսկվայում և մյուս խոշոր քաղաքներում ինքնամեկուսացման ռեժիմը չեղարկվել է, սակայն գործատուներին հորդորում են հնարավորինս մեծ թվող աշխատողների թույլատրել աշխատել հեռահար։ Ռուսաստանը պատրաստվում է ներքին զբոսաշրջության վերականգնմանը, զգուշացնելով, որ գները շուրջ 30 տոկոսով կբարձրանան։
Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7,224,364 դեպք, որից 3,559,417֊ը բուժվել է, ևս 409,247-ը մահացել։