Ռուսաստանում ավարտվեցին մարզային տեղական ինքնակառավարման ընտրությունները։ Այս անգամ քվեարկությունը փաստացի շարունակվում էր երեք օր։ Արդյունքներն ավելի կանխատեսելի էին, քան երկու տարի առաջ, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածուները պարտություն էին կրել Ռուսաստանի չորս մարզերում։ Կրեմլի առաջադրած մարզպետի թեկնածուներն այս անգամ հաղթանակ են տարել բոլոր շրջաններում։ Քաղաքային դումաների ընտրություններում հաջողություն են գրանցել Ալեքսեյ Նավալնու «Խելացի քվեարկության» կողմից աջակցություն ստացած թեկնածուները։ Դիտորդական առաքելություն իրականացնող անհատներն ու կազմակերպություններն ահազանգում են զանգվածային ընտրախախտումների մասին։
«Խելացի քվեարկությունն» Ալեքսեյ Նավալնու ու նրա թիմի՝ ընտրություններին մասնակցելու նախագիծն է։ Կայքում գրանցվելուց և գրանցման փաստացի հասցեն նշելուց հետո, քաղաքացիները ստանում են այն ոչ իշխանական թեկնածուի անունը, ով ամենամեծ շանսերն ունի նույն տարածքից առաջադրված «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցչին հաղթելու համար։
Հիշեցնենք, որ 2019 թվականի քաղաքային ընտրությունների արդյունքում Մոսկվայի քաղաքային դումայի 45 պատգամավորներից 20-ը ներկայացնում էին համակարգային ընդդիմությունը։ Ընտրված բոլոր 20 ընդդիմադիր թեկնածուները «Խելացի քվեարկության» շրջանակներում ներկայացված ցանկից էին։
Այս տարի «Խելացի քվեարկությունն» աջակցում է 39 շրջաններից առաջադրված 1171 թեկնածուների։ Նախագածի արդյունքների մասին ավելի մանրամասն կհայտնեն ավելի ուշ։
Թունավորումից առաջ Ալեքսեյ Նավալնին այցելել էր Տոմսկ և Նովոսիբիրկ քաղաքներ։ Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, երկու քաղաքներում էլ Նավալնու շտաբի համակարգողներն ընտրվել են որպես քաղաքային դումայի պատգամավոր։
Տոմսկի շրջանի Նավալնու շտաբի համակարգող Քսենիա Ֆադեևան հաղթանական է տարել 9 ընտրատեղամասերից 7-ում։
https://twitter.com/ksushaaatom/status/1305172012554477575?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1305172012554477575%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759
Ալեքսեյ Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը նշում է, որ Ֆադեևան Նավալնու շտաբերի ցանցի առաջին համակարգողն է, ով ընտրվել է քաղաքային դումա․ «Հենց Տոմսկում են թունավորել Նավալնուն։ Սա լավագույն պատասխանն է շտաբի կողմից»։
https://twitter.com/IoannZH/status/1305194447957880832?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1305194447957880832%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759
Տոմսկի քաղաքային դումա է ընտրվել նաև Նավալնու շտաբից Անդրեյ Ֆատեևը՝ հավաքելով երկու անգամ ավելի շատ ձայներ, քան հակառակորդ եդինոռոս Սերգեյ Պանասյուկը։ Վերջինիս կոռուպցիոն գործունեության մասին է պատմում Նավալնու՝ Տոմսկում նկարահանված հետաքննական ֆիլմը։
Նովոսիբիրսկում ևս քաղաքային դումայի պատգամավոր է դարձել Նավալնու շտաբի համակարգող Սերգեյ Բոյկոն։
https://twitter.com/_sergey_boyko/status/1305243446261710848?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1305243446261710848%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759
Նախնական տվյալներով, Նովոսիբիրսկում «Միացյալ Ռուսաստանը» ստացել է քաղաքային դումայի մանդատների ոչ ավել, քան 35 տոկոսը։ Քաղաքային խորհրդում ներկայացված են պատգամավորներ Կոմունիստական, Ազատական֊ժողովրդավար, «Արդար Ռուսաստան», «Թոշակառուների կուսակցություն» և «Նոր մարդիկ» կուսակցություններից։
Օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնուն թունավորել էին Տոմսկ֊Մոսկվա թռիչքից առաջ։ Նավալնին Տոմսկ և Նովոսիբիրսկ քաղաքներ մեկնել էր նոր հետաքննության համար պատրաստվող ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցելու համար։ Ֆիլմերը պատմում են իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության տեղական առաջնորդների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաների մասին։
Տեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած անհատներն ու կազմակերպություններն ահազանգում են ակնհայտ զանգվածային ընտրախախտումների մասին։
Սիկտիվկարի քաղաքային դատարանի շենքի դիմաց անհայտ անձինք «զելյոնկա» են լցրել Կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու Վիկտոր Վորոբյովի վրա։ Այս մասին թեկնածուն գրել է ֆեյսբուքի իր էջում։
Վլադիմիրում «Արդար Ռուսաստան» կուսակցության դիտորդներին 18 ժամ առանց սննդի, ջրի ու կապ հաստատելու հնարավորության պահել են ոստիկանական բաժանմունքում, հայտնում է «Բաց մեդիաներ» կազմակերպությունը։ Ավելի ուշ դիտորդներին մեքենայով տեղափոխել են դեպի Մոսկվա և իջեցրել Վլադիմիրից 100կմ հեռավորության վրա գտնվող Պոկրով քաղաքի մոտակայքում։ «Ասել էին «եթե վերադառնաք՝ բոլորիդ ձվերը կկտրենք»։ Նման սպառնալիքներից հետո բոլոր դիտորդներս նախընտրել էին տուն վերադառնալ։ Ֆիզիկական բռնություն նրանց նկատմամբ չի գործադրվել», – պատմում է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Դենիս Նայդենովը։
Գրանցվել են լցոնումների, ցուցակների փոփոխման և այլ ընտրախախտումների տասնյակ դեպքեր։
https://twitter.com/_sergey_boyko/status/1305367324359352320?s=20
Անկախ ամենից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ այս ընտրություններում աննախադեպ փոքր թվող բողոքներ են ստացվել՝ 13 դիմում, որոնցից 7-ը ԿԸՀ֊ն անհիմն է համարել։ Պամֆիլովան նշել է, որ ընտրություններն անցել են «մրցակցային» և «առավելագույնս բաց»։
«Վեդոմոստիի» փոխանցմամբ, մարզերից և ոչ մեկում մարզպետի ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի առաջացել։ Փորձագետները հիշեցնում են, որ այս անգամ ընտրություններն անց են կացվել երեք օր շարունակ․ ընտրատեղամասերից ոմանք տեղակայված են եղել տնամերձ նսարանների մոտ ու մեքենաների բեռնախցիկներում, ինչն էլ հենց հնարավորություն է տվել իշխանություններին ստանալ անհրաժեշտ արդյունքը։ Բացի այդ, այդ տարի մարզպետի ընդդիմադիր թեկնածուների կազմն առավել թույլ էր։ Իրական մրցակցություն կար միայն երկու մարզերում՝ Իրկուտսկ և Արխանգելսկ, ինչն ավելի է հեշտացնում վարչական ռեսուրսների կենտրոնացումն ի օգուտ իշխանական թեկնածուների։